Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու առաջնություն, տարբեր խնդիրներ

Ապրիլ 10,2017 13:00

Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերում ընթանում է
ծանրամարտի երկու պաշտոնական առաջնություն

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, իսկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում հարաբերություններն են պարզում մինչեւ 17 տարեկան ծանրորդները: Հայաստանի հավաքականները հանդես են գալիս երկու առաջնություններին էլ:

Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է նոր մրցակարգով: Առաջին նորամուծությունը կանանց պայքարում ավելացված նոր՝ 90 կգ քաշային կարգն է: Երկրորդը վերաբերում է հավասար արդյունք արձանագրվելուն: Եթե նախկինում այդ դեպքում առավելությունը տրվում էր ավելի թեթեւ անձնական քաշ ունեցող ծանրորդին, նոր կարգով նախապատվությունը առաջինն այդ ցուցանիշն արձանագրած մարզիկինն է:
Հայաստանը Եվրոպայի առաջնություն մեկնել է տղամարդկանց հավաքականի՝ վեց, կանանց՝ երեք մասնակցով: Երեկ մեր աղջիկներն ավարտեցին պայքարը: Ցավոք, 58 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք անգամ անհաջողության մատնվեց մեկնարկային 87 կիլոգրամում եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Ճիշտ է, նա մասնակցեց հրում վարժությանը եւ երկու մոտեցումով հաղթահարեց 101 եւ 106 կիլոգրամները, սակայն դա ավելի շատ սփոփանքի համար էր:
Մեր երկրորդ մասնակիցը մինչեւ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սոնա Պողոսյանն էր, որը վերջերս է սկսել լրջորեն ներգրավվել մեծահասակների պայքարում: Սոնան պոկում վարժությունում ցույց տվեց 101 կգ, հրումում՝ 126 կգ՝ արժանանալով փոքր արծաթի եւ երկամարտի 227 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի բրոնզե աստիճան:

Երեկ նոր՝ մինչեւ 90 կգ քաշային կարգում, Տաթեւ Հակոբյանը երկու բրոնզե մեդալ նվաճեց: Պոկում վարժությունում 21-ամյա մարզուհու 105 կիլոգրամը փոքր բրոնզի արժեք ունեցավ, որից հետո գլխավերեւում պահելով նաեւ 125 կգ կշռող ծանրաձողը՝ երկամարտի 230 կիլոգրամով նվաճեց նաեւ Եվրոպայի կանանց առաջնության բրոնզե մեդալ:
Տղամարդիկ Խորվաթիայում դեռեւս մեդալ չեն նվաճել: Մարզասերներին հետաքրքրում է, թե ինչու Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը այս անգամ հանդես եկավ «B» խմբում եւ 5-րդ տեղն զբաղեցրեց: Բանն այն է, որ Անդրանիկը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում ձեռքի ծանր վնասվածք ստանալուց հետո վիրահատվել է ու երկար ժամանակ բուժվում էր: Նա բոլորովին վերջերս է սկսել մարզվել: Այդ պատճառով մարզիչները նրան մինչեւ աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունը ծանրաձողը, մրցահարթակը եւ պայքարը կրկին զգալու նպատակով են ընդգրկել հավաքական: Եվ երկրորդ, 77 կգ քաշային կարգի մեր առաջատարը Սպլիտում առաջին անգամ մասնակցեց ավելի բարձր՝ 85 կգ քաշային կարգում: Եվ այդ քաշում էլ մնալու է:
Ինչ վերաբերում է տղամարդկանց մեդալներին, դրանք անպայման կլինեն, քանի որ մեր ծանր հրետանին՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը դեռ պայքարի մեջ չեն ներգրավվել:

Թաիլանդում հանդես է գալիս միայն պատանի տղաների հավաքականը, որի առջեւ դրված խնդիրները մի փոքր այլ են: Աշխարհի պատանիների առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են 2018 թվականի պատանիների օլիմպիական խաղերի ուղեգրեր: Յուրաքանչյուր երկրի համար սահմանված է առավելագույնը երկու վարկանիշ: Ավագ մարզիչ Էդուարդ Կիզողյանի խոսքերով, իրենց առջեւ դրված գլխավոր նպատակը առավելագույն ուղեգիր նվաճելն է, ինչի համար անհրաժեշտ է թիմային պայքարում տեղ զբաղեցնել առաջին յոթնյակում: Բնական է, որ Բանգկոկում պատանիները նույնպես պայքարում են հնարավորությունների սահմաններում բարձր, մրցանակային տեղեր գրավելու համար, որոնք հաշվարկային միավորներ են բերելու հավաքականին:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

08,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930