Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հանրությունն ընտրում է «Հանրայինի» մարզական մեկնաբաններին

Հունիս 15,2017 17:39

Այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Կարեն Գիլոյանը ամփոփեցին մրցույթի արդյունքները եւ ներկայացրին պրոֆեսիոնալ ժյուրիի ու համացանցում քվեարկության արդյունքներով առաջին եւ երկրորդ փուլերի փորձությունները հաղթածներին: Նրանք են. Արման Աբելյան, Համլետ Գեւորգյան, Երվանդ Հարությունյան, Արմեն Մանուկյան, Ռաֆայել Խալաթյան, Արմեն Գարամյան, ինչպես նաեւ մեկ աղջնակ՝ դեռեւս դպրոցահասակ Մարե Մինասյան, որն արտամրցութային եղանակով մեկնաբանելու իրավունք է ստացել:

Բոլոր հաջողակներին վստահվելու է մեկնաբանել հունիսի 17-ից հուլիսի 2-ը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները, ինչը նրանց համար եւս մի փորձություն է լինելու, որի ավարտին կրկին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկությունների միավորների ամփոփմամբ կընտրվի լավագույնը կամ լավագույնները:

Կարեն Գիլոյանը տեղեկացրեց, որ Կոնֆեդերացիաների գավաթը ՖԻՖԱ-ն դիտարկել է որպես աշխարհի առաջնության փորձամրցում՝ տեսնելու, թե այն ընդունող Ռուսաստանը կազմակերպական, ենթակառուցվածքային եւ մնացած բոլոր առումներով որքանո՞վ է պատրաստ: «Քանի որ դա յուրատեսակ փորձամրցում է, մենք էլ որոշեցինք մեր փորձամրցումն անցկացնել մեկնաբանական առումով: Բոլորն էլ գիտեն, որ ֆուտբոլասերը շատ խստապահանջ է ոչ միայն Հայաստանում՝ նա իրազեկ է, ֆուտբոլ հասկանում է եւ ցանկանում է, որպեսզի մեկնաբանն անթերի լինի: Հիմա մենք ընտրվածներին հասարակության պահանջները գոհացնելու, իսկ հասարակությանը՝ ընտրելու հնարավորություն ենք տալու: Բայց մրցույթը դեռ շարունակվում է, տղաները շարունակում են պայքարել», – ասաց Կարեն Գիլոյանը: Նա նաեւ հավելեց. «Քանի որ գոնե վերջին 20 տարիներին Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրել է տարբեր մարզաձեւերի բոլոր խոշորագույն մրցումները, սկսած օլիմպիական խաղերից, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից, վերջացրած միջազգային կարեւորագույն մրցաշարերով ու ակումբային առաջնություններով եւ շարունակելու է այդ քաղաքականությունը, մեզ

մարզական մեկնաբաններ միշտ են պետք: Եվ եթե ընտրվածները արդարացնեն իրենց, գոհացնեն հասարակության պահանջները, կընդգրկվեն Հանրայինի ընտանիք»: Իսկ Ալեքսանդր Հակոբյանն ավելացրեց, որ եթե երիտասարդ մեկնաբանները իրենց այնքան արդարացնեն, որ ընդգրկվեն նաեւ մյուս մարզաձեւերը լուսաբանելու ոլորտ, իրենք միայն ուրախ կլինեն:

Aravot.am-ի հարցին, թե նորընտիր մեկնաբանների առջեւ ուղիղ եթերում արտահայտվելու առումով ինչ-ինչ սահմանափակումներ լինելո՞ւ են, Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Այդ հարցի շուրջ զրուցել ենք, հասկացել եթերի քաղաքականությունը: Ի վերջո, որքան էլ ազատ, կան եթերի կանոններ, որոնք չպետք է խախտվեն: Օրինակ, միտք արտահայտել կարելի է, գռեհկանալ, հայհոյել, մեծ կողմնակալություն դրսեւորել հավաքականներից մեկի նկատմամբ՝ ոչ: Էթիկայի առումով մենք դեռ էլի հանդիպումներ ենք ունենալու: Անգամ հասնելու ենք հավաքականների բոլոր ֆուտբոլիստների անուն-ազգանունների ճիշտ արտահայտմանը: Անելիքներ դեռ շատ կան թեեւ ժամանակը սուղ է, բայց մենք ինտենսիվ աշխատում ենք եւ մեծ հավատ ունենք, որ տղաները պատվով դուրս կգան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930