Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանի գործընկերները Հայաստանում են

Սեպտեմբեր 22,2017 16:00

Authenitic Light Orcestra էթնո- ջազ խմբի երաժիշտները հանդես կգան «Մեր խոստումը» համերգ-ներկայացման շրջանակում
Աշխարհում վաղուց ընդունված ձեւաչափ է մշակութային փակ միջոցառումների անցկացումը, որը հայաստանյան իրականությունում «ինտեգրվել» է խորհրդային տարիներից: «Առավոտին» հայտնի դարձավ, որ այսօր Ազգային օպերային թատրոնում կայանալիք նման միջոցառումը անդրադարձ է ամերիկացի կինոռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմին: Երեկոն կրում է «Մեր խոստումը» խորագիրը՝ ոգեշնչված «Խոստում» կինոնկարից, որը համերգ-ներկայացում է: Մասնակցում են՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը, հայաստանյան շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իվետա Մուկուչյանը, Նարինե Դովլաթյանը, Սրբուհի Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ ուրիշներ, ժողովրդական նվագարանների խումբ, այդ թվում՝ դուդուկահարներ Հարություն Խաչատրյանը, Գեորգի Մինասյանը եւ Շվեյցարիայից Authenitic Light Orcestra էթնո- ջազ խմբի ղեկավար Վալերի Տոլստովը եւ երգչուհի Վերոնիկա Ստալդերը: Համերգ-ներկայացման ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ. սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային փառատունում, իսկ հայաստանյանը՝ 2017թ. ապրիլի 27-ին:


«Առավոտն» այս ջազ խմբին ներկայացրել էր 2013թ. նրանց առաջին երեւանյան համերգին (16.09.2013թ): Այս անգամ կրկին հանդիպեցինք Վալերի Տոլստովին եւ Վերոնիկա Ստալդերին, քանի որ «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է Սերժ Թանկյանը, գործիքավորումը իրականացրել է Տոլստովը, եւ ֆիլմում դուետով հնչում է նաեւ աշուղ Շահենի «Սարի սիրուն յար» երգը՝ Թանկյանի եւ Ստալդերի մեկնաբանությամբ: Մեզ հետ զրույցում խմբի ղեկավարը հիշեցնելով, որ Authenitic Light Orcestra-ը հիմնադրվել է 2009թ. Ցյուրիխում, ասաց, որ մինչ օրս հավատարիմ են իրենց սկզբունքին՝ ներկայացնելով էթնո-ջազ երաժշտություն: «Չմոռանանք, որ ջազը ի հայտ է եկել 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին ԱՄՆ-ում՝ որպես աֆրիկյան ու եվրոպական մշակույթների սինթեզ եւ մինչ օրս էլ մնում է երաժշտարվեստի եզակի ձեւ, որը միավորում է ազգություններն ու վերացնում սահմանները մարդկանց եւ պետությունների միջեւ, իսկ մեր ներկայացրած երաժշտության 90 տոկոսը հայկական ֆոլկ է, որին մոտենում ենք շատ զգուշորեն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Դիտարկմանը, թե արտասահմանյան մամուլը, անդրադառնալով Վերոնիկա Ստալդերի արվեստին, հատկապես նշում է, որ արվեստագետը նախընտրում է իռլանդական ֆոլկը, երգչուհին պատասխանեց. «Նման շրջան եղել է իմ ստեղծագործական կյանքում, ինչը արդյունք էր ժամանակին Լոս Անջելեսի ջազային քոլեջում ուսման տարիների (նա սովորել է ջազային ճանաչված կատարողներ Լորան Նյուտոնի, Սյուզաննա Աբբուելի եւ Լիզեթ Սպինլերի ղեկավարությամբ): Ի միջայլոց, կրթությամբ նաեւ ջութակահար եմ, իսկ ջութակը Իռլանդիայում պաշտամունքի առարկա է: Վաղուց արդեն ներկայացնում ենք նաեւ հայկական ֆոլկը մեր ընկալմամբ, ինչը հաճախ որակվում է ազատ մեկնաբանություն, եւ այս ամենը անցկացնում ենք դասական ու ջազային երաժշտության պրիզմայով: Հավելեմ, որ երեւանյան համերգին «Սարի սիրուն յարը» կկատարեմ երգիչ Տիգրան Պետրոսյանի ընկերակցությամբ»:

Զրույցի ընթացքում երաժիշտները սիրով հիշեցին «Խոստում» ֆիլմի առիթով իրենց աշխատանքն ու համագործակցությունը Սերժ Թանկյանի հետ, իսկ Վալերի Տոլստովի ձեւակերպմամբ՝ «Մեծ պատիվ ու երջանկություն էր ինձ համար Սերժի հետ մինչ այս ֆիլմը շուրջ 5 տարի առաջ գործիքավորել նաեւ աշխարհահռչակ ռոք երգչի Jazz-Iz-Christ CD-ի ստեղծագործությունները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 22.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930