Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունեց «Արի տուն» ծրագրի մասնակիցներին

Հուլիս 25,2017 16:40

Հուլիսի 25-ին «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց ընդունեց նախարար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով արիտունցիներին՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրեց Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարևորագույն ձեռքբերումները։ «Մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ ավելի մեծ թվով հայեր ապրում են Հայաստանի սահմաններից դուրս: Նրանց խնդիրները վերհանելու և Հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով գործում է Սփյուռքի նախարարությունը՝ իր փորձառու նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Վստահ եմ, որ այստեղ ձեզ համար ստեղծվել են բոլոր պայմանները՝ առավել լավ ճանաչելու Հայրենիքը: Ուզում եմ անպայման նշել, որ դուք պետք է կարողանաք հայ մնալ օտար ափերում, գիտակցեք ձեր ինքնությունը, այդ դեպքում դուք ավելի արժանապատիվ կյանքով կապրեք: Հայրենիքը կենարար աղբյուր է, որից դուք կարող եք անընդհատ սնվել: Հայ լինելը պատվաբեր է ողջ աշխարհում, քանի որ աշխարհում հային ճանաչում են՝ որպես աշխատող, արարող մարդու: Ուստի հայ լինելը ոչ միայն լրացուցիչ պարտականություն է, այլև՝ հնարավորություն»:

Անդրադառնալով հայոց բանակի կազմավորման պատմությանը՝ նախարար Սարգսյանը նշեց, որ մեր պետականաշինության ամենակարևոր քննությունը բանակաշինությունն էր: «Մեր բանակը ձևավորվել է Արցախյան պատերազմի ժամանակ և այսօր այն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, խաղաղության երաշխավորը: Մեր բանակը աշխարհում բնակչության թվի համեմատությամբ զորակոչվող զինծառայողների քանակով երրորդն է՝ Իսրայելից և Սինգապուրից հետո: Ուզում եմ անպայման ընդգծել, որ մենք պայքարում ենք խաղաղության համար», – նշեց Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը արիտունցիներին կոչ արեց ավելի հաճախ գալ Հայաստան:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանող երիտասարդներին ո´չ միայն Հայաստանի պատմամշակութային վայրերը տեսնելու, այլև ռազմաուսումնական հաստատություններ ու զորամասեր այցելելու, զինված ուժերի ղեկավար կազմի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռվում։

«Մեր պատանիներին և աղջիկներին ընդունելու համար Դուք տրամադրեցիք Ձեր բազմազբաղ ժամանակից, Ձեր խորհուրդներն ու գիտելիքները փոխանցեցիք նրանց: Ձեր անցած կրթական ճանապարհով և աշխատանքային փորձով Դուք լավագույն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյայի օրինակ եք նրանց համար, պարոն Սարգսյան: Դուք փորձում եք կյանքի կոչել «Ազգ-Բանակ» գաղափարախոսությունը, որի շրջանակներում իրականացվում են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը՝ ուղղված սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն և խրախուսելուն բոլոր նրանց, ովքեր կայացրել են առաջնագծում ծառայություն անցկացնելու որոշում»:

Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ զինվորական կրթություն ստանալ ցանկացող արիտունցիներին մեծապես օգնեց Պաշտպանության նախարարի փոխանցած տեղեկատվությունը՝ Հայաստանի Հանրապետության ռազմական կրթություն ապահովող բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանեց հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի, որոնք առավելապես վերաբերում էին Հայկական բանակի հետագա հզորացմանն ու խաղաղության պահպանմանը, ինչպես նաև զինվորական ծառայությունը Հայրենիքում անցկացնելու հնարավորություններին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հայ լինելը պատվաբեր է ողջ աշխարհում, քանի որ աշխարհում հային ճանաչում են՝ որպես աշխատող, արարող մարդու:

    Հայ մնալ կարելի է միայն Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31