Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում բանտարկված Իգլար Մամմադովն` անմխիթար բանտային պայմաններում

Ապրիլ 27,2017 21:21

«Ես և Իգլարն ընտանիք ենք կազմել 16 տարի առաջ: Այդքան տարի առաջ էլ Ադրբեջանը դարձավ ԵԽ անդամ: Այս ընթացքում ավելի քան քառորդ անգամ ես ստիպված եմ եղել իմ ամուսնուն այցելել բանտում: Ես ինքս ինձ չեմ հարցնում, թե ինչու եմ քաղաքական գործչի հետ ամուսնացել, բայց հարցնում են ԵԽԽՎ-ին` ինչո՞ւ Ադրբեջանին թույլ տրվեց մուտք գործել Եվրոպայի խորհուրդ»,-այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ  «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման առաջնորդ Իլգար Մամմադովի կինը` Վաֆա Մամմադովան:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում լիագումար նիստերից դուրս անցկացվող քննարկմանը տիկին Մամմադովան մտահոգություն հայտնեց, որ իր ամուսինն արդեն 4 տարի 3 ամիս է գտնվում է բանտում: Ըստ նրա` բոլորը` ԵԽ-ում, ՄԻԵԴ-ում և ԵԽԽՎ-ում անգամ ԵԽ գլխավոր քարտուղարը, Իգլար Մամմադովին ճանաչել են որպես քաղաքական բանտարկյալ:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ի ` Մամմադովի բողոքի վերաբերյալ որոշումներին` Վաֆա Մամմադովան հայտարարեց. «Առաջին որոշման մեջ պարզ կերպով գրված էր, որ իշխանությունները հետապնդում են Իգլարին քաղաքական դրդապատճառներով: Այս մոտիվները 2013-ին թվականից ի վեր չեն վերացել»:

Տիկին Մամմադովան հավաստիացրեց` իր ամուսինը գիտի, որ աջակցության է արժանանում ԵԽԽՎ  մի շարք պատվիրակությունների կողմից և անձամբ ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալ է:

Նշենք նաև, որ քննարկումը կազմակերպվել էր ԵԽԽՎ պատվիրակ Անն Բրասյորի կողմից:

Քննարկումից հետո Վաֆա Մամմադովայից հետաքրքրվեցինք` արդյոք բարելավվե՞լ են իր ամուսնու բանտային պայմանները, քանի որ մի քանի ամիս առաջ նա ապրում էր անբարենպաստ պայմաններում, որոնք համադրելի չէին նրա առողջության հետ: Տիկին Մամմադովան հրաժարվեց հարցազրույց տալ, նրան ուղեկցողները մերժումը պատճառաբանեցին այն հիմնավորմամբ, որ տիկին Մամմադովան, հայկական լրատվամիջոցի հարցազրույց տալով, կվտանգի իր անվտանգությունը:

Իգլար Մամմադովի ընկեր Էմին Հուսեյնովը Aravot,am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մամմադովի բանտային պայմանները շարունակում են մնալ անբարենպաստ: Փոխարենը սրվել է նրա հիվանդությունը. «Իգլարի օստեոխոնդրոզը սրվել ու զարգացել է: Բանտային պայմաններում չեն ապահովվում բժշկական ծառայությունները: Այնինչ նման հիվանդությունը պահանջում է ստացիոնար բուժում հատուկ պայմաններում: Նրան անհրաժեշտ է վերականգնողական բուժում, որը թույլ է տալիս արդյունավետ բուժում ապահովել քրեակատարողական հիմնարկում գտնվելու պարագայում»:

Էմին Հուսեյնովն ահազանգեց, որ բանտում նույնիսկ տարրական պայմաններ ապահովված չեն. «Չկա նույնիսկ մի թիկնակով աթոռ, որի վրա Իգլարը կարողանա նստել: Ասում են`ընդունված չէ նման աթոռը բանտում: Իսկ Իգլարն իր հիվանդության պատճառով չի կարող առանց թիկնակի աթոռի վրա նստել: Մի խոսքով, անձի վրա ճնշում են գործադրում նրա առողջությունը վնասելու միջոցով: Իգլար Մամմադովն ամենահայտնի ընդդիմադիրներից էր և ներկայիս իշխանությունների ամենասուր քննադատը»:

Էմին Հուսեյնովը նշեց, թե առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվել բաց թողնել Իգլար Մամմադովին. ամեն շաբաթ նախարարների կոմիտեն այդ հարցով քննարկում է կազմակերպում, ԵԽ գլխավոր քարտուղարն անձամբ է այդ հարցով զբաղվում. «Խնդիրն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում խնդիրը լուծելու համար: Հիմա Մամմադովն սպասում է ՄԻԵԴ-ի երկրորդ որոշմանը»:

Էմին Հուսեյնովը տեղեկացրեց, որ Մամմադովի կինն ու դուստրը երկու շաբաթը մեկ հնարավորություն ունեն նրան տեսակցելու, շաբաթական մեկ անգամ էլ զանգի իրավունք: Սակայն ընկերները, լրագրողներ և այլք նման իրավունք չունեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930