Լրահոս
Հավերժ՝ 36 տարեկան
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար». Արա Բաբլոյան

Սեպտեմբեր 26,2017 15:09 Share

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար. այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլ նաեւ տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար»:

Արա Բաբլոյանը նաեւ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջեւ ձեւավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որոնք, մասնավորապես ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարեւորությունը: Որպես երկրների տարածաշրջանների փոխգործակցության լավ օրինակ՝ Արա Բաբլոյանը նշել է Աջարիայի եւ Լոռու մարզի միջեւ կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ առեւտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ խորհրդարանականները պատրաստ են հանդես գալ օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով՝ կոնկրետ բնագավառների խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարի կողմից կարեւորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը, հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական եւ առավել նախընտրելի ճանապարհն է:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առեւտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել: Վրաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարեւորությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարեւոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ: Վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով

Հանրային Կապերի Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել