Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավարին

Մայիս 30,2017 19:22

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի ղեկավար Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին Մայր Աթոռ այցի առիթով: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Կաթոլիկ Եկեղեցու հետ Հայոց Եկեղեցու ունեցած ջերմ կապերին և գործակցությանը` դրա վառ վկայություն նկատելով Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետեր Հովհաննես Պողոս Բ և Ֆրանցիսկոս Ա պապերի այցերը Հայաստան և Ս. Էջմիածին:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նաև Վատիկանի Գաղտնի արխիվների և Առաքելական գրադարանի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերի ցուցադրման, հրապարակման և ուսումնասիրության համար գիտնականներին տրամադրման կապակցությամբ` ընդգծելով, որ դա կարևոր ներդրում է Վատիկանի կողմից Մեծ Եղեռնի համընդհանուր ճանաչման և դատապարտման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը հայտնեց պատվիրակության կազմում ընդգրկված Հռոմի Քահանայապետական արևելագիտության ինստիտուտի եկեղեցական իրավունքի ֆակուլտետի պրոֆեսոր Հայր Ժորժ Անրի Ռույսենին, ում ջանքերով հրապարակվել է Հայոց Ցեղասպանությանն առնչվող պատմական փաստաթղթերի բազմահատոր աշխատությունը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսեց նաև երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցության շրջանակներում Կաթոլիկ Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում Մայր Աթոռի միաբանների ուսումնառության մասին:

Իր հերթին Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսն իր ուրախությունն արտահայտեց Հայաստան այցի առիթով` ընդգծելով, որ դեռևս Ֆրանսիայում իր ծառայության շրջանից  սկսյալ բազում առիթներ է ունեցել ճանաչելու հայ ժողովրդին և ծանոթանալու նրա պատմությանն ու մշակույթին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի հոգևոր կրթա-դաստիարակչական առաքելությանը և հոգևորականների պատրաստությանը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջույնները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին` մաղթելով, որ Աստված միշտ զորեղ պահի Կաթոլիկ Եկեղեցուն, նրա սպասավորներին և հավատացյալներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Արխիվի ու թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Նույն օրը Մոնս. Ժան-Լուի Բրյուգեսը Գևորգյան հոգևոր ճեմարանում հանդես եկավ «Հայկական գանձերը Վատիկանի Գաղտնի արխիվներում և Առաքելական գրադարանում» թեմայով դասախոսությամբ:

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031