Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբագետ. «Լոնդոնում 23 հազար պոտենցիալ ջիհադական կա» (Տեսանյութ)

Հունիս 06,2017 12:42

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Եվրոպայում տիրող «ահաբեկչական մթնոլորտը» Մերձավոր Արեւելքի իրավիճակի արտացոլումն է: Այդ մասին արաբագետն ասաց այսօր` «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսում:

Իր կարծիքով, ժամանակի ընթացքում փոփոխությունների են ենթարկվել ահաբեկչության իրականացման ձեւերն ու դրանց բովանդակությունը: «Հատկապես այս վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ուղղորդումները գալիս են ոչ թե «Իսլամական պետության» ընդհանուր շրջանակներից, այլ դրանք իրականցվում են անհատական ու լոկալ մակարդակով: Ճիշտ է, ընդհանուր որոշողը ԻՊ-ն է, բայց իրականացնելու, ասենք`տեղը, ժամը, տրված է իսլամականներին: Այդ պատճառով, նման տեսակի ահաբեկչությունները հնարավոր չէ կանխատեսել, առավել ևս հասկանալ, թե ե՞րբ, որտե՞ղ եւ ի՞նչ կլինի: Ինչպես նաեւ՝ հնարավոր չէ փորձել հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվում ահաբեկչության վայրը, ժամը»,- ասաց բանախոսը:

Ինքն, օրինակ, պատահական չի համարում օրերս Լոնդոնում իրականացված ահաբեկչական ակտը: Լոնդոնն իբրեւ թիրախ ընտրելիս, ըստ արաբագետի, հավանաբար դեր է ունեցել այն, որ մուսուլմաններն այն անվանում են «Լոնդոնիստան» ու մուսուլման մեծ բնակչություն կա այնտեղ:

Ամեն դեպքում, այս ամենի դեմ պայքարի շրջանակներում, իբրեւ առաջին քայլ, արաբագետը նշում է` նման դեպքերից հետո պետք չէ հակաիսլամիստական քարոզներ ու ելույթներ անել. «Հավատացեք, որ իսլամիստները հենց սա էլ ուզում են, որ մարդիկ դժգոհեն իրենցից ու առիթ տան ավելի մեծ ահաբեկչությունների: Ամենակարևոր առիթներից մեկն այն է, որ մենք պետք է աշխատենք մուսուլմանական հանրույթի հետ, այն պետք է լինի շատ լուրջ ու տքնաջան աշխատանք: Ու սա ոչ միայն իսլամական պետություններում, այլ նաեւ այդ երկրներից դուրս, օրինակ՝ Եվրոպայում»:

Ասուլիսի մյուս բանախոս, կրկին արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ կարծում է` լոնդոնյան իրադարձություններն ահաբեկչական սպառնալիքի աճի դրսեւորում են. «Դրա իրադարձային գործոնն այն է, որ մուսուլմանների մոտ «սուրբ ամսվա»՝ Ռամադանի շրջանն է: Այդ ժամանակ մուսուլմանները դառնում են ավելի ագրեսիվ: Մյուս գործոնը՝ գործընթացայինը, Մերձավոր Արևելքում ավելի սրված ու ակտիվ գործողություներն են՝ ուղղված ԻՊ-ի դեմ, ինչն էլ կառույցին մղում է պատասխան գործողությունների»:

Ինչո՞ւ Լոնդոնը, Արմեն Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Նախ, Լոնդոնի անվտանգությունը թույլ է, ու այնտեղ չեն կարող վերահսկել այդ գործընթացը: 23 հազար պոտենցիալ ջիհադական կա Լոնդոնում, և պատրաստ են ահաբեկչական գործողություն իրականացնել Մեծ Բրիտանիայում: Դրանցից միայն 3000–ին կարող է վերահսկել երկրի անվտանգությունը: Այս ընթացքում 850 ջիհադականներ են գործունեություն ծավալել, որոնից միայն 50-ին են կարողացել վերահսկել հատուկ ուժայինները»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930