Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակներ` «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին` Բերձորում (Ֆոտոշարք)

Հունիս 10,2017 20:01

Անցած տարվա հոկտեմբերին կայացավ «Մեղու. հայերենը բոլորի համար», իսկ այս տարվա մարտի 16-ին՝ «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» մրցույթները: Քաշաթաղի շրջանից «Մեղու»-ին մասնակցել են 14 հանրակրթական դպրոցի 3-12-րդ դասարանների մոտ 150 աշակերտ: Նրանցից 13-ն արժանացել են հատուկ մրցանակի, իսկ Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Հակոբյանը՝ լավագույն մրցանակի: «Կենգուրու»-ին մասնակցել են 21 դպրոցի 3-12-րդ դասարանների 192 աշակերտ: Հատուկ մրցանակ ստացավ 20 աշակերտ, իսկ լավագույն մրցանակի արժանացավ Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ. միջնակարգի 4-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Աբրահամյանը:

Հունիսի 9-ին Բերձորում՝ շրջվարչակազմի նիստերի դահլիճում, կայացավ մրցանակների արժանացած դպրոցականների մրցանակների հանձնում: Մրցանակները հանձնեց «ԱՅԲ» կրթական հիմնադրամի դպրոցական ուսուցման ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանը: Ներկա էին մրցանակների արժանացած աշակերտները, նրանց դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ինչպես նաև շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, նույն բաժնի առաջատար մասնագետ, «Մեղու» և «Կենգուրու» խաղ-մրցույթների կազմակերպիչ Սիրվարդ Թամազյանը:

Շ. Կարապետյանը, շնորհավորելով ու ողջունելով ներկաներին, տեղեկացրեց, որ «Կենգուրու» մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է 9-րդ անգամ, իսկ Արցախում՝ յոթերորդ: 2017-ին ՀՀ-ից մրցույթին մասնակցել են 939, իսկ Արցախից 85 դպրոցների 3-12-րդ դասարանների ընդհանուր 40467 աշակերտ: Կրթության և սպորտի բաժնի վարիչ Վ. Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց «ԱՅԲ»-ի ներկայացուցիչներին՝ նման հետաքրքիր ու կարևոր մրցույթները կազմակերպելու համար և հույս հայտնեց, որ ապագայում Քաշաթաղի դպրոցականներն առավել բարձր արդյունքներ կցուցաբերեն, կլինեն նաև հաղթողներ: Մրցանակաբաշխությունից հետո զրուցեցի Շ. Կարապետյանի հետ: Տեղեկացրեց, որ առաջին անգամ է, ինչ Քաշաթաղի շրջանի աշակերտների մրցանակները հանձնվում են Բերձորում: Անցած տարիներին Արցախի բոլոր շրջանների աշակերտներն Ստեփանակերտում էին ստանում իրենց մրցանակները: Այս տարի քաշաթաղցիների համար բացառություն է արվել՝ հաշվի առնելով ճանապարհի հեռավորությունը:

Հավելեց նաև, որ մրցանակակիրների մեծ մասը տարրական դասարանների աշակերտներ են: Հայտնեց՝ մրցույթները կազմակերպում է «ԱՅԲ» հիմնադրամը, և անցկացվում է ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո: Արցախում աշխատանքները համակարգում է ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

ՀՀ-ում մրցույթների կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն: Տեղեկատվական հովանավորներն են «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը և «Կրթություն» շաբաթաթերթը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930