Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպես է ինքնուրույն «նավարկում» «Էպսիդոն» թատերախումբը (Ֆոտոշարք)

Մայիս 20,2017 14:00

Բոլոր նոր ստեղծվող թատրոններն ըստ էության եղել են էքսպերիմենտալ: Հայաստանյան իրականությունում 1970-ականների կեսերին առաջին էքսպերիմենտալ թատրոնը հիմնեց Հրաչյա Ղազարյանը, որը հետագայում հայտնի դարձավ Փոսի թատրոն անվամբ: Միառժամանակ անց երեւան եկավ Արմեն Մազմանյանի Էքսպերիմենտալ թատրոն-լաբորատորիան՝ ներկայիս «Գոյը» եւ այլն: Նման գործընթաց այսօր էլ կա:

Մասնագետների եւ թատերասերների շրջանում մի քանի տարի է, ինչ հոլովվում է «Էպսիդոն» թատերախմբի անունը, որի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Սարգսյանը (լուսանկարում): Վերջինիս ներկայացնելիս շատերը շեշտում են նրա համառությունն ու նպատակասլացությունը:

2008թ. ամերիկաբնակ սիրված դերասան ու ռեժիսոր Տաթեւիկ Ղափլանյանը «Առավոտի» հետ իր վերջին զրույցում նրա մասին գովեստով էր խոսել, որի «Իմ անուշ տղա» ներկայացման մեջ Ճուտոյի կերպարը մարմնավորել էր Արմեն Սարգսյանը: Վերջինիս հանդիպել ենք նաեւ գերմանաբնակ ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Զրոյից ցածր» կարճամետրաժ-էքսպերիմենտալ, հայ-թուրքական խաղարկային կարճամետրաժ «Ծիածան» (ռեժիսոր՝ Դերիա Դուրմազ), Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» լիամետրաժ ֆիլմերում, դրամատիկական թատրոնի որոշ ներկայացումներում:
Վերջերս «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակներում Արմեն Սարգսյանին հանդիպեցինք նաեւ Արսեն Ղազարյանի «Կարոտել եմ» մոնոդրամայում՝ հեղինակի ռեժիսուրայով:

Ինչ վերաբերում է «Էպսիդոն» թատերախմբին, հիմնադիրները երեքն են՝ Արմեն Սարգսյանը, դերասանուհի Լիաննա Ավետիսյանը եւ ռեժիսոր Արթուր Մակարյանը: Վերջինս ներկայումս սովորում է Կոլումբիայի համալսարանում: Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վաղուց է ունեցել թատերախումբ հիմնելու գաղափար, որտեղ կհամատեղվեն խոսքը, երգը, պլաստիկան: Մեր զրուցակցի նպատակն էր «ունենալ երիտասարդական խումբ- չգնալ պետական թատրոն, լինել անկախ»:


«Էպսիդոնում» արվեստագետի առաջին ռեժիսորական աշխատանքը Բլոկի «Բալանգանչիկ»-ն էր (2013թ.): Անցյալ տարի նա բեմադրեց Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Արթուր Ռեմբոյի «Մի եղանակ դժոխքում» մոնոներկայացումը, Դարիո Ֆոյի «Չստացված գողությունը», իսկ վերջին երկու ներկայացումներում Արմեն Սարգսյանին հանդիպեցինք նաեւ դերասանի «կարգավիճակով»:


Համառի ու նպատակասլացի համբավ ձեռք բերած արվեստագետը մեզ հետ զրույցում հատուկ շեշտեց. «Ջոն Շեֆիլդի «Մոռացված հողը» երաժշտական դրամայի բեմադրությանը (2012թ.) հրավիրած էր ավագ սերնդի անվանի դերասան Կարեն Ջանգիրովը եւ նրա հետ փորձերը դարձան իսկապես վարպետության դասեր»:
Ըստ մեր տեղեկությունների, պետական կարգավիճակ չունեցող թատերախումբը ժամանակին Երեւանում նույնիսկ նախաձեռնել եւ անցկացրել է վարպետության դաս: Այս կապակցությամբ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ «Էպսիդոնը» 2012թ. ամերիկացի ճանաչված արվեստագետ Ռիչարդ Նային հրավիրել է թատրոնի եւ շարժման վարպետության դասի, հետո արդեն՝ իտալացի Մարգիթ Մարտինուին: Հայտնեց նաեւ, թե ինքը արտասահմանում, այդ թվում՝ Բելառուսում եւ Մեծ Բրիտանիայում անվանի մեկ-երկու արտիստների արվեստանոցում մասնակցել է նման դասընթացների:

Զրույցի ընթացքում արվեստագետը ցանկություն հայտնեց Հայաստանում էլ, Բելառուսի օրինակով, հիմնել դպրոց՝ թատերարվեստի խորացված ուսուցմամբ: Ռեպլիկին՝ նման բան հնարավո՞ր է, Արմեն Սարգսյանը հակիրճ ասաց. «Ընդամենը ցանկություն է հարկավոր»:
Հավելենք, որ «Էպսիդոնը» գործունեություն է ծավալում արդեն 5 տարի, առանց հովանավորի: «Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ տարբեր նախագծեր իրականացնելիս մեզ ձեռք է մեկնել մշակույթի նախարարությունը»,- ասաց մեր զրուցակիցը: Հետո էլ հիշեց օրերս թատերարվեստի գործիչներին ուղղված նախարար Արմեն Ամիրյանի ելույթից հետեւյալ հատվածը` սովորեք ինքնուրույն նավարկել: Ասվածի ուղերձն այն է, որ որոշ խաղացանկային թատրոններում պրեմիերաները ներկայացվում են ընդամենը մեկ-երկու անգամ, մինչդեռ, բեմադրությանը տրամադրված գումարը մեկանգամյա «օգտագործան» համար չէ:


Արմեն Սարգսյանը զրույցի ավարտին անդրադարձավ «Էպսիդոնի» առաջիկա ծրագրերին: Օրինակ, իտալական «Terepia» թատերախմբի հետ համատեղ նախագծեր կիրականացվեն` ներառական ներկայացման ձեւաչափով:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Մի հայկական պիես կմեռնեն բեմադրեն: օտարամոլության պատճառով այդ թատերախմբի ներկայացումներին չենք գնա: Փոխանակ ամեն տարի մի հայ դրամատուրգի կողքին կանգնեն, նոր լավ անուններ բացահայտեն… Թե սպասում եք Ադրբեջանը հայ հեղինակի գործ բեմադրի:

    • ԷՊՍԻԴՈՆ says:

      ՀԱրգելի Մանիկ, շնորհակալ ենք, որ ուշադրության եք արժանացրել մեր թատերախմբին: Սակայն Ձեր խոսքից ակնհայտ է դառնում, որ իրոք մեր գոծունեության մասին ընդհանրապես տեղյակ չեք: Հուսամ ապագայում ավելի լավ ծանոթանալու հնարավորություն կունենաք, պարզապես նշեմ որ թատերախումբը բեմականացրել և բեմականացնում է նաև հայ հեղինակնների գործեր, մասնավորաես Նար-Դոսի <>, Կոստան Զարյանի <> ներկայացումը, որը նաև ներկայացվել է Իտալացի հանդիսատեսի դատին: Ինչպես նաև բազում վարպետության դասընթացներ հայ անվանի գործիչների հետ: Եվս մեկ անգամ շնորհակալություն…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031