Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ծախսը մյուսի եկամուտն է, իմ սպառումը մյուսի տնտեսումն է». Վարդան Արամյանը՝ կուտակայինի ազդեցության մասին

Հուլիս 07,2017 12:20

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը ԿԲ-ի՝ 2017-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկմանը վստահեցրեց, որ 2016-ին ՀՀ դրամավարկային քաղաքականությունը կատարել է իր առջև դրված խնդիրները ու հայտնեց, որ 2016-ը եղել է գնանկումային: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնում էր հնգամյա ծրագիրը, մինչև 2020 նվազագույն աշխատավարձի շեմը 69 հազար դրամ է ֆիքսվել:

Այնուհետև հարցրեց՝ ինչքա՞ն գնաճ է կանխատեսվում և արդյոք այդ նվազագույն աշխատավարձը, որին ձգտելու ենք հինգ տարի անց, գնաճի հետ միմյանց չե՞ն չեզոքացնելու: Պարոն Ջավադյանը պատասխանեց. «Գնաճի կանխատեսումները 4+-1.5 տոկոս հորիզոնում են: Այս տարին ավարտելու ենք դրա ստորին մակարդակում՝ 2.5 տոկոսում, հաջորդ տարվա համար մենք նոր ենք սկսել կառավարության հետ բանակցությունները: Ինձ թվում է՝ բյուջեում նույն 4 տոկոսը կլինի +- 1 տոկոս հորիզոնում: Միջին գնաճը մեզ մոտ վեջին տասը տարում 3.3 տոկոս է եղել: Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա վերջին երկու տարում փաստացի աշխատավարձ չենք բարձրացրել, բայց եկամուտները բարձրացել են»:

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ հետաքրքրվեց՝ այն տնտեսումը, որը բնակչությունն անում է կուտակային համակարգի ներդրման արդյունքում և որ այդ տնտեսած միջոցները չեն սպառվում, դրա ազդեցությունը տնտեսության վրա ինչպիսի՞ն է, չի՞ ազդել տնտեսության վրա, քանի որ սպառման նվազումը տնտեսական աճի վրա է ազդում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն արձագանքեց. «Կուտակային համակարգի ազդեցությունը երկու-երեք տարով չի գնահատվում, դա երևում է 10-20 տարիների ընթացքում: Բայց կուտակային համակարգերի ազդեցությունը զարգացող երկրների վրա դրական է»:

Պարոն Արամյանը նկատեց, թե մարդիկ հիմնականում երկարաժամկետ կտրվածքով չեն մտածում, դրա համար էլ, երբ դառնում են թոշակառու, իրենց բարեկեցությունն ընկնում է, երբ թոշակներն են ընկնում: Իսկ կուտակայինի դեպքում շատ կարճաժամկետ կտրվածքով սպառումը կրճատվում է, բայց միջնաժամկետ կտրվածքով այդ սպառումը, դրանից եկող էֆեկտները շատ ավելին են լինում:

Ամփոփելով՝ պարոն Արամյանն ասաց. «Եթե միայն սպառման էֆեկտով նայենք, ապա կարճաժամկետ կտրվածքով կուտակայինը կարող է տնտեսության վրա բացասաբար ազդել, բայց տնտեսությունն օրգանիզմ է. իմ ծախսը մյուսի եկամուտն է, իմ սպառումը մյուսի տնտեսումն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31