Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա». Ըստ Փաշինյանի, ՀՀԿ-ականները Կարեն Կարապետյանին հրաժեշտ են տալիս (Տեսանյութ)

Հունիս 21,2017 16:54

«Քաղաքական գլխավոր հարցը հետեւյալն է՝ արդյոք Կարեն Կարապետյանը հավակնո՞ւմ է 2018-ին Հայաստանի թիվ 1 պաշտոնյա հանդիսացող վարչապետի կարգավիճակին»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, թե ինչ էր այդ մասին հարցին պատասխանել այսօր Կարեն Կարապետյանը. «Խաչաձեւ հարցաքննության ընթացքում վարչապետն ի վերջո ասաց, որ ինքը պատրաստ է լինել վարչապետ՝ 2018-ի ապրիլից հետո: Սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 տոկոսով: Ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ այդ կարգավիճակը ստանձնելուն պատրաստ է նաեւ Սերժ Սարգսյանը, օրինակ, կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ կարգավիճակը ստանձնի Վիգեն Սարգսյանը»:

Փաշինյանը հիշեցրեց, որ մայիսի 18-ին ԱԺ-ում իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր որպես ոչ թե հեռացող նախագահ, այլ՝ որպես «մոտեցող վարչապետ», իսկ ՀՀԿ-ականների խոսքերում կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին:

Ըստ Փաշինյանի, անգամ ՀՀԿ խոսնակն իր ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանի անունը չտվեց, միայն ծրագրի այս կամ այն մասի մասին խոսեց, ասես այս ծրագրի հետ Կարեն Կարապետյանն ընդհանրապես կապ չունի. «Գործող վարչապետը ՀՀԿ-ի շարքերը մտնելով՝ իր նոր կերպարով պոզիտիվ ֆոն ստեղծեց՝ ընտրակաշառքների բաժանման եւ ՀՀԿ-ի, Սերժ Սարգսյանի վերարտադրման համար»:

Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր խորհրդարանական մեծամասնության մեջ եթե ուսումնասիրեն, թե ովքեր են Կարեն Կարապետյանի թիմակիցները, հազիվ կգտնվեն 2-3 հոգի. «Այդ մարդկանց հաշվելու համար մեզ պետք կլինի մեկ ձեռքի մատների կեսը եւ ոչ ավելին: Ամեն ինչ շատ նման է նրան, որ մենք այսօր ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հաստատմանն ենք ներկա, այլ՝ նրա կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին: Ըստ էության, ՀՀԿ-ի ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետեւյալը՝ մավրը արել է իր գործը, մավրը պետք է հեռանա»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական գործընթացները տանել մաֆիա խաղի կանոններով՝ հակասում է ՀՀ շահերին: Նա դիմելով ՀՀԿ-ականներին, հեգնեց՝ ձեզանից է՞լ ով է պատրաստ ընդհանրապես ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:

Նա երկու հարց ուղղեց վարչապետին՝ արդյոք ունե՞ն պայմանավորվածություն Սերժ Սարգսյանի հետ՝ իրենց դերակատարումների վերաբերյալ եւ արդյոք Կարեն Կարապետյանը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի կառավարությունում լինել փոխվարչապետ կամ նախարար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930