Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պահանջում է. «Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ»

Հունիս 07,2017 17:24

ՀՀ հատուկ քննչական ծառայությանը

ՀՀ գլխավոր դատախազությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին

 

Հաղորդում հանցագործության մասին

Հանցագործության պարտակման և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից ակնհայտ անարդարացի դատական ակտ` որոշում կայացնելու վերաբերյալ

Գործի ընդհանուր նկարագրություն

Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր ժողովրդավարական ինստիտուտը` ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը, տեղի չի ունեցել:

Հայաստանում, փաստորեն, շուրջ 25 տարի չի գործել քաղաքական ներառող այնպիսի ինստիտուտ, ինչպիսին է ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը: Ժողովրդավարությունը կյանքի կոչելու համար նվազագույնը ընտրական իրավունքի իրացման համախումբն է` ազատ ընտրությունների անցկացումը և ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը: Սա նվազագույն և շատ կարևոր պայման է ժամանակակից աշխարհում արդյունավետ կառավարման համար, և առավել կարևոր պայման՝ ժողովրդավարության համար: Հայաստանում շուրջ 25 տարի ազատ ընտրությունների միջոցով տեղի չի ունեցել իշխանության ձևավորում, այլ տեղի է ունեցել միայն իշխանության փոխանցում՝ Լևոն Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանից՝ Սերժ Սարգսյանին: 2015 թվականին Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե» կեղծարարությունը պայմաններ է ստեղծել Սերժ Սարգսյանի համար վերացնելու «ժառանգորդ» ունենալու կարիքը: Այդ կեղծարարության հետևանքով նա ծրագրել է մնալ որպես անփոխարինելի դիկտատոր:

«Նախկին կոմունիստական և սոցիալիստական երկրների պատմությունը ցույց է տալիս, որ Բեռլինի պատի փլուզումից հետո բոլոր այն երկրներում, որտեղ հաստատվել է տոտալիտար կամ ավտորիտար կառավարում, դա տեղի է ունեցել, երբ ինչ-որ մեկը՝ Կոմկուսից, ԿԳԲ-ից կամ հատուկ ծառայություններից, դարձել է պետության ղեկավար, որն իրեն բարեփոխիչ է անվանել»:

2015 թվականի դեկտեմբերի կեղծված «սահմանադրական բարեփոխումից» մինչև 2018 թվականի ապրիլ ժամանակահատվածը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար խիստ կարևոր շրջան է` սահուն անցում ապահովելու համար կիսաավտորիտարիզմից դեպի կայուն ավտորիտարիզմ: Նոր ձևավորվող քաղաքական համակարգում կրճատվելու է ուղղակի ընտրությունների միջոցով պետության գործադիր իշխանության առաջին դեմքի ընտրությունը և այդ պաշտոնում ընտրվող անձը` 2018 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետն ընտրվելու է ոչ օրինական ձևավորված (ռեյտինգային), կլանային և օլիգարխիկ ներկայացուցչական մարմնի` ներկայիս խորհրդարանի կողմից: Այս համակարգը ոչնչացնում է քաղաքական մրցակցությունը և հաստատում քաղաքական մենաշնորհը:

Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն, լծվելով այդ հատուկ առաքելությանը` ամրապնդել քաղաքական մենաշնորհը, ստանձնել են այս անցումային շրջանում պարտավորություն` ցանկացած գնով այն իրականություն դարձնել: 2016-2018 թվականների փուլը նրանց համար կարևոր է, որպեսզի լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Նրանք այս ընթացքում արել են և անում են ամեն ինչ, ու օգտագործում են ցանկացած միջոց՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

2017 թվականին անցկացված երկու, այսպես կոչված ընտրական գործընթացները` ապրիլի 2-ի խորհրդարանական և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները, ընդգծեցին, որ այսուհետ ողջ ընտրական գործընթացն իրականացվելու է, առաջին հերթին, ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բիրտ ուժի և տարատեսակ ընտրակեղծարարության գործածմամբ՝ բացահայտ ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Այսօր կոռուպցիայի հետևանքով առաջացած խնդիրները և սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռ չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքներն ու արդարությունը: Հայաստանում կոռուպցիայի դեպքերը ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կազմում են մեր պետության միջոցների ահռելի մասը, իսկ կոռուպցիայի ամենացինիկ դրսևորումը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից հայրենի հողի` Արցախապատկան հողի վաճառքն է, որը առայժմ դեռևս 8 հազար քառակուսի կիլոմետր է և ժամանակակից Հայկական պետականության անվտանգության համակարգը, ինչը և զրոյացնում է Հայկական պետականության քաղաքական նշանակությունն ու կայուն զարգացումը:

Բռնազավթիչ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի տապալմանն ուղղված գործողություններին, նրանց կողմից կատարված ապօրինի գործունեությանը քաղաքական և իրավական գնահատական տալու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, իր մասնակցությունը ցուցաբերելով ակտիվ քաղաքական գործընթացներին, իր առաջին գործողությունն է իրականացրել` սկսել է Երևանի ազատագրումը ապօրինություններից:

Վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների հետ վերադարձին և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը զրկել իշխանությունից` բռնազավթված իշխանությունը վերադարձնել ժողովրդին` «Երկիր Ծիրանի»-ն արձանագրել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական կոռուպցիայի պարտակողներն են, այդ արատավոր երևույթի արմատներն ամրապնդողը, և այս բնագավառում իրենց ջանքերը չեն խնայում, որպեսզի արդյունավետ ապահովեն ընտրական կոռուպցիայի իրագործումը: Նրանք սերտ համագործակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, թաղային խուժանի, կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և ներգրաված մարդկանց, ընտրակեղծարար հանձնաժողովների անդամների, համատիրությունների և պետական ու մասնավոր այլ կառույցներ ներկայացնող անձանց հետ:

Կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերը, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացումը, Հայաստանում հատել է ռիսկային սահմանը: Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի կողմից կուտակված գույքը, նրա և ՀՀԿ-ի կողմից իշխանության բռնազավթումը վերը նշված մեխանիզմի առկայության ապացույցներից մեկն է:

Տարիներ շարունակ իրավախախտում կատարելու հետևանքով` պետական գործերի և պետական սեփականության անազնիվ, անպատասխանատու և ոչ պատշաճ կառավարման պատճառով Տարոն Մարգարյանը հանցավոր ճանապարհով ստացել է հսկայական եկամուտներ: Նրան են պատկանում նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ, իրերի և իրավունքների ձևով արտահայտված արժեքներ:

Անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ուղղակիորեն վնաս է հասցրել ժողովրդավարական ինստիտուտներին, իրավունքի գերակայությանը և մեր ազգային տնտեսությանը:

2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերի աշխատակիցների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ գործունեությամբ իրականացվել է կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարություն, որը ներառել է բոլոր տեսակի ընտրակեղծիքները:

Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև` Երևանի ավագանու ընտրությունները, անցել են կոռուպցիան խրախուսելու և տարածելու` ձևավորված արատավոր պրակտիկայի ներքո: Իսկ արդեն կեղծված ընտրությունների հետևանքով ձևավորված իշխանությունը կոռուպցիոն մեխանիզմներն ավելի է արմատավորել` դարձնելով այն խորը համակարգված:

Քառորդ դար Հայաստանում համապետական յուրաքանչյուր ընտրության և հանրաքվեի արդյունք կեղծվել են: Հայաստանում չի ձևավորվել լեգիտիմ իշխանություն: Տարիներ շարունակ կուտակված կեղծիքը, քաղաքական չարաշահումներն ու արմատացած կոռուպցիան սասանել են հանրության հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս պահին Հայաստանում առկա է հանրության կողմից քաղաքական ապատիա, իսկ բռնազավթիչ ռեժիմի` ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բացառիկ ցինիզմի դրսևորում: Նման իրավիճակի շարունակությունը, չի բացառվում, որ հանգեցնի լայնածավալ քաղաքացիական խռովության ու քաղաքացիների ապստամբության: Անցած տարվա «Սասնա Ծռեր» ապստամբությունը, որը ճնշվեց ոստիկանության կողմից բացառիկ ուժի կիրառմամբ, վայելում էր ողջ հայ ժողովրդի համակրանքը:

ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ցինիզմի դրսևորումն անցած մայիս ամսվա ընթացքում երկու անգամ ի ցույց է դրվել:

Առաջինը` Երևանի ավագանու ընտրության օրը` մայիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ հայտարարությունը և դրանց վերաբերյալ ապացույցները քննության առարկա դառնալու փոխարեն, հայտարարություն ներկայացնող քաղաքապետի թեկնածուին և նրա վստահված անձին ուղիղ եթերով բռնության են ենթարկում և ապօրինի զրկում ազատությունից, իսկ կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարություն հանցագործությունը` պարտակում:

Երկրորդը` կեղծված ընտրությունների հետևանքով խորհրդարանի ամբիոնից մայիսի 18-ին ուղիղ եթեր հեռարձակված Սերժ Սարգսյանի ցինիկ հայտարարությունն էր` ուղղված իր յուրայիններին` Վեհափառ Տեր-ին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը», որով շնորհավորում էր իշխանության բռնազավթման միջոցով իր դավաճանական ծրագիրը գալիք տարիներում իրականացնելու համար` հայրենի տարածքների հանձնում Ադրբեջանին, հայերի վերջնական դեպորտացիա հայկական հողից, որի դիմաց ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը կստանան միլիարդավոր դոլարներ և երաշխիք` շարունակելու պահպանել բռնազավթած իշխանությունը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից թույլ տված ապօրինությունների նկարագրություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գործել օրենքի շրջանակում, իր աշխատանքները չի կատարել որպես անկողմնակալ կառույց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետամուտ չի եղել «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից ներկայացված բողոքներին:

Ունենալով հավաստի տեղեկատվություններ ընտրակաշառքների, հանրային ծառայողների վրա ճնշումների գործադրման, այդ թվում՝ դպրոցներում և հիվանդանոցներում, մասնավոր հիմնարկներում և ընտրողների ահաբեկման դեպքերի վերաբերյալ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրսևորել է անգործություն:

Ունենալով տեղեկատվություն, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահի, ով միևնույն ժամանակ հանդիսացել է Երևանի քաղաքապետի թեկնածու և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի վրա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների և ՀՀ ոստիկանության կողմից տեղի է ունեցել հարձակում, նրանց պատճառվել է մարմնական վնասվածքներ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես դրսևորել է անգործություն:

Ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, նման ահաբեկչական ակտը հեռարձակվել է ուղիղ եթեր: Այս ամենը նպաստել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության համատարած կորստին, որն էլ, իր հերթին, հանգեցրել է կրկին անգամ անօրեն գործընթացի` փաստացի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կրկին փորձ է կատարվել հնարավորություն ստեղծել ՀՀԿ-ի համար՝ զավթելու Երևան քաղաքում քաղաքապետի և ավագանու լիազորությունները:

Հանրությունը, տեսնելով այս ապօրինությունները, բազմաթիվ անգամ բողոքներ ներկայացնելով իրավապահ մարմիններին և դատարաններ, բախվել է նույն ապօրինություններին և անարդարությանը, ինչի պատճառով նաև կորցրել է իրավապահ և դատական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչը, իր հերթին, հանրության մոտ խորը անտարբերություն է առաջացրել՝ դիմելու դատական պաշտպանության: Ընտրությունների կառավարման/վերահսկման, իրավապահ մարմինների և դատական համակարգի անկախության բացակայությունը ու բողոքների արձագանքման նրանց եղանակը/պատասխանները ամբողջովին խարխլել է իրավական լուծումներ տրամադրելու արդյունավետությունը:

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները, համատեղ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն՝ ընտրության անցկացման պայման հանդիսացող անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում իմ՝ քաղաքապետի թեկնածու, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանիս և «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ:

2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով, իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը`

1. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղյակ է պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երևում և տեսախցիկների աշխատանքը խափանված է, ինչը արդեն իսկ հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին և ՀՀ ԿԸՀ որոշմանը:

2. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է եղել նաև մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ թիվ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել և տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր, ինչն արդեն իսկ հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին:

3. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղյակ է պահվել Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող նախընտրական շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու և իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների և ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանիս հանդեպ բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն, ինչը հեռարձակվել է ուղիղ եթերով, որը դիտել են բազմաթիվ ընտրողներ, և դրա արդյունքում հիասթափված և վախի զգացումը գիտակցելով՝ հսկայածավալ թվով ընտրողներ չեն մասնակցել ընտրությանը, որը էական ազդեցություն է ունեցել արդյունքների վրա:

4. Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել և անվավերության հետևանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն անվավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու և ավելի նշաններն ակնհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել և բերվել է ընտրատեղամաս, և կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել և անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը, ավելին՝ կարող եմ վստահեցնել, որ բոլոր տեղամասերի մեկ անգամյա օգտագործման պարկերում գտնվող Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների գերակշիռ մասը քվեարկած է մեկ մարդու կողմից, ինչը կփաստի համապատասխան փորձաքննությունը:

5. Երևանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի և հաշվառվածների:

6.  Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից և կազմակերպել են ուղղորդված քվեարկություն:

Մինչդեռ՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության խախտված իրավունքները վերականգնելու համար անհրաժեշտ ոչ վարչական, ոչ դատական պաշտպանության մարմիները պատշաճ կարգով չեն արձագանքել:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոք է ներկայացրել Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ի ընտրության անվավեր ճանաչելու պահանջով, որը պատշաճ կարգով քննության առարկա չի դարձել և առանց օրինական հիմնավորման մերժվել է:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անօրինական որոշումները` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 21. 05. 2017թ. թիվ 271-Ա և թիվ 272-Ա որոշումները՝ Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ի ընտրության արդյունքների վերաբերյալ և ընտրություններն ամփոփելու վերաբերյալ բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում, պահանջելով` որպես անվավերության հետևանք կիրառել Երևանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:

ՀՀ վարչական դատարանը` դատավորներ Կարեն Զարիկյանի, Լիանա Հակոբյանի, Արման Դիլանյանի, Միքայել Մելքումյանի և Գրիգոր Առաքելյանի մասնակցությամբ, որոշում են ընդունել «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անօրինական որոշումների` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 21. 05. 2017թ. թիվ 271-Ա և թիվ 272-Ա որոշումները՝ Երևանի ավագանու 2017թ. մայիսի 14-ի ընտրության արդյունքների վերաբերյալ և ընտրություններն ամփոփելու վերաբերյալ բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում, ըստ պահանջի` որպես անվավերության հետևանք կիրառել Երևանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը ընդունել է վարույթ և նշանակել դատաքննություն: Սակայն կոպիտ դատավարական խախտումների հետևանքով ՀՀ վարչական դատարանը` դատավորներ Կարեն Զարիկյանի, Լիանա Հակոբյանի, Արման Դիլանյանի, Միքայել Մելքումյանի և Գրիգոր Առաքելյանի մասնակցությամբ, դատաքննության անցկացման փոխարեն, առանց պատշաճ դատական քննության, ապօրինի որոշումներ ընդունման միջոցով, կայացրել է ակնհայտ անարդարացի դատական ակտ (ՎԴ/4578/05/17, 31 մայիս, 2017): Վերը նշված դատական ակտը փաստում է, որ արդարադատություն իրականացնող առաքելությամբ լիազորված պետական մարմինը` ՀՀ վարչական դատարանը, չի կատարել իր պարտականությունները և նպատակ ունենալով կոծկել ընտրակեղծարարությունը` թույլ տալ ՀՀԿ-ին շարունակել բռնազավթել իշխանությունը, կայացրել է ակնհայտ անարդարացի դատական ակտ: ՀՀ վարչական դատարանը, խախտելով կողմերի հավասարության սկզբունքը, հնարավորություն չի ընձեռել հայցվոր կողմին ներկայացնելու հայցի առարկան և էությունը, ապացույցները, և արձակելով ապօրինի հրաման՝ փորձել է ճնշում գործադրել «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուների նկատմամբ: ՀՀ վարչական դատարանի ապօրինի ճնշում գործադրելու հրամանի ներքո, դատական կարգադրիչների կողմից տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ Սեդա Մելիքյանի և Սամվել Մովսեսյանի վրա: ՀՀ վարչական դատարանը, չցանկանալով լսել հայցվոր կողմի փաստարկները, ընդհատելով հայցվորի բացման խոսքը՝ որոշում է կայացրել կիրառել արագացված դատաքննություն և գնացել է խորհրդակցական սենյակ: Փաստացի, ՀՀ վարչական դատարանը քննություն չի իրականացրել, արձակել է դատական ակտ, որով կոծկել է ծանր հանցագործությունը` զանգվածային ընտրակեղծարարությունը՝ զուգորդված կոռուպցիոն հանցագործություններով և բռնություններով:

Պահանջ`

Հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` հանցագործության պարտակում, ապօրինի որոշումների կայացում և ակնհայտ անարդարացի դատական ակտի ընդունում:

Կից ներկայացնում եմ.

1.Ապացույց հանդիսացող տեսագրությունների վերաբերյալ կայք-էջերի հղումները՝

 

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

07 հունիսի 2017թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930