Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկան Գեղամ Խաչատրյանը բռունցքով հարվածել է քաղաքացուն». քննվում է Գեւորգ Սաֆարյանի բողոքը

Սեպտեմբեր 04,2017 16:35

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման աջակից, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի վերաքննիչ բողոքի լսումը:

Սաֆարյանը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ առ այն, որ վերջինս ուժի մեջ է թողել քննչական մարմնի կողմից Սաֆարյանի՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու գործը կարճելու որոշումը: Դրանով Սաֆարյանը պահանջում էր իրեն տուժող ճանաչել եւ պնդում էր, որ ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացիների հանդեպ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. Ամանորի գիշերը, երբ քաղաքացիական ակտիվիստները ցանկացել էին Ազատության հրապարակում տոնը նշել: Նրանցից մեկը տոնածառի պես էր զգեստավորվել եւ եկել Ազատության հրապարակ, ինչից հետո քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում էր տեղի ունեցել:

Միջադեպի հետեւանքով Գեւորգ Սաֆարյանը ոստիկանի հանդեպ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը եզրափակիչ խոսքում նշեց՝ գործում առկա տեսանյութերից կասկած չի մնում, որ ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացիների հանդեպ. «Մեր դատարանները չեն ուզում այդ փաստը տեսնել: Պատվիրված դատական ակտերը հանրության շրջանում ծնում են արհամարհանք՝ արդարադատության հանդեպ»:

Դատավոր Անդրանիկ Մնացականյանը չհամաձայնեց՝ վստահեցնելով, որ իրեն որեւէ մեկը չի կարող ինչ որ բան պատվիրել, իսկ եթե իր անաչառության շուրջ կասկածներ կամ հիմնավոր փաստեր կան, թող ներկայացվեն:

Մեղադրող դատախազը Սաֆարյանի եւ նրա պաշտպանի բողոքի դեմ առարկեց՝ վստահեցնելով, որ ոստիկանների կողմից կիրառված իրավաչափ ֆիզիկական ուժը բռնություն չէ:

Տիգրան Հայրապետյանը շարունակեց. «Միայն մեկ դրվագ նկարագրեմ: Գեղամ Խաչատրյանի(Ոստիկանության Երևանի Հատուկ ջոկատի` «Հրեշտակների գնդի» չորրորդ վաշտի հրամանատար.-խմբ.) երկու ծառայակիցները բռնում են նրա թեւերից եւ փորձում հանգստացնել: Այդ ժամանակ նա տեդից վեր է թռչում, բռունցքով հարված հասցնում, ինչից հետո քաղաքացին հարվածից կռանում է…մինչդեռ Գեղամ Խաչատրյանը քննիչին ասել է, թե ինքը հարվածելու մտադրություն չի ունեցել, ուղղակի ցանկացել է վախեցնել: Բայց հնարավոր չէ այս դեպքում ասել, թե նա բռնություն չի գործադրել»:

Նիստի այլ մանրամասները՝ քիչ ուշ

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նաիրի ՈՒրարտացի says:

    Քաղաքացի դատավոր /չնայած քեզնից ինչ դատավոր, դատավոր լինելուց առաջ պետք է նախ
    առաքինի, հայրենասեր ու հումանիստ լինել/ Անդրանիկ Մնացականյան քո անաչառության
    վերաբերյալ կասկածներ ու հիմնավոր փաստ ես ուզում: Ոնց չես ամաչում, չէ որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ամեն մի դատական պրոցես քո նախագահությամբ ոչ միայն ծանրակշիռ
    փաստ է, այլև խարան ՀՀ ողջ դատական համակարգի ճակատին: Քանզի դու դատում ես միանգամայն ամեղ մարդու: Եթե լավ դատող եք, դատեք նրանց, ովքեր իշխանությունների
    լուռ համաձայնությամբ կամ նրանց պատվերով փորձում են լռեցնել ազատ խոսքն ու քաղաքացիների ազատ կամարտահայտութան իրավունքը: Դու շատ թե քիչ իրավաբան լինելով՝
    լավ ել հասկանում ես, որ Գևորգն ու իր ընկերները անմեղ են, նրանց մեղքը մեկն է, որ ձեզ պես չեն մտածում ու ախորժակ էլ չունեն պետական կերակրատաշտից օգտվելու, չեն գայթակղվում
    ու չեն վախենում կորցնել թալանով ապրելու հնարավորությունը: Դու, Անդրանիկ Սերժիկյան-Մնացականյան, լավ ես հասկանում, որ ըստ էության չեք կատարում ձեր մասնագիտական
    պարտականությունը, այլ շարժվում եք իրավաբանությունից ու օրենքից բան չհասկացող,
    բայց առաջդ մի կտոր հաց նետող տգետ մարդու պատվերով: Մի խոսքով, ապրում ես շան օրի,
    իսկ դա պատիվ չի բերում քեզ նման կրթված անձնավորությանը, առավել ևս քո ընտանիքին ու
    բոլոր հարազատներն: Ինչևէ, աստված քեզ հետ.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930