Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում 10 համայնքի բնակիչներ կրկին բողոքի ցույց են անում (Ֆոտոշարք)

Հունիս 08,2017 12:57

Այս պահին Գեղարքունիքի մարզի 10 համայնքների բնակիչներ հավաքվել են Սոթքի գյուղապետարանի մոտ՝ կրկին բողոքի ցույց են անում:

Հիշեցնենք, նրանք երեկ փակել էին Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը. գյուղացիները կառավարությունից պահանջում են վերանայել համայնքների խոշորացման ծրագիրը:

Aravot.am-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներն ասացին, որ այս պահին գյուղապետարանի մոտ են ոստիկանության աշխատակիցներն ու տարածքային կառավարման նախարարի օգնականը:

«Մենք չենք ուզում իրենց ծրագրով միավորվել խոշոր գյուղերին: Պահանջում ենք վերանայեն որոշումը եւ օրինակ այն գյուղերը, որոնք 500-600 բնակիչ ունեն՝ իրար միանան, ոչ թե 500 բնակիչ ունեցող գյուղերը միավորեն 8000 բնակիչ ունեցող գյուղին: Սա անարդար է եւ անհամաչափ զարգացում կունենա: Արդյունքում համայնքապետ է ընտրվելու շատ բնակիչ ունեցող գյուղի թեկնածուն, որն էլ անտեսելու է քիչ բնակիչ ունեցող գյուղերի խնդիրները: Այսինքն՝ քիչ բնակիչ ունեցող գյուղերի ձայների ռեսուրսը նրան չի հետաքրքրելու»:

Նշենք, որ երեկվա ցույցի մասնակիցներից կազմված պատվիրակությունը հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ. բանակցություններն, ինչպես արդեն տեղեկացրել էինք,  արդյունք չեն տվել» կառավարության ղեկավարը վստահեցրել էր, որ համայնքների խոշորացման ծրագիրն, ինչպես որ ծրագրվել է, այդպես էլ շարունակվելու է:

Երեկ ցուցարարները չէին բացառում, որ հնարավոր է բացի միջպետական ավտոճանապարհից, փակեն նաեւ մեկ այլ ռազմավարական նշանակության ճանապարհ՝ երկաթգիծը: Այս պահին, ցուցարարները դեռ վերջնական որոշում չեն կայացրել. «Ամեն ինչ կախված է նախարարի օգնականի հետ  բանակցություններից եւ կառավարության դիրքորոշումից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930