Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը սահմանամերձ Կողբում մասնակցեց «Թումո» կենտրոնի հիմնարկեքին (ֆոտոշարք)

Հունիս 06,2017 17:55

Հունիսի 6-ին, ժամը 10. 50-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի ֆուտբոլի խաղադաշտում վայրէջք կատարեց Սերժ Սարգսյանին տեղափոխող ուղղաթիռը: Երկրի նախագահին ուղեկցում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ս. Սարգսյանը Կողբում տեղակայված սահմանապահ զորամասում մասնակցեց պաշտպանության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, որի ընթացքում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի ղեկավարները ներկայացրել են իրենց գյուղերի խնդիրները, պաշտպանունակության հետ կապված հարցեր:

Այնուհետեւ հանրապետության նախագահը մասնակցեց Կողբի մարզադպրոցի դահլիճում կայացած հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում «Սիմոնյան» կրթական հիմնադրամի տնօրեն Սեմ Սիմոնյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, «Կողբ» հիմնադրամի նախագահ Արման Բարսեղյանը եւ ուրիշներ նշեցին սահմանամերձ Կողբ գյուղում «Թումո» կենտրոնի կարեւորությունը:

Կենտրոնը կգործարկվի մեկ տարուց, այն կկառուցվի Լոս-Անջելեսից եւ Բուենոս Այրեսից բարեգործների, «Կողբ» հիմնադրամի, Մոնակոյից «Առաքելություն մանկություն» բարեգործական կազմակերպության, Յուքոմի, «Ֆեդեքս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջոցներով:

Կենտրոնը կզբաղեցնի 2200 քառակուսի մետր տարածք, կենտրոն կհաճախի Կողբից եւ Նոյեմբերյանի տարածաշրջանից 600-1000 երեխա: Կենտրոնի ծառայություններից առավոտյան ժամերին կօգտվեն Կողբի զորամասի զինծառայողները:

Կողբի «Ավագի ձոր» տարածքում, միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ կայացավ «Թումո» կենտրոնի հիմնարկեքը, որը կատարեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Սեմ Սիմոնյանը,Կողբի «Թումո» կենտրոնի սաներից մեկը, «Կողբ հիմնադրամի անդամ Արթուր Աբովյանը: Շենքի հիմքում տուֆ քարի հետ նաեւ «Թումո» կենտրոնի սաների մաղթանքներով արկղ տեղադրվեց:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եւ միջոցառման հյուրերը մասնակցեցին վրանի տակ կազմակերպված ճաշկերույթի:

Ապա Սերժ Սարգսյանը այցելեց Կողբի թիվ 2 դպրոցում «Յուքոմի» աջակցությամբ բացված, առաջատար տեխնոլոգիաներով հագեցած դասասենյակ: Ժամը 14.50-ի սահմաններում Ս. Սարգսյանը ուղղաթիռով մեկնեց Բերդ քաղաք, որտեղից կայցելի Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930