Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ էլ տեսնում ես 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու վերլուծում են, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում». Փաշինյան (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 15:37

«Հայաստանում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները վերահսկողության որոշակի գործիք են իշխանության ձեռքին՝ հանրությանը վերահսկելու նպատակով»,- Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, իշխանությունները ուզում են ազդեցություն գործել հանրության վրա՝ ԶԼՄ-ները վերահսկելու միջոցով: Փաշինյանը գտնում է, որ հեռուստատեսության եւ ռադիոյի միջոցով նախ պետք է փորձել բարձրացնել հանրության կրթական մակարդակը. «Հենց սա պետք է լինի այն նպատակը, որի շուրջ պետք է տեղի ունենա կոնսենսուս: Կրթական ցենզ ասելով՝ չպետք է հեռուստատեսությամբ հանրությանն ասեն, թե, ասենք, Ջոմոլունգմայի բարձրությունն ինչքան է, կամ ինչ-որ մաթեմատիկական բանաձեւ: Ամեն տարի հեռուստառադիոհեռարձակման արդյունքում մենք պետք է արձանագրենք, որ այս տարվա ընթացքում մեր հանրության համախառն կրթական ցենզը մի փոքր ավելի բարձրացավ»:

Փաշինյանը գտնում է, որ մենք հակառակ գործընթացի մեջ ենք. «Շատ դեպքերում ընտանիք-մարդկային հարաբերություններ հասկացությունները հեռուստատեսային եթերում տանում են նրան, որ եթերում մեկ էլ տեսնում ես 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսում են վերլուծություն անել, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում: Սա ազգային ողբերգություն է, որ մարդը չի գիտակցում, որ չի կարելի եթերում գալ ու պատմել քո, ամուսնուդ, զոքանչիդ, սկեսուրիդ հարաբերությունները: Հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում ոնց քրֆեց, ինչ արեց, երբ: Սա մարդկանց փոքրացնում է: Սա մարդկային հարաբերությունների որակ է ապահովում»:

Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ կրթական ցենզից է, որ մարդիկ ծխախոտի մնացորդը նետում են ուր պատահի, թուղթը ճմռթում են եւ նետում ուր պատահի եւ այստեղ հեռուստատեսությունն անելիք ունի:

Ըստ Փաշինյանի, այն, որ մարդիկ չեն ժպտում փողոցում, դա ոչ սոցիալական վիճակի խնդիր է, ոչ քաղաքական, դա էլ է կրթական խնդիր. «Մարդը մարդուն հանդիպելիս պետք է ժպտա: Դա կիսագողական կուլտուրայի արձագանքն է, որ մեկին տեսնում ես, պետք է սենց անես դեմքդ, որ լուրջ վերաբերվի, հանկարծ չմտածեն, որ ղզիկ ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31