Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ. «ՀՀ դատախազությունն իր գործունեության բոլոր փուլերում հանդիսացել է երկրում օրինականության և իրավակարգի ապահովման պատասխանատուն»

Հուլիս 03,2017 19:45

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ ՀՀ դատախազության 99-րդ  տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, որը մեկնարկել է  Պետիկ Թորոսյանի հուշաքարի մոտ ծաղկեպսակի տեղադրմամբ:

Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես է  եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մասնագիտական տոնի կապակցությամբ  ջերմորեն շնորհավորելով ՀՀ դատախազության աշխատակիցներին և վետերաններին՝ ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի մասնագիտական տոնը յուրաքանչյուր տարի պատեհ առիթ է արժևորելու համակարգի անցած ճանապարհը, գնահատելու արձանագրված ձեռքբերումները, դրանցում դատախազության յուրաքանչյուր աշխատողի կարևոր ու առանձնահատուկ ներդրումը, հետևություններ անելու բացթողումներից և նախանշելու հետագա գործունեության մեջ առաջնահերթությունները, որոնք դառնալու են համակարգի հետագա աշխատանքի հիմնական ուղենիշերն ու արդյունավետության գլխավոր չափանիշը:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը պետական մարմինների համակարգում իր ուրույն տեղով մշտապես կարևոր ներդրում է ունեցել պետական-իրավական համակարգի կայուն և բնականոն գործունեության ապահովման, զարգացման և կատարելագործման մեջ: Դատախազության, որպես պետական մարմնի ձևավորման հիմքը կառավարման մարմինների նկատմամբ վերահսկողությունը և հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունն էր և այդ հայեցակարգային տրամաբանությանը համապատասխան՝ Հայաստանի դատախազությունն իր գործունեության բոլոր փուլերում հանդիսացել է երկրում օրինականության և իրավակարգի ապահովման պատասխանատուն:

Հայաստանի անկախացումից հետո սկիզբ առած իրավական բարեփոխումները հիմք դրեցին դատախազության համակարգի կազմակերպական և ֆունկցիոնալ զարգացման նոր ընթացքին՝ ապահովելով սահուն անցում դեպի գործունեության ուղղությունների նոր շրջանակ և դրանց արդյունքների վերաբերյալ նոր որակական պահանջներ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ձևակերպեց դատախազության նոր կարգավիճակը, վերաիմաստավորեց Հայաստանի Հանրապետության դատախազության, որպես իրավապահ մարմնի դերը` նրա գործունեությունն ուղղելով հատկապես հանցավորության դեմ պայքարին ու քրեադատավարական գործունեությանը: Դատախազության մասին Հայաստանի Հանրապետության երկու օրենքներն իրենց գործողության մեկական տասնամյակում, ժամանակին համահունչ, ապահովել են դատախազության առջև դրված խնդիրների իրականացումը` միաժամանակ փորձառական առիթ ստեղծելով համակարգի գործունեության իրավական հիմքերի հետագա զարգացման համար:

Իրողություն դարձած սահմանադրական բարեփոխումները, ի դեմս Հայաստանի Հանրապետության սահմանադրության 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունների, դատախազության համակարգի հետագա զարգացման և գործունեության շարունակական կատարելագործման պայմաններ են ձևավորել: Դրանք ի վերջո պետական իշխանության իրականացման՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի համատեքստում հստակեցրել են Հայաստանի Հանրապետության դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը

Շարունակվող իրավական բարեփոխումների շրջանակում ընդունվելիք «Դատախազության մասին» նոր օրենքը, դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակին համապատասխան, վստահաբար անհրաժեշտ գործիքակազմ է ապահովելու մեր հանրության պահանջներով, Ձեր հռչակած հրամայականներով դատախազության ստանձնած խնդիրները լուծելու համար:

  1. Այդ խնդիրներից առաջինը քրեադատավարական գործունեության միասնականության, կանխատեսելիության և որոշակիության ապահովումն է: Մարդու իրավունքներն ու օրինական շահերը շոշափող այդ գործունեության արդյունքում կայացվող որոշումների տարբերակվածությունն ու մարդուն իր վարքագծի անթույլատրելիությունը ողջամտորեն գիտակցելու հնարավորություն չտվող դրանց անկանխատեսելիությունն անհամատեղելի են օրենքի առջև ընդհանուր հավասարության և իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքների հետ, հանգեցնում են այդ գործունեության անարդարացիության մասին հասարակական ընկալման: Դատախազությունը հսկողություն իրականացնելով պետական տարբեր գերատեսչություններում գործող մինչդատական վարույթ իրականացնող մարմինների գործունեության նկատմամբ, իր լիազորությունների ծավալով, դրանք իրականացնելու արդյունքում անհրաժեշտ ամբողջական տեղեկատվություն տիրապետելու և դրանց համադրված վերլուծություն կատարելու հնարավորությամբ, անհրաժեշտաբար հանձնառու է նաև քրեական արդարադատության ոլորտում իրավական խնդիրների լուծման միասնականության և կանխատեսելիության ապահովման գործում:

Այսօր ակտիվորեն իրականացվում են այդ ուղղությամբ վճռական քայլեր, ոլորտի առանձին պատասխանատուների դիրքորոշումների համակողմանի վերլուծության և քննարկումների արդյունքում մշակվում են գործնական վիճելի հարցերի միասնական լուծումներ՝ իրավունքի զարգացման ընդհանուր միտումների, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներում և բանաձևերում առաջադրված լուծումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինչպես Հայաստանին վերաբերող, այնպես էլ այլ գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների  հաշվառմամբ՝ այդպիսով էապես նպաստելով նաև այդ դիրքորոշումների և մոտեցումների գործնականում արագ տարածմանն ու անմիջական կիրառությանը:

  1. Դատախազության գործունեության գլխավոր առաջնահերթություններից մյուսը եղել և մնում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այն, որ կոռուպցիան անհամատեղելի է բոլոր ոլորտներում պետական գործունեության հիմքը կազմող այնպիսի բարձրագույն արժեքների հետ ինչպիսիք են անաչառությունը, արդարությունը, իրավահավասարությունը և իրավունքների պաշտպանության երաշխավորումը, այն, որ կոռուպցիան անկախ ծավալներից կամ պետական ու ոչ պետական տարբեր ոլորտներում տեղակայումից, ստվերում է պետության կայուն զարգացմանն ուղղված բարեխիղճ աշխատանքը, առաջացնում անվստահություն պետական բոլոր կառույցների նկատմամբ և անարդարության խորը հասարակական ընկալում, բավարար հրամայական են այդ չարիքի դեմ պայքարը բացարձակացնելու համար:

Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները ենթադրում են այդ երևույթի դեմ համակարգված և մասնագիտացված պայքար և դատախազությունն իրավապահ գործունեության ոլորտում իր բացառիկ լիազորություններով առաջինն է կրում այդ պայքարի հիմնական ծանրությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարեցտարի ավելացող հաջողությունները թեև տեսանելի են, սակայն անելիքներ դեռ շատ կան: Ընդ որում, այդ պայքարում դատախազության որդեգրած մոտեցումներն առաջին հերթին ուղղված են բացառելու կոռուպցիոն երևույթները դատախազական գործունեության կամ դրան հարող ոլորտներում:

Քաջ գիտակցում ենք, որ այդ երևույթի դեմ արդյունավետ, արդարացի և հանրության կողմից ընկալելի պայքարի առաջամարտիկը կոչվելու առաջին գրավականը յուրաքանչյուր դատախազի վարքագծի, գործունեության հանրագումարում դատախազական համակարգի հստակ և շիտակ բարոյական նկարագրի երաշխավորումն է, որն ապահովում է այդ պայքարի նախ բարոյական, ապա իրավական հիմքն ու ուղղվածությունը: Յուրաքանչյուրիս պարտքն է արդարացնել և ամրապնդել դատախազության ստանձնած դերն այդ պայքարում, կասկածի տակ չդնել մեր և մեր գործընկերների հեղինակությունը, առաջնորդվելով այն գիտակցմամբ, որ հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ քրեադատավարական գործունեության ոլորտում կոռուպցիոն երևույթները էապես վնասում են մարդու իրավունքներին, հասարակության և պետության շահերին, չեզոքացնում են տարիների կատարված աշխատանքն ու հեղինակազրկում ողջ իրավապահ համակարգը:

  1. Դատախազության գործունեության մեջ հաջորդ առաջնահերթությունը հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է: Հանցավորության համընդհանուր որակական և քանակական փոփոխությունները, որոնք արտահայտվում են առանձին հանցատեսակների քանակական աճով, կազմակերպվածության աստիճանի բարձրացմամբ, հանցավոր գործունեության եղանակների և միջոցների կատարելագործմամբ՝ մեր ամենօրյա հետևողական աշխատանքի ու ստեղծագործական մոտեցումների հրամայականն են կանխորոշում: Առանձին հանցատեսակների նաև անդրազգային տարածումը լուրջ սպառնալիք է ցանկացած պետության անվտանգությանը: Հանցավորության գրեթե բոլոր տեսակների կրիմինոլոգիական և քրեաիրավական ուսումնասիրությունները վկայում են, որ դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված որակական փոփոխություններն անվիճելի անհրաժեշտություն են: Հանցավորության դեմ պայքարը պետք է բավարարի դրա արդյունավետության համար էական նշանակություն ունեցող համակարգվածության պահանջին՝ հիմնված լինելով հանցավորության վիճակի, կառուցվածքի և շարժընթացի վերաբերյալ տվյալների անհրաժեշտ վերլուծությունների վրա:

Իր կարևորությամբ նշվածի հետ զուգահեռաբար ընդգծման է արժանի քրեական գործերի արդարացի քննության պահանջի անվերապահ ապահովման խնդիրը: Այս գործառույթի հետևողական իրացումը պետք է ապահովի քրեական դատավարությունում հանրային և մասնավոր շահերի անհրաժեշտ և ողջամիտ հավասարակշռումը՝ իր հիմքում ունենալով այն գիտակցումը, որ հանցավորության, որպես անձի, հասարակության և պետության նկատմամբ ոտնձգող երևույթի դեմ պայքարը պետք է կառուցված լինի օրինականության սկզբունքի վրա:

Ընդ որում, այս առումով դատախազության առաքելությունն առանձնահատուկ է, որն արտահայտվում է մի կողմից հանցագործության լիարժեք բացահայտման, մեղավոր բոլոր անձանց մերկացման, նրանց արդարացի պատասխանատվության ապահովման, մյուս կողմից՝ քրեական վարույթում ներգրավված յուրաքանչյուր մասնավոր շահ հետապնդող անձի դատավարական իրավունքների երաշխավորման միաժամանակյա պատասխանատվությամբ:

  1. Ինչպես ցանկացած ժողովրդավարական պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ խնդիր է նաև հանրությանն օբյեկտիվ, լիարժեք տեղեկատվության ապահովումը մեր գործունեությանն առնչվող հարցերով: Այլ խոսքով՝ օրենքով թույլատրելի հրապարակայնության ապահովմամբ հանրությանը հասանելի ենք դարձնելու քրեական հետապնդման ոլորտում կատարվող աշխատանքը, նաև բաց շփումների արդյունքում ապահովելու բարդ, դժվարին, պատասխանատու, երբեմն անմիջական վտանգներով ուղեկցվող իր գործը հանցանքի նկատմամբ աներեր անհանդուրժողականությամբ շարունակելու դատախազի, նաև քրեական հետապնդման մյուս մարմինների մեր գործընկերների պատրաստակամության՝ հանրության լայն զանգվածների կողմից ընկալումը, դրանց նկատմամբ հանրային վստահության և հոգատարության բարձր մակարդակը:

Դատախազության գործունեության արդյունավետության կապակցությամբ բարձր ակնկալիքները և հասարակության արդարացի պահանջկոտությունը պայմանավորված են դատախազության առջև դրված խնդիրներով և դրանք լուծելու համար նրա ունեցած սահմանադրաիրավական կարգավիճակով: Այդ կարգավիճակի գործնական իրացումն ուղղված է լինելու բացառապես օրինականության ամրապնդմանը, մարդու իրավունքների, հասարակության և պետության շահերի պաշտպանությանը, հասարակական վստահության ամրապնդմանը:

Կրկին շնորհավորելով իմ բոլոր գործընկերներին՝ մաղթում եմ քաջ առողջություն, ընտանեկան խաղաղություն ու երջանկություն, բեղմնավոր, արդյունավետ և հպարտության ապրումներով աշխատանք՝ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի:

Միաժամանակ ցանկանում եմ վստահեցնել, որ դատախազական համակարգը վճռական է և ջանք չի խնայի մեր առջև դրված պատասխանատու խնդիրները պատվով կատարելու համար»:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի,  ՀՔԾ պետի, ՀՀ ՔԿ նախագահի կողմից Դատախազության 99-րդ  տարեդարձի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցների շնորհվել են գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ:

ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել դատախազության համակարգի աշխատակիցներին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31