Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, նոր վառել, երեխեքին մի բանի դիմաց զոհ տվեցին, ոնց որ հիմա Տավուշի հողերն են տալիս. բողոքի ցույց

Մայիս 01,2024 11:15

2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հարազատները շարունակում են պայքարել դեպքի հանգամանքների բացահայտման համար։ Հիշեցնենք, որ այս հրդեհի հետեւանքով 15 զինծառայող զոհվեց: 

Զինծառայողների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ցույց էին անում Հանրապետության հրապարակում։

Հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մեր երեխեքը վառվեցին, իրենց ասելով՝ բենզինից, բայց բենզինի վարկածն արդեն հերքվեց, որովհետեւ այնտեղ օրապահ կար, ինքը դատարանում հայտարարեց՝ ես «կանիստրով» բենզին չեմ տեսել կապիտանի մոտ, մեր մոտ բենզին չի եղել։ Եվ մինչեւ հիմա Փաշինյանի ասածով այդ վարկածն են տանում»։

Հիշեցնենք, որ դեպքից հետո կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե վառարանը բենզինով վառելու հետեւանքով է առաջացել հրդեհը։ Քննչական կոմիտեն էլ հաստատել էր այս վարկածը։

«Քննչական կոմիտեն, Դատախազության քննչական մարմիները քննություն են արել, որը մեկը մյուսին չի բռնում, այդ հատորները լրիվ ընթերցել եմ։ Այդ հատորներում ոնց որ ուղղորդված ասեն՝ սա ասա, սա ասա։ Մեր վարկածն այն է, որ Քննչական կոմիտեն չի աշխատում, քննիչները չեն աշխատում։ Ու հիմա էլ դատավարություն է գնում, ասեմ, որ դատավարությունն էլ ոչ օբյեկտիվ է, ես կասկածում եմ, որ դատավորներն էլ են ուղղորդված»,- ասաց նա։

Դատական նիստերից մեկում մեղադրյալ կապիտանը հայտարարել էր, որ իր ձեռքին տարայով բենզին եղել է։ Այս վարկածին զինծառայողների հարազատները չեն հավատում։ Արտյոմ Մանուկյանն ասաց․ «Մենք այդ վարկածին չենք հավատում, որովհետեւ օրապահն էլ ասաց՝ ես բենզին չեմ տեսել կապիտանի մոտ։ Դա ճնշումների տակ է հայտարարել կապիտանը։ Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից ու կառավարությունից, որ Քննչական կոմիտեն, որը ռեալ չի քննում այս գործը, աշխատի։ Մենք մի քանի անգամ բողոքել ենք, որ Քննչական կոմիտեն լավ չի աշխատում։ Տարի ու կես է՝ մենք հլա մի բան չենք կարողանում ապացուցել։ Ես մտածում եմ, որ սենց տանում են մինչեւ վերջ, դատավորն էլ մի վճիռ է կայացնում, ասում է՝ վերջ։ Արդեն փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, նոր վառել»։

Հարցին, թե որտեղի՞ց այդ կասկածները, Արտյոմ Մանուկյանը պատասխանեց․ «Կասկածներ շատ կան։ Օրինակ՝ երբ ես կարդում եմ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները, այնտեղ 15 երեխաներից կեսին գրված է, որ իրենք այդ ժամանակ, երբ վառվել են, ի վիճակի էին շարժվել, օգնություն կանչել, բղավել, իսկ էն կեսը՝ ոչ։ Ուրեմն երեխեքն արդեն թունավորվել են, ի վիճակի չեն եղել, որ իրար օգնեն։ Այդ ո՞նց եղավ, որ հրդեհի ժամանակ 15 երեխեն էլ մնացին, գոնե երկուսը դուրս չեկան»։

Զինծառայողի հարազատը միաժամանակ ասաց, որ Նիկոլ Փաշինյանից ակնկալիք չունեն, նրա հետ հանդիպել են եւ «հեքիաթներ» լսել։ «Մենք պետք է բողոքարկենք Եվրադատարան ու ասենք՝ սրանք այստեղ նստած են միայն խոսելու համար։ Ես կասկածում, որ եթե այդպես արեցին, ուրեմն երեխեքին մի բանի դիմաց «ժերտվա» տվեցին, ոնց որ հիմա Տավուշի հողերն են «ժերտվա» տալիս»,- հավելեց նա։

Արտյոմ Մանուկյանը նաեւ ասաց, որ տեղեկություններ են ունեցել, որ դեպքից մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիներ են մտել գյուղ․ «Ես Նիկոլ Փաշինյանին հարցրեցի՝ տեղեկություններ ունենք, որ տեռորիստներ են մտել գյուղ, ի՞նչ եղավ։ Ինքը տեղյակ չէր, ասաց՝ ի՞նչ տեռորիստ։ Բայց երեխեքն իրենց կացարանից մեկ կմ հեռավարության վրա թուրքի զինվորին բռնել բերել են ու հանձնել իրենց մեծերին։ Չգիտեմ՝ դա ինչքանով է ճիշտ, բայց ասում են՝ մինչեւ այս հրդեհը գյուղում էլի տեռորիստներ են եղել, նույնիսկ տուն են մտել, թուրքի փող են դրել էդ տան սեղանի վրա ու գնացել։ Ուրեմն հնարավոր է, որ իրենց բարձրաստիճան սպաներից մեկի մատը խառն է, որ երեխեքին այդպես են արել կամ էլ թուրքը եկել է տեռոր է արել, իրենք չեն ուզում ասել»։

Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ ասաց, որ մինչեւ վերջ գնալու են, քանի դեռ այս գործը չի բացահայտվել։ «Իրենք այս հարցին լուծում պետք է տան, ուզեն, թե չուզեն։ Եթե լուծում չտան, այլ միջոցների ենք դիմելու։ Թող գործը բացահայտեն, եթե ինքն իր էշ հալով իրեն էշի տեղ է դրել, դա չի նշանակում, որ մարդիկ հավատալու են իր ասած վարկածին։ Դատարանում պաշտոնական վարկածն առաջ բրդելուց բացի ի՞նչ է արվում, առաջին օրվանից ինչ խոսել է, գործը գցել է այդ ուղղության վրա, այդպես էլ գնում է, դատարանն էլ ժամանակ է ձգում՝ մեր ու ժողովրդի աչքերին թոզ փչելու համար։ Ինչ վարկած ու ապացույցներ դնում ենք իրենց առաջ, իրենք շրջանցում են, միայն պնդում են պաշտոնական վարկածը։ Նիկոլ Փաշինյանն առավոտ շուտ հելավ ասաց՝ սենց է եղել, քննչականի պետով, գլխավոր դատախազով էլ «չեստ» տվեցին, որ ոնց կասես՝ ըտենց էլ կգնա գործը։ Այդ տղերքին բոլորին ճանաչել եմ, 15 երիտասարդ տղա, ուղեղները միլիոնի տակ աշխատում էր, ֆիզիկականներն էլ տեղը։ Այդ 5 լիտրանոցով լցված բենզինն իրենց ի՞նչ էր ներկայացնում, որ հրդեհ եղավ, առաջին վայրկյաններին այդ տղերքը տեղներից չհելան, ո՞ւմ են հիմարի տեղ դրել։ Եթե անգամ հավատանք պաշտոնական վարկածին, դա էլ իրենց չի փրկում՝ ի՞նչ պայմաններում են պահել այդ զինվորներին»,- ասաց զինծառայողներից մեկի հայրը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031