Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին են Հայաստանի տնտեսական աճի սպասումները. «Հայոց Աշխարհ»

Մայիս 30,2017 13:14

Թեպետ տարեսկզբից Հայաստանի տնտեսությունն առանձնանում է բարձր ակտիվությամբ, այնուհանդերձ միջազգային ֆինանսական կազմակերպություններն առայժմ զգուշավոր են այս տարվա տնտեսական աճի սպասումների առումով։

2017թ. համար նրանց գնահատականները տատանվում են 2,5¬2,9 տոկոսի սահմաններում։ Հիշեցնենք, որ պետական բյուջեով ծրագրված է 3,2 տոկոս տնտեսական աճ, չնայած կառավարության սպասելիքներն ավելի լավատեսական են։

Այս տարվա համար տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումը ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ Դրա գնահատումներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը կավելանա 2,9 տոկոսով։

Որքան էլ տնտեսական գործընթացները 2017թ. սկզբին շատ ավելի ակտիվ են, այնուհանդերձ ԱՄՀ փորձագետները նախորդ կանխատեսման համեմատ հոռետես են դարձել։ Անցած տարվա վերջին հիմնադրամը Հայաստանի այս տարվա տնտեսական աճը գնահատում էր 3,4 տոկոս։

Սպասումների վատացումն անշուշտ դժվար է բացատրել զուտ տնտեսական գործոններով, նամանավանդ տարեսկզբին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրն ավելի բարենպաստ է։ Տարին առանձնանում է բարձր ակտիվությամբ։ Տարեսկզբի չորս ամիսների արդյունքներով, տնտեսական ակտիվությունը եղել է 5,7 տոկոս։

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ ավելի ցածր է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Ըստ ՀԲ փորձագետների, տարին կփակվի համախառն ներքին արդյունքի 2,7 տոկոս աճով։ Սպասումները փոքր¬ինչ ավելի լավատեսական են միջին ժամկետում՝ 3¬3,5 տոկոս։

Նման գնահատականի համար հիմք են ծառայել «տնտեսական քաղաքականության ներքին դաշտում եղած թերությունները եւ արտաքին միջավայրում պահպանվող անորոշությունները»։ Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի մասնագետները հակված են այն տեսակետին, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները կախված են առաջին հերթին ներդրումների եւ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու կառավարության քայլերից։

Այս ուղղություններով անշուշտ աշխատանքներ կատարվում են։ Ընթացիկ տարվա համար հայտարարվել է շուրջ 850 մլն դոլար ներդրումների մասին։ Որոշ ծրագրեր արդեն սկսվել են։

Մեկնարկել են աշխատանքները նաեւ կառուցվածքային բարեփոխումների ոլորտում, որոնցով կառավարությունը մտադիր է հիմք ստեղծել հետագա տնտեսական ակտիվության համար։ Սակայն թե ինչպիսին կլինեն առաջիկա զարգացումները, կպարզվի ավելի երկարաժամկետ հատվածում։

Ընթացիկ տարում ակնկալվող տնտեսական աճի վերաբերյալ մի փոքր ավելի համեստ են Եվրոբանկի գնահատականները։ Կանխատեսումներն այս դեպքում 2,5 տոկոսի սահմաններում են։ Ի տարբերություն Արժույթի միջազգային հիմնադրամի՝ նախորդ տարվա համեմատ Եվրոբանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի սպասումները։ 2016թ. նոյեմբերին այն գնահատվում էր 2 տոկոսի սահմաններում։

Երկու ֆինանսական կառույցների սպասումների տրամագծորեն հակառակ փոփոխությունն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ։ Սակայն դա պայմանավորված է նախորդ կանխատեսումների չհիմնավորվածությամբ։

 Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031