Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդները շատանում են, Ֆանարջյանի ուռուցքաբանականը մասնավորեցնում են. «Չարժե պահել»

Հունիս 07,2017 18:08

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրերի հաստատման հարցն է ԱԺ-ում քննարկվում: Եվս 24 պետական հիմնարկներ հանվում են վաճառքի, ընդհանուր առմամբ սեփականաշնորհման ենթակա պետական հիմնարկների թիվը դառնում է 47:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված հրատապ ռեժիմով այս նախագիծը այստեղ բերելը, որովհետեւ ոչ մի կերպ չենք հասկանում, թե ինչով էր հրատապ, ասենք, Նեւրոզների կլինիկայի կամ Երեւանի երկաթուղու պոլիկլինիկայի մասնավորեցման հարցը:

Նա նաեւ հարցրեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի մասնավորեցման հետ կապված: Ըստ նրա, վերջին տարիների տվյալները սահմռկեցուցիչ են, մեր երկրում երկու անգամ ավելի են քաղցկեղով հիվանդացության, մահացության ցուցանիշները՝ տարբեր երկրների հետ համեմատած: Սա միակ հիմնարկն է, որ իրականացնում է քաղցկեղի բուժում եւ այս ինստիտուտի մասնավորեցումն անթույլատրելի է:

Արման Սահակյանը պատասխանեց, որ Ֆանարջյանի անվան այդ ինստիտուտը պետք է իր պրոֆիլը պահպանի, հստակ պարտավորություններ պետք է սահմանվեն: Նա ասաց, որ ՀՀ-ում 8 բուժկենտրոններ այս ինստիտուտի գործառույթներն անում են, քաղցկեղի բուժմամբ զբաղվում են. «Եթե ինստիտուտը լավ չի աշխատում կամ պետք է հանձնել հավատարմագրային կառավարման, կամ մասնավորեցնել: Եթե մասնավորեցվում է, չի նշանակում, որ այդ ինստիտուտը վերանալու է»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց՝ Ֆանարջյանի ուռուցքաբանական կենտրոնը 2 մլրդ-ի շրջանառություն է ունեցել, որից 1 մլրդ-ը պետական պատվերն է եղել, շահույթն էլ ընդամենը 20 մլն դրամ է: Դուք չե՞ք գտնում, որ այս առողջապահական կազմակերպությունը լավ չի կառավարվել՝ լինելով պետական:

Արման Սահակյանն էլ պատասխանեց, որ այդ ինստիտուտի վնասի մեծությունը 2014-ին եղել է 153 մլն 788 հազար դրամ, 2015-ին՝ 4.4 մլն զուտ շահույթ է եղել, 2016-ին՝ զուտ շահույթը եղել է ընդամենը 27 հազար դրամ. «Հիմա ձեր կարծիքով այս ինստիտուտը արժե՞ արդյոք պահել՝ որպես պետական ինստիտուտ: Ես կարծում եմ, որ չարժե»:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ Արման Սահակյանի խոսքերը հավատ չեն ներշնչում, քանի որ դառը փորձ ունենք, «Հայֆիլմ» կինոստուդիան էլ սեփականաշնորհվեց, բայց ոչինչ չարվեց, ավելի վատացավ «Հայֆիլմի» վիճակը: Ըստ նրա, մի փաթեթով 47 հիմնարկ մասնավորեցման ներկայացնելն անթույլատրելի է, ամեն հիմնարկի հարցը առանձին քննարկում է պահանջում. «Հայփոստը նորմալ շահույթով աշխատող հիմնարկ է, ինչու պետք է վաճառենք, «Բյուրեղը» էլի շահույթով է աշխատում, ինչու պետությունը եկամուտներից պետք է հրաժարվի, Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն, սրա մասնավորեցման իմաստը ո՞րն է, սա արդեն ռազմավարական հարց է, մենք ատոմակայան ունեցող պետություն ենք:

Արաբկիր բուժկենտրոնը մանկական միակ կենտրոնն է, ես ունեմ 3 երեխա եւ գիտեմ, որ այլ նմանատիպ բուժկենտրոն գոյություն չունի Երեւանում, արդյո՞ք պրոֆիլը պահպանվելու է»:

Արման Սահակյանը պատասխանեց, որ նշված հիմնարկները մասնավորեցնելու որոշում տվել է նախորդ գումարման ԱԺ-ն: Գորգիսյան էլ արձագանքեց, որ նախորդ գումարման ԱԺ-ի սխալները պետք չի կրկնել. «Այս ցուցակում կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, պետք էր հասարակական քննարկում կազմակերպել»:

Պատասխանելով Մելքումյանի հարցին`«Հայֆիլմի» մասնավորեցման հետ կապված՝ Արման Սահակյանը խոստովանեց՝ այն ժամանակ սխալ ճանապարհով են գնացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930