Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական բուհերի ղեկավարներն արդեն երկու-երեք տարի է որդեգրել են կրճատումների գործելաոճը. «Ազգ»

Հունիս 30,2017 12:18

Իսկապես մտահոգիչ է վերջին տարիների բուհական կրթության վիճակը եւ անընդհատ պակասող դիմորդների թվաքանակը: Վիճակագրական, պաշտոնական ու ոչ պաշտոնական թվեր չեմ վկայակոչի, առանց դրանց էլ բոլորի համար ցավալի այդ իրողությունը տեսանելի է: Միայն թե այս տարի հարցն իր ամբողջ ծավալով ընկալվեց եւ, որ ավելի տխուր է, գալիք տարում դիմորդների աննախադեպ փոքր թվաքանակն այսօր իսկ անհանգստացնում է բոլոր բուհերի ղեկավարներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Բոլորին անհանգստացնում է մեկ հարց. ի՞նչ է լինելու վաղը:

Պետական բուհերի ղեկավարներն արդեն երկու-երեք տարի է որդեգրել են կրճատումների գործելաոճը եւ, հիմնականում տարիքային գործոնով պայմանավորված, ազատվեցին զգալի թվով դասախոսներից: Մյուս քայլը դրույքաչափերի չնչին ավելացմամբ ծանրաբեռնվածության ժամաքանակների զգալիորեն շատացնելը եղավ: Բարձրաձայն դժգոհողներ հիմնականում չեղան, քանի որ աշխատաշուկայում (տվյալ դեպքումՙ բուհական համակարգում) բավականին անհամաչափություն է առաջացել աշխատատեղերի ու մասնագետների եւ առաջարկի ու պահանջարկի միջեւ` ի վնաս աշխատավորների: Անկախության առաջին տարիներից սկսած այդ անհամաչափությունը հաղթահարվում էր սնկի նման բազմացող մասնավոր բուհերի միջոցով: Բայց վերջին տարիներին դրանց թիվն օրեցօր կրճատվում է. շատ բուհեր պարզապես փակվում են, շատերն էլ միավորվում են (օպտիմալացվում): Սակայն բոլոր դեպքերում աշխատատեղերն անշեղորեն կրճատվում են: Սա էլ հնարավորություն է ընձեռում ռեկտոր-գործատուներին իրենց ձեռնտու պայմանները թելադրել:

Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ ակնածանքով է վերաբերվել կիրթ ու գրագետ մարդուն: Վարժապետ-ուսուցիչը հարգվել ու մեծարվել է հայ հասարակության բոլոր խավերի կողմից: Գաղտնիք չէ նաեւ, որ շատ դեպքերում ծնողները մեծ զոհողությունների գնով թե՛ նախկինում եւ թե՛ մեր օրերում կրթության են տվել ու տալիս իրենց երեխաներին եւ շատ հաճախ չեն էլ կարեւորում, թե այդ ավարտական վկայականը (դիպլոմ) որեւէ կերպ կօգնի իրենց երեխաներին կյանքում իրենց տեղը գտնելու, թե` ոչ: Քիչ չեն դեպքերը, երբ շատերն իներցիայով են դիմում բուհ, միմյանց «աչք տալով», միմյանցից հետ չմնալու ցանկությունից դրդված: Արդյունքում հաճախ ծնողների այդ անկեղծ մղումից տուժում է երեխան: Ինչպե՞ս:

Դիմորդների թվաքանակի անընդհատական նվազումը նրանց համար նկատելի անզիջում մրցակցություն է առաջացնում, որն էլ անուղղակի ազդում է կրթության մակարդակի վրա: Շուկայական հարաբերություններ են, բուհերն ինքնաֆինանսավորվող, իսկ յուրաքանչյուր ուսանող` պոտենցիալ վճարող: Հետեւապես ամեն մի ուսանողի կորստի դեպքում պակասում է մեկ վճարող… Պահանջներն ինքնըստինքյան մեղմանում են, իսկ երեխաների մեծ մասն օգտվում է առիթից ու այնքան էլ շատ նեղություն չի պատճառում իրեն, որ լավ սովորի (իսկ ավելի հաճախ` ընդհանրապես որեւէ բան սովորի): Արդյունքում շատերն ավարտում են, սակայն նրանց գիտելիքների մակարդակը հեռու է լինում բավարար լինելուց:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազգ»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930