Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ուզում մենք լինենք ցիգանների՝ գնչուների նման ժողովուրդ, որը չունի հայրենիք». Փոստանջյան

Ապրիլ 24,2017 16:07

Զարուհի Փոստանջյանն ու «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պետք է պահանջատեր լինենք, Թուրքիայից պահանջենք մեր իրավունքների ճանաչում, պահանջենք բարոյական, նյութական, տարածքային փոխհատուցում:

Հարցին՝ առանց ռազմական գործողությունների, առանց պատերազմի դա ինչպե՞ս եք պատկերացնում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Սովետական միությունը երբ անկում ապրեց, երբ Բեռլինյան պատը քանդվեց, դա տեղի ունեցավ առանց ռազմական գործողությունների: Դա տեղի կունենա նաեւ Թուրքիայի հետ»:

Նա ասաց, որ ռազմական գործողությունների էլ պատրաստ պետք է լինենք: Ըստ տիկին Փոստանջյանի, ապրիլյան պատերազմին մեր երիտասարդ զինվորները պատրաստ էին, բայց պաշտոնյաները պատրաստ չէին, դրա համար տարածքների կորուստ կրեցինք:

Ամեն տարի ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ այրվում է Թուրքիայի դրոշը: Սրա հետ կապված սոցցանցերում քննադատության ալիք բարձրացավ, որ այդ լաթի կտորը վառելու քաղաքականությանը վերջ տանք եւ պետությունը հզորացնենք: Այս առնչությամբ մեր հարցին Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ Թուրքիայի դրոշը վառելն արդարացված է երիտասարդների կողմից. «Իրենք իրավունք ունեն իրենց բողոքն այդպես նույնպես հայտնել»:

Երեւանի ավագանու ընտրություններին «Երկիր Ծիրանին» գնում է «Դեպի Արարատ» կարգախոսով, որը որոշ մասնագետներ գտնում են, որ իրավաբանորեն սխալ ձեւակերպում է: Այդ մասին հարցին Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ոչ մի սխալ էլ չկա: Դա մեծ փիլիսոփայություն է. «Դա իր մեջ ներառում է մեր ազգահավաքը, հայրենիքի միասնությունը: Դեպի Արարատը միացյալ Հայաստանի պատգամն է, մեր բաժան-բաժան ժողովրդի միացումն է, որ այսօր աշխարհով սփռված է: Մենք բոլորս պետք է ձգտենք դեպի Արարատ, դա մեր ինքնության խորհրդանիշն է»:

Ըստ տիկին Փոստանջյանի, իր պապերը ճիշտ ընտրություն են արել, որ եկել են դեպի Արարատ. «Եթե նրանք այդ ընտրությունը չանեին, մենք այսքան երջանիկ չէինք լինի, որովհետեւ եթե դու չունես հայրենիք, չես կարող երջանիկ լինել: Դու կարող ես ապրել բարեկեցիկ կյանքով օտար երկրներում, բայց դու կարող ես երջանիկ լինել միայն, եթե ունես հայրենիք: Վերջիվերջո ես չեմ ուզում մենք լինենք ցիգանների՝ գնչուների նման ժողովուրդ, որը չունի հայրենիք: Մենք ունենք հայրենիք եւ պարտավոր ենք հայրենիքի համար ամեն ինչ անել, պայքարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930