Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ոտքով շրջեց Գյումրու «ֆանտաստիկ» փողոցներով ու ճաշեց նորակառույց հյուրատներում (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2017 20:51

Այսօր Հայաստանի հին ու ամենակոլորիտով քաղաքի՝ Գյումրու տոնն է։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ կառավարության անդամներից ոչ մեկը չէր հյուրընկալվում այս քաղաք, այսօր բարձրաստիճան պաշտոնյաների, շքեղ մեքենաների պակաս չկար։ Տոնը նշվեց նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, հյուրընկալվել էին ՀՀԿ առանցքային դեմքեր, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ։

Տոնը սկսվեց հացի փառատոնով, որը, չնայած նոր գաղափար չէ. մի քանի տարի շարունակ կազմակերպվում է Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանի կողմից, սակայն ամեն անգամ այն զարմացնում է իր ինքնատիպությամբ։ Այս անգամ հացով Աշորա Աստվածուհուն՝ հացի դիցուհուն էին պատկերել, հացով ծաղկեփունջ էին սարքել, Շիրակի մարզի քարտեզը գծագրել։

Նախագահն նախ այցելեց Գյումրու  Ձիթողցոնց տուն-թանգարան որտեղ հացի փառատոնն էր, այնուհետ մասնակցեց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացմանն ու շրջեց Գյումրու պատմական կենտրոնով։

Նա եղավ Ռուսթավելի փողոցում, որը վերանորոգվում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝«Կումայրի» արգելոցը տուրիստական կենտրոնի վերածելու ծրագրի շրջանակներում։ Փողոցը դեռ վերջնականապես պատրաստ չէ, սակայն մեզ՝ գյումրեցիներիս համար այստեղ անակնկալներ կային, օրինակ՝ տներից մեկի հին փայտե դռները, որոնք վերանորոգել էին՝ պահպանելով  նախկին տեսքը, մեզ հուշում էր, որ այդտեղ նոր օբյեկտ է բացվել։ Պարզվեց, որ այն հյուրատուն է, թե ով է, գնորդը, հյուրերի ներկայությամբ չկարողացանք պարզել, սակայն այնտեղ հյուրընկալեցին նախագահին՝ հյուրասիրություն կազմակերպելով։

Այդ նույն փողոցի մեկ այլ տան վրա էլ փակցված էր «Ավելի բարեկարգ Գյումրի․Տաշիր» ցուցապաստառը, որի վրա էլ գծագրված էր, թե ինչպիսին պիտի լինի տվյալ կառույցը (Տես լուսանկարներում): Սրանով արդեն իսկ հաստատվեցին Aravot.am-ի այն տեղեկությունները, որ Սամվել Կարապետյանի ընտանիքը տուն է գնել Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում։

Ռուսթավելի փողոցում նախագահին ու կառավարության անդամներին դիմավորեցին այդ փողոցում գործող երաժշտական դպրոցի սաները՝ դհոլներով։ Այս փողոցում Սերժ Սարգսյանին հաշվետվություն ներկայացրեցին, թե ինչպիսին պետք է լինի վերջնական տեսքը։ Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունից նկատելի էր, որ նա գոհ է, բավական հիացած քայլում էր Գյումրու այդ հատվածով։

Նկատենք, որ  շքեղ մեքենաներով այսօր հանրապետության երկրորդ քաղաք ժամանած պաշտոնյաները աչք չէին կտրում Գյումրու կենտրոնից, նրանք առիթը բաց չէին թողնում քայլելու «Կումայրի» արգելոցի փողոցներով։ Նրանցից շատերին օրվա տարբեր ժամերի կարելի էր հանդիպել  Քըրք Քըրքորյանի ճեմափողոցում, որտեղ տեղի էր ունենում «Արվեստների ու արհեստների» փառատոնը։ Նախագահը, Ռուսթավելի փողոցից ոտքով ճեմելով, հասավ դեպի Քըրք Քըրքորյանի փողոց, մասնակցեց փառատոնին ու հյուրընկալվեց իր խնամու՝ Արա Մինասյանի հյուրանոցում՝ «Գյումրեցի հյուրատանը», որը դարձյալ քաղաքի պատմական կենտրոնում է՝ «Սուրբ Յոթ վերք» եկեղեցու հետնամասում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031