Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպիական մեր չեմպիոն Արթուր Ալեքսանյանին խոստումներ տալը եւ չանելը լավ չի». Ֆելիքս Ցոլակյան

Հոկտեմբեր 25,2017 18:02

Շիրակի նախկին մարզպետ, պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մարզադպրոցից. «Այդ մարզադպրոցը 5 տարի է՝ խոստանում են, որ պետք է անպայման վերանորոգեն, նախատեսված է 340 մլն դրամ, կա նախագիծ: Բյուջեի նախագիծն այսօր նայում եմ՝ չկա նորից այդ մարզադպրոցը: Լավ, Գյումրիում մարզադպրոց կառուցելը կամ վերանորոգելը շատ լավ բան է այն մարդու համար, ով դա անում է: Չէ՞ որ խոսքը վերաբերում է օլիմպիական մեր չենպիոնին եւ այդ մարդուն խոստումներ տալը եւ չանելը լավ չի»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Մենք ինչ խոստում տալիս ենք՝ իրականացնում ենք: Ալեքսանյանի անվան դպրոցի անմխիթար վիճակը մեզ հուշեց եւ մասնագետների ցուցումով մենք հասկացանք, որ դա վերանորոգելը սխալ է, պիտի նորը կառուցվի: Այս պահի դրությամբ մինչեւ ամսվա վերջ կվերջացնենք նախագծային աշխատանքները: Դուք քանի որ մարզպետ եք եղել, լավ գիտեք, որ դպրոցի կողքը տարածք կա եւ ժամանակին մի ընտանիք դպրոցի մեջտեղը տուն է սարքել իրեն: Այդ ամենից զերծ մնանք եւ Արթուր Ալեքսանյանին վայել միջազգային սպորտդպրոց ունենանք, որտեղ կանցկացվեն նաեւ Արթուր Ալեքսանյանի անվան միջազգային մրցաշար, որը կմտնի վարկանշային ցուցակի մեջ: Մեզ պետք է մոտ 700 հանդիսատեսի համար նախատեսվող նաեւ մարզադահլիճ ունենանք՝ միջազգային ստանդարտներով»:

Հաջորդ տարի արդեն կսկսվեն դպրոցի կառուցման աշխատանքները:

Նախարարն ասաց, որ սա ՀՀ նախագահի հանձնարարականով է եւ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի համաձայնությամբ կիրականացվի եւ կֆինանսավորվի:

Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց, որ այդ խոստումներին տեղյակ է եւ ասում է, որ դրանք չմնան թղթի վրա. «5 տարի է՝ այդ խոստումները կան: Եթե խոսք եք տվել, հույս ունենամ, որ կսկսվի, թող եկող տարի լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031