Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ եւ ՌԴ զորքերի միացյալ խմբավորման հարցը՝ ԱԺ-ում. «Մենք ի սկզբանե ձե՞ռ քաշենք Ղարաբաղից՝ մեր համաձայնությամբ»

Սեպտեմբեր 06,2017 16:26

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում մի ուշագրավ նախագիծ քննարկվեց՝ ՀՀ –ի եւ ՌԴ-ի միջեւ հերթական համաձայնագիրը վավերացնելու հարցը, այս անգամ՝ ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին է

ՊՆ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ասաց, որ սա հնարավորություն կտա միացյալ զորախմբի կիրառման եւ նրա փոխադարձ կարողությունները համատեղ օգտագործելու, եթե ագրեսիա լինի երկրի սահմանների վրա:

«Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը մտահոգված էր նախագծով. «Քառօրյա պատերազմի մասին չասեմ, որ ՌԴ-ի նախագահը 4 օր հետո արձագանքեց՝ ամեն ինչից հետո, վերցնենք Տավուշի վրա հարձակումը: Հարձակվեցին՝ ՌԴ-ն ոչ մի արձագանք չտվեց, մտել ենք ԵՏՄ, ՌԴ-ն էլ պիտի մեզ օգնության հասներ: Ես չեմ հասկանում՝ էս մեզ ի՞նչ առավելություն կտա: Սա չի՞ տանելու նրան, որ խաղաղապահ զորքեր մտնեն Ղարաբաղ: Եթե մենք համատեղ ռազմական գործողություններ ենք ծավալելու, կարող են զորքեր մտնել ՀՀ, ենթադրենք: Պարզ է, Ղարաբաղը ԵՏՄ անդամ չի, չգիտեմ ինչ է լինելու Ղարաբաղի ճակատագիրը, որ մենք ի սկզբանե ձե՞ռ քաշենք Ղարաբաղից՝ մեր համաձայնությամբ: Պա՞րզ է, էլ չեմ ուզում ասեմ: Գիտեք, հակաօդային համակարգն էլ տարանք տենց նվեր տվինք ու հիմա հակաօդային հարձակման դեպքում առանց ՌԴ-ի թույլտվության մենք կարո՞ղ ենք ինքնուրույն որոշում կայացնենք, գործողություն իրականացնենք՝ ոչ միայն օդային, այլեւ ցամաքային: Մենք կարա՞նք պաշտպանություն կիրառենք, հարձակում՝ առանց ՌԴ-ի թույլտվության, ամեն ինչ չե՞նք տանում Ռուսաստանի, կներեք, տակը, որը շատ վտանգավոր է»:

Սասուն Միքայելյանը հավելեց՝ ՌԴ-ի ծառայողի կողմից ագրեսիա էլ եղավ, չէ՞, եւ ՌԴ-ն ի՞նչ արձագանք տվեց, գրեթե ոչ մի:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ եկեք հանցագործությունը չխառնենք ռազմաքաղաքական համագործակցությանը, ուզում է ռուս լինի, ուզում է ամերիկացի զինծառայող՝ հանցագործությունը մնում է հանցագործություն: Նա ասաց, որ ՀՕՊ համակարգում մենք կարողանում ենք նաեւ շառավղից դուրս դիտարկում իրականացնել եւ ագրեսիան գնահատվում է, եթե մեր ՀՕՊ համակարգի պետը վտանգ է տեսնում ՀՀ տարածքում, այդ դեպքում կարող են միջամտել. «Դա չի նշանակում, որ ամեն ինչը ռուսներն են: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններով են առաջնորդվում: Եթե ռազմատեխնիկական համագործակցություն ենք ստեղծում, դա չի նշանակում, որ ընդհանրապես ամեն ինչ տանում նվիրում ենք: Հիմա դուք ասում եք՝ Տավուշի վրա հարձակվել են: Հարձակվել են՝ մենք երբեք չենք դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ի մեր գործընկերներին, դրա անհրաժեշտությունը չի եղել ու վստահ չեմ, որ առաջիկայում լինելու է»:

Արտակ Զաքարյանը նշեց, որ ՌԴ-ի համար խիստ շահավետ է մեզ հետ համագործակցել, մեզ համար էլ խիստ շահավետ է իրենց հետ համագործակցել, որովհետեւ հնարավորություն ենք ունենում անհրաժեշտության դեպքում այլ զորամիավորումներից օգտվել: Պետք է թիրախը, նպատակը ձեւավորվի, ագրեսիան, ուղղությունները, նոր կստեղծվի միացյալ զորախումբ. «Մեր խնդիրն է թույլ տալ զինվորականներին ավելի լայն կիրառական ավելի ամուր բազա ունենալ՝ հետագա համագործակցության, եթե թույլ չտանք՝ կունենանք այն, ինչ ունենք: Աշխարհը մեզ չի սպասում, տեխնոլոգիաներն ու սպառնալիքները այնքան արագ են փոխվում, որ պետք է կարողանանք նաեւ դրան դիմակայել»:

Սասուն Միքայելյանը ճշտեց՝ «Այսինքն, ես հասկացա, որ ՌԴ-ն ընդհանրապես Ղարաբաղի դեպքում հետաքրքրություն չունի, եթե մենք էլ փորձենք օգնության հասնենք՝ կարող են մեզ արգելե՞լ»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ փակ նիստում այդ մասին կխոսի, կան բաներ, որ հրապարակման ենթակա չեն:

«Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ համաձայնագրում նշված է, որ ներքին ագրեսիայի դեպքում էլ զորախումբը կարող է գալ, հուլիսյան դեպքերի նման ներքին խնդիրների ժամանակ կարո՞ղ են գալ՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այդտեղ նույնիսկ մեր ԶՈՒ-ն անելիք չունի, ուր մնաց դրսից գան: Խոսքը ահաբեկչությունների մասին է:

Հանձնաժողովը 5 կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով դրական եզրակացությամբ նախագիծն ընդգրկեց լիագումար նիստերի օրակարգ: Ձեռնպահ էր «Ծառուկյան» դաշինքից Դավիթ Մանուկյանը, Սասուն Միքայելյանը՝ դեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930