Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Այս խորհրդարանում ընդդիմությունը կարծես ուզում է նոր մոտեցում ցուցաբերել». «Հայոց աշխարհ»

Հունիս 14,2017 11:48

Վեցերորդ գումարման Ազգային ժողովը նոր է մտել իր «դերի» մեջ, բայց կառավարության նախաձեռնությամբ հիմնականում արտահերթ ռեժիմով տեղի ունեցած նիստերը թույլ են տալիս որոշակի հետեւություններ անել նոր խորհրդարանի որակի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների, ընդդիմության վարքագծի վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ՝ հույս հայտնելով, որ հայրենի օրենսդիրները կկարողանան իրականացնել խորհրդարանական նոր մշակույթին միս ու արյուն տվողի իրենց առաքելությունը։

-Նախ՝ ինձ հաճելիորեն զարմացրեց, որ ընդդիմությունը եթե կարողանում է «անցկացնել» իր առաջարկները՝ թեկուզ մասնակիորեն, եւ քվեարկության դրվող նախագիծը 80-90 տոկոսով բավարարում է իրենց, կողմ է քվեարկում այդ փաստաթղթին։

Ինչո՞ւ եմ սա կարեւորում. որովհետեւ նախորդ գումարման խորհրդարաններում հաճախ ընդդիմության առաջարկների զգալի մասն ընդունվել է քաղաքական մեծամասնության կողմից, բայց իրենք էլի դեմ են քվեարկել, այսինքն՝ չեն պաշտպանել իրենց իսկ առաջարկած փոփոխությունները, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են։ Այս խորհրդարանում ընդդիմությունը կարծես ուզում է նոր մոտեցում ցուցաբերել. եթե մեր առաջարկներն ընդունվում են, պատրաստ ենք կողմ քվեարկել կառավարության նախաձեռնությանը։

Ինչո՞ւ է այդպես։ Իհարկե ընդդիմությունը պետք է ունենա իր պատկերացումները տարբեր խնդիրների վերաբերյալ, որոնք տարբերվում են իշխանության մոտեցումներից, չպետք է գովի իշխանությանը, այլապես անհասկանալի է՝ ինչու է ընդդիմություն։ Բայց ընդդիմադիր ուժերը նաեւ պետք է հասկանան՝ ամեն ինչին դեմ քվեարկելով, որեւէ համագործակցության չգնալով իշխանական ուժերի հետ, որեւէ կառուցողական դերակատարություն չունենալով որոշումների ընդունման գործընթացում՝ մղվում են լուսանցք։ Իսկ թե ինչ է լինում լուսանցք մղված քաղաքական ուժերի հետ՝ ականատես եղանք ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ։

-Ասել է թե՝ ընդդիմությունն ինչ-որ տեղ դասեր է քաղել անցյալից։

-Կարելի է այդպես ասել։ Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ մտածում է նաեւ իր ապագայի մասին, երկրորդ՝ ինչո՞ւ չէ, մտածում է նաեւ պետության հեռանկարի մասին։ Ամեն ինչ չէ, որ իշխանությունը վատ է անում, եւ եթե տվյալ նախաձեռնությունը բխում է երկրի շահերից, նաեւ իրենց մոտեցումները հաշվի են առնվել, դրան ինքնանպատակ հակադրվելը, համաձայնեք՝ չի ավելացնում ընդդիմության հեղինակությունը հասարակության աչքում։ Այսինքն՝ «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքն այլեւս չի գործում։

Չի գործում նաեւ նախորդ խորհրդարաններում ավանդական դարձրած այն մոտեցումը, թե ինչքան բարձր ես գոռում, ինչքան շատ ես հայհոյում իշխանություններին՝ ընդդիմանալով կառավարության ցանկացած նախաձեռնության, այնքան ավելի թունդ կամ, ինչպես իրենք էին ասում՝ իսկական ընդդիմադիր ես։ Կարծում եմ՝ բոլորը հասկացել են, որ դրա ժամանակներն անցել են. կարելի է հայհոյել իշխանություններին, սուր մտքեր ասել եւ արժանանալ բնակչության 0,1 տոկոսի հավանությանը։

Բայց մնացած 99,9 տոկոսն ամեն դեպքում ուզում է տեսնել կառուցողական աշխատանք, ուզում է տեսնել խնդիրների լուծում, ոչ թե հայհոյանք։ Անգամ եթե տվյալ պահին այդ հայհոյանքն իրենց սրտով է, հաջորդ անգամ, երբ գնան քվեարկության, հայհոյողին ձայն չեն տալու՝ ձայնը տալու են այն քաղաքական ուժերին, որոնք, բացի խոսելուց, կարողանում են աշխատել եւ ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան անել ժողովրդի համար։

-Հետաքրքիր է, որ «Ելք» դաշինքը բոյկոտեց 6-րդ գումարման խորհրդարանի բացման եւ պատգամավորի երդման արարողությունը, բայց չզլացավ մասնակցել Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը եւ բավարարվեց նրանով, որ ոտքի չկանգնեց, երբ նախագահը մտավ դահլիճ։

-«Ելք» դաշինքը արտախորհրդարանական ուժերի կողմից բավական ուժեղ ճնշման՝ պրեսինգի տակ է. եթե հիշում եք, նախընտրական շրջանում «Ելքին» մեղադրում էին Բաղրամյան 26-ի «պրոյեկտը» լինելու մեջ, կապում էին տարբեր անձանց հետ եւ այլն։ Այդ ճնշումը կա, եւ ցավոք սրտի, այդ դաշինքը երբեմն տեղի է տալիս այդ ճնշումներին, որպեսզի ապացուցի իր «անմեղությունը»։ Այսինքն՝ ընդդիմությունն ստիպված է ամեն օր ապացուցել, որ ընդդիմություն է, եւ դա ապացուցելու լավագույն ձեւը նման ժեստեր անելն է։

Կարծում եմ, շատ շուտով դա էլ կվերանա, որովհետեւ կհասկանան. ընդդիմություն լինել՝ չի նշանակում անպայման դեմարշներ անել իշխանության դեմ։ Դա նշանակում է՝ իշխանությունից տարբեր տեսակետներ ունենալ, առաջարկներ ներկայացնել, փորձել հիմնավորել այդ տեսակետները եւ ամրագրել դրանք՝ դարձնել օրենք, դարձնել որոշում, դարձնել իրողություն։ Իսկ ընդհանուր առմամբ, վաղուց ժամանակն է հասկանալ՝ այն քաղաքական ուժը, որը չի մասնակցում իշխանության ձեւավորմանը, ընդդիմություն է՝ հայհոյել իմանա թե չիմանա։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930