Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջադա՞րձ, թե՞ պարզապես մեղադրանքի մեղմացում «Իգլայի» գործով. «Հայոց աշխարհ»

Հունիս 21,2017 12:56

Ապօրինի եղանակով հանրապետություն շարժական զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու կամ, ինչպես այս ընթացքում կարճ ասվում է՝ «Իգլայի» գործով, որի նախաքննությունն ավարտվել է, կան որոշակի զարգացումներ:

Համենայն դեպս նման հետեւության են մղում երեկ տարբեր ցանցային լրատվամիջոցներով ինչպես Սամվել Բաբայանի, այնպես էլ նույն գործով «անցնող» մեղադրյալներից Սանասար Գաբրիելյանի պաշտպաններ Ավետիս Քալաշյանի եւ Կարապետ Աղաջանյանի հայտարարությունները:

Ըստ այդմ, ուշագրավ պատկեր եւ իրավիճակ է նախանշվում: Համենայն դեպս, փաստաբանների հայտարարությունների համաձայն, իրենց պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքները նախաքննության ավարտին մեղմացվել են, մասնավորապես հանվել է ռազմամթերքի մաքսանենգության մեղադրանքը, մնացել է միայն ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեղադրանքը:

Սրանով, իհարկե, հետաքրքրական հանգամանքները չեն սահմանափակվում: Այսպես, ըստ Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանի ներկայացրածի, իր պաշտպանյալը, լինելով ազատամարտիկ, ապրիլյան պատերազմից հետո մեր զինված ուժերի համար զենք ձեռք բերելու ցանկություն է ունեցել:

Նա, պաշտպանի պատմածի համաձայն, նախաքննությանը տված ցուցմունքներում այդպես էլ նշել է, որ Ռուսաստանում բիզնես ունի, հետեւաբար՝ նաեւ միջոցներ, եւ որոշել է օրինական ձեւով զենք գնել՝ բանակին օգնելու համար:

Սա շատ հետաքրքիր մոտեցում է այն տեսանկյունից, որ զենքն այնուամենայնիվ կարտոֆիլ չէ, որ ինչ-որ տեղ գնես ու տրամադրես զինված ուժերին, էլ չենք ասում, որ բանակին անհրաժեշտ ռազմամթերքը, սնունդը եւ այլ անհրաժեշտ պարագաները առհասարակ ձեռք են բերվում կենտրոնացված եւ այլ կարգով, համապատասխան մրցույթներով: Իսկ եթե նկատի ունենանք, որ այնուամենայնիվ խոսքը զենիթահրթիռային շարժական համալիրի բաղադրիչների մասին է, որոնք ռազմամթերք են համարվում, ապա հետաքրքրական պահերն էլ ավելի կընդգծվեն:

Ինչեւէ, ըստ պաշտպանի ներկայացրածի, մարդը փորձել է պարզել, թե հատկապես ինչ տեսակի զենքերի կարիք կա, որից հետո պետք է համապատասխան գումարը փոխանցեր, եւ զենքը ներկրեին:

Շարունակությունն էլ պակաս ինքնատիպ չէ, քանզի գործով անցնող մյուս մեղադրյալը երկրի ներսում ինչ-ինչ տարբերակով ձեռք բերած զենքը, ավելի ճիշտ՝ դրա բաղադրիչները, փորձել է ներկայացնել որպես ներկրված, այսինքն՝ վերը հիշատակված գործարարին թյուրիմացության կամ մոլորության մեջ են գցել, նա համոզվել է, որ իրեն ինչ-որ անպիտան ու ոչ ամբողջական բան են առաջարկում ու, պետք է կարծել, հրաժարվել է գործարքից:

Պաշտպան Աղաջանյանը news.am-ին մասնավորապես ասում է. «Փորձել են խաբել պաշտպանյալիս, որպեսզի գումար աշխատեն, բայց նա էլ համոզվելով, որ այդ զենքը լիարժեք չէ, դիմել է իր մարտական ընկերոջը՝ Սամվել Բաբայանին, եւ խորհուրդ հարցրել նրանից: Սամվել Բաբայանն էլ նկարը տեսնելով՝ ասել է, որ թափելու բան է: Ամբողջ խնդիրն այն է, որ իմ պաշտպանյալը նախաքննության ընթացքում այդ հանգամանքը չի նշել, որպեսզի Սամվել Բաբայանին որեւիցե բանով վնաս չտա, սակայն Սամվել Բաբայանն ինքն է իր նախաքննական ցուցմունքում այդ մասին ասել, որից հետո էլ ամեն ինչ պարզվել է. ու հենց դա էլ պատճառ է եղել մեղադրանքը մեղմացնելու»:

Ինչ վերաբերում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, ապա նրա պաշտպանն էլ tert.am-ին մասնավորապես ասել է. «Բերվել է, չի բերվել, դա այլ հարց է, բայց որոշում է կայացվել, որ Սամվել Բաբայանը դեպի Հայաստան «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի»:

Նա նաեւ հավելել է, որ նախկինում եւս այդ մասին բազմիցս է ասել, որ տեղափոխման վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, սակայն վստահ է՝ իր պաշտպանյալը դրա հետ որեւէ առնչություն չունի:

Եթե հիմնվենք բացառապես պաշտպանների պատմածների վրա, ապա ստացվում է «հայկական» ու անկապ մի պատմություն, մի տեսակ «տնավարի» իրավիճակ: Այսինքն՝ որոշակի դրամական միջոցներ ունեցող մի քաղաքացի, հայրենասիրական մղումներով ու հայկական զինուժին զենք նվիրելու ցանկությամբ տոգորված, զենիթահրթիռային շարժական համալիրով է հետաքրքրվել, նրան փորձել են մոլորեցնել՝ նշված զինատեսակի առանձին բաղադրիչներ կամ դրանց լուսանկարները ներկայացնելով:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930