Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են կողպված «Հայրենիք» կինոթատրոնի դռները

Հուլիս 07,2017 13:30

Հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած
շենքը միայն ընտրությունից ընտրություն է «արթնանում»

Բանվորական թաղամաս համարվող, այսպես կոչված, Երրորդ մասում ժամանակին գործում էր 2 կինոթատրոն` «Հայրենիքը» եւ «Սեւանը»: Այստեղ լավագույն ֆիլմերն էին ցուցադրվում, բայց հատկապես երկու կինոթատրոններ հաճախողները հնդկական ֆիլմերի համար էին գալիս: Այժմ «Սեւան» կինոթատրոնը վերածվել է տոնավաճառի, իսկ «Հայրենիքի» դռները փակ են: Տարիներ առաջ շատ շենքեր մասնավորեցվել են առանց պայմանների, որ պարտադիր շահագործվելու են, ոչ թե փակ դռներով տարիներով մնալու են ու քայքայվեն: «Հայրենիք» կինոթատրոնի շենքը ընտրությունից ընտրություն է «արթնանում»` կամ կուսակցական շտաբ է տեղակայվում այստեղ, կամ այս կամ այն թեկնածուի պաստառը փակցվում պատերին: «Հայրենիք» կինոթատրոնը բացվել է 1951թ., եւ առաջին ֆիլմը, որ ցուցադրվել է, եղել է «Բեռլինի անկումը»:

Տարիներ առաջ panarmenian. net-ը գրել էր. «1996 թվականի մայիսի 22-ին ՀՀ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման եւ վարձակալած գույքի գնման թույլտվության մասին կառավարության 156 որոշման 13.1 կետում նշված է. «Թույլատրել «Հայրենիք» կինոթատրոն արտադրական կոոպերատիվին գնել ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունից վարձակալած գույքը»: 1996 թվականի հուլիսի 16-ին կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր: Գինը, համաձայն կառավարության 1996 թվականի մայիսի 22-ի 156 որոշման, կազմել է 165.641.955 դրամ: Այն այժմ պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանին: «Հայրենիք» կինոթատրոնի արխիվային գործի վերջին էջերից մեկում կա փակցված տեղեկանք` 18 մարտի 1991 թվական –տեղեկանք թաքցված շահույթի վերաբերյալ»:

«Առավոտը» այս շենքի ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունից: Կառույցից «Առավոտին» գրավոր փոխանցեցին հետեւյալը. «Հայրենիք» կինոթատրոնի ապապետականացումն իրականացվել է այլ ճանապարհով (սնանկացման ճանապարհով), հետեւաբար Վարչությունը չի կարող պատասխանել Ձեր կողմից բարձրացված հարցադրումներին՝ կապված սեփականատիրոջ վերաբերյալ, կինոթատրոնի վաճառքի գնի եւ այլ տեղեկատվության հետ»: Պետական այլ կառույցներից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ, քանի որ օրը ոչ աշխատանքային էր, հետեւաբար այլ մեկնաբանություններ կստանանք առաջիկայում:


Շենգավիթ համայնքում ապրող երգահան Արա Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում երանությամբ է հիշում այն տարիները, երբ ֆիլմերի դիտման էր գնում «Հայրենիք» եւ «Սեւան» կինոթատրոններում: «Որպես Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքի բնակիչ, մենք ավելի շատ փոքր ժամանակ գնում էինք մեր մշակույթի պալատի մեջ գտնվող «Սեւան» կինոթատրոն, եւ «Հայրենիք»` մի քիչ ավելի քիչ, որովհետեւ այն մի փոքր հեռու էր մեր տնից: Երկու կինոթատրոններում էլ գրեթե նույնանման ֆիլմեր էին գնում, հաճախ նաեւ հնդկական ֆիլմեր էին ցուցադրում, դրա համար էլ Երրորդ մասին ասում էին Հնդկաստան: Հումորով ասում էին, որ Կինոհայրենիքն անցնում ես, տաքսին փոխվում է՝ փիղ է դառնում, ռուբլին ռուփի է դառնում»,-ասում է երգահանը:

Նաեւ մտաբերում է, թե ինչ ֆիլմեր է դիտել այդ սրահներում. «Լիր արքա», «Ճապոնիայի կործանումը», «Զորո», մի քանի հանդկական ֆիլմ: Շատ լավ ֆիլմեր էին առաջ ցուցադրվում, տոմսն էլ լավ չեմ հիշում, կարծեմ՝ 30-50 կոպեկ էր, չնչին գին»:

Արա Գեւորգյանը հույս ունի, որ «Հայրենիք» կինոթատրոնը մի օր կգործարկվի, որովհետեւ նրա համոզմամբ, կինոթատրոններ մարդկանց հոսքը շատացել է, կինո ցուցադրելը դարձել է լավ բիզնես. «Կինոմոսկվան» ռիսկի գնաց եւ շահեց, հետո «Կինոնաիրին» վերաբացվեց, հիմա արդեն մեծ խանութների մեջ են կինոթատրոններ գործում: Ինձ թվում է, որ ոչ միայն կինոթատրոնները կբացվեն, այլեւ համերգասրահները: Ժամանակին, օրինակ, «Այրարատ» կինոթատրոնում կարելի էր կինո դիտել, շենքում եւ բար կար, եւ ռեստորան ու դիսկոտեկ, նվագախմբեր էին համերգներ տալիս, մի քանի դահլիճ կար»:

Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Հայրենիք» կինոթատրոնի մասին խոսելիս նշեց, որ այն հայտնի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանն է նախագծել. «Շատ լավ կառույց է, բոլորի կողմից ընդունված է որպես լավագույն կինոթատրոնային շենքերից մեկը: Այն տաճարային կառույցի սկզբունքով է կառուցված»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31