Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տարոն Մարգարյանն ընտրվի, ես դուրս եմ գալու ավագանիից». Վահան Համազասպյան

Մայիս 10,2017 18:11

«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու, տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը կարծում է, որ բացի Հայաստանի կառավարությունից, պետք է ստեղծել նաև Երևանի կառավարություն: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, եթե Տարոն Մարգարյանն ընտրվի քաղաքապետ, ինքը դուրս է գալու ավագանիից. «Տեսնելով մեր վարչապետի վարած քաղաքականությունը՝  ես ոչ մի ձևով չեմ կարողանում նրան ընկալել որպես հակաճգնաժամային կուրս վերցրած քաղաքական գործիչ»:

Պարոն Համազասպյանը ահազանգեց, որ բջջային կապի անտենաները վտանգում են մարդկանց առողջությունը և առաջարկեց ազատվել մեկ բջջային օպերատորից. «Երևանը չունի ռադիոճարտարապետություն, ով որտեղ կարողանում է, անտենա է տեղադրում` վտանգելով մարդկանց առողջությունը: Այսօր ամբողջ Երևանն օգտվում է բջջային կապից, որը բացի օգտակար լինելուց, նաև շատ վտանգավոր է մարդկանց առողջության համար, քանի որ բջջային կապն ապահովող անտենաները տեղադրված են բնակելի շենքերին շատ մոտ, ինչը մեծացնում է մարդկանց ճառագայթման վտանգը»:

Նա բազում օրինակներ բերեց, երբ անտենաների ճառագայթումների արդյունքում մարդիկ բազում հիվանդություններ են ձեռք բերել, անգամ գրանցվել են մահվան դեպքեր:

Երկրում գոյություն ունեցող բոլոր խնդիրների մեղավորը պարոն Համազասպյանը համարում է իշխող ՀՀԿ-ին, իսկ «Երկիր Ծիրանիի» շանսերը` դատելով հասարակության վերաբերմունքից` բարձր է գնահատում:

Գիտնականը հավաստիացրեց, որ կան խնդիրներ, որոնցից անգամ Տարոն Մարգարյանը տեղյակ չէ, չի էլ կարող պատկերացնել. «Գուցեև Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն էլ չկարողանան լուծել այդ խնդիրները, բայց գոնե պետք է փորձեն: Ամեն նոր քաղաքապետ, ով ընտրվում է և հասկանում` մարդիկ հասկանում են, որ ինքն ի վիճակի չէ նման խնդիր լուծել, ուղղակի նրան խցանի պես դուրս պետք է շպրտել, մինչև գա այն մարդը, որ կարողանա լուծել այդ խնդիրները»:

Պարոն Համազասպյանի կարծիքով` ոչ մի դրական տեղաշարժ չի գրանցվել Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք. «Կոռուպցիան զարգացավ, արդյունաբերությանը նպաստող ոչինչ չարվեց, իսկ եթե բակերում ինչ- որ խաղահրապարակներ են սարքել, իր հոր փողերով չի սարքվում, և վարչապետի տղա լինելը բավարար չէ լավ քաղաքապետ լինելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031