Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից փորձ է արվում կոտրել լրատվական դաշտը. Փաստաբան

Հունիս 06,2017 12:18

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանի դիտարկմամբ, տարին մեկ անգամ ինչ-որ մեկը փորձում է դատական կարգով ծնկի բերել լրատվամիջոցին:

Լեւոն Բաղդասարյանը, որը ներկայացնում է «Իրավունք», Tert.am, A1plus.am, 168.am լրատվամիջոցների շահերը դատարանում՝ այսօր «Ազդակ» ակումբում պատմեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել նշված լրատվամիջոցներին՝ իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար:

«2016 հոկտեմբերի 7-ին մի քաղաքացի մամլո ասուլիս է տալիս ու քննադատում նախկին վարչապետի որոշ գործառույթներ: Այս ասուլիսին ներկա են գտնվել մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ նաեւ «Իրավունք», Tert.am, A1plus.am, «168 ժամ» լրատվամիջոցները, որոնք բարեխիղճ լուսաբանել են, բայց նախկին վարչապետը որոշում է պատժել լրատվամիջոցներին՝ դիմելով դատական պաշտպանության՝ համարելով, որ լրատվամիջոցների կողմից ոտնահարվել է իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավը»,- ասաց պարոն Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, եթե լուր տարածելիս հղում է կատարել լրատվության աղբյուրին ու բառացի եւ բարեխիղճ մեջբերել նրա ասածները. «Տվյալ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից փորձ է արվում կոտրել լրատվական դաշտը, որ այն բացասականը, որ լրատվամիջոցները ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնյաների ապաշնորհ գործունեության կամ անգործության հետ կապված, այլեւս ձեռնպահ մնան հրապարակել ու հեռարձակել, նաեւ մամլո ասուլիսներին ժամանակ չլուսաբանեն կամ չհրապարակեն»:

Փաստաբանի կարծիքով, տեղի է ունենում հաշվեհարդարի փորձ դատական իշխանության միջոցով չորրորդ իշխանության նկատմամբ:

Նա նաեւ ասաց, որ դեռ նախնական նիստեր են տեղի ունենում, վերջնական հայցի առարկան դեռ հայտնի չէ. «Այստեղ խնդիրն այն է, որ նժարի մի կողմի վրա դրված է ազատ խոսք, ազատ մամուլ, մյուս կողմում՝ քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը: Ցավում եմ, որ մամուլը պասիվ է, որովհետեւ վաղը նույն ուղտը չոքելու է մյուս մամուլի դուռը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930