Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզվող դերասանների իրերը գողացել են

Ապրիլ 04,2017 18:01

Aravot.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել դերասաններից, որոնք աշխատում են Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի եւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոններում: Նրանք տեղեկացրին, որ ապրիլի 3-ին իրենցից գումար, հեռախոսներ եւ այլ իրեր են գողացել Orange Fitness պրեմիում ակումբի հանդերձարանից:

Մասնավորապես Aravot.am-հետ զրույցում դերասան Վարուժան Մանուկյանը (լուսանկարում) պատմեց, որ Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի եւ ռուսական թատրոնները հաճախակի ֆուտբոլային խաղեր են կազմակերպում, մի քսան օր առաջ էլ խաղացել էին Orange Fitness պրեմիում ակումբում:

«Այս անգամ խաղը երեկոյան 9-ին էր, ես որդուս հետ մի փոքր ուշացումով ներս մտա, տղաներն արդեն խաղում էին` մոտ 20 մարդ կար` փոխարինողներով հանդերձ: Երբ երեկոյան 10:30 կողմերը վերադարձանք հանդերձարան, պարզեցինք, որ տղայիս հեռախոսը չկա: Իհարկե, դարակներ կային փակովի, բայց դրանցից չենք օգտվել: Իմիջիայլոց, մեր դերասաններից Ավո Խալաթյանը, որը վարձակալության հարցերով էր զբաղվում, ադմինիստրատորից բանալի էր ուզել, 3 բանալի էին տվել, որից մեկն է աշխատել, իսկ հանդերձարանի ընդհանուր դռան բանալին հրաժարվել էին տրամադրել: Ստացվեց այնպես, որ միայն Ավիկն է իր հագուստները դրել դարակի մեջ եւ փակել: Նա գիտեր, որ 3-4 օր առաջ եւս մեկ գողություն է եղել: Ավիկը տղաներին զգուշացրել էր, որ գողություն է եղել, տղաների մի մասն իրենց հետ իրերը դահլիճ էին տարել»,-պատմեց: Վարուժան Մանուկյանը:

Նա նշեց, որ իրենից 10000 դրամ են գողացել, տարել են որդու Iphone-ը, Ռուսական թատրոնից Սաշա Գրիգորյանի ժամացույցը, 47000 դրամ, մի տղայի Iphone 5S-ը եւ 7000 դրամ:

Դերասանը նեղսրտել է, որ ակումբի տնօրինությունը իրենցով չի հետաքրքրվել. «Մի տղա եկավ ադմինիստրատիվ կազմից եւ ասաց, որ իրենք պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար, տնօրենն ընդհանրապես մեզ չմոտեցավ, ոստիկանությունից եկան, արձանագրություն կազմեցին: Մեզ փոխհատուցման առաջարկ չարվեց, գուցե նախկինում iPhone կամ iPad գողացել են, բայց այդ մարդիկ հարուստ են եղել ու խնդիր չունեն, մեր դեպքում 80-100 հազար աշխատավարձով աշխատող դերասան մարդիկ են, ինչպես կարելի է նման կերպ վարվել»:

Վարուժան Մանուկյանը նաեւ հավելեց, որ կատարվածի վերաբերյալ Ֆեյսբուքում գրառում էր կատարել իր կինը` Նարինե Ալեքսանյանը: Ինչպես ամուսինը պատմեց, ակումբի ֆեյսբուքյան էջից Նարինեին հորդորել են ջնջել գրառումը եւ առաջարկել դիմել ակումբի տարածքում գտնվող Incourt թենիս ակումբ:

Մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապվեցինք նաեւ Orange Fitness պրեմիում ակումբի հետ: Վերջինիս մարկետինգի բաժնից պատասխանեցին, որ իրավիճակը պարզելուց հետո ավելի ուշ հիմնավոր պատասխան կտան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930