Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան մանր վեճ չկա. Իրավապաշտպանը հակադարձում է պաշտոնյային

Նոյեմբեր 09,2017 20:07

«Ընդհանրապես գոյություն չունի ընտանեկան մանր-մունր վեճ հասկացություն: Տարիներ շարունակ մենք նաեւ իրավապահ համակարգի հետ ենք առնչվել ու բախվել նման մոտեցման, երբ ոստիկանները գնում էին ու ասում՝ ընտանեկան մանր-մունր վեճ է, ոչինչ, ընթացք չենք տա: Այնքան դաժանացան դեպքերը, որ ամեն դեպքով ցույց տվեցինք, որ որակելով ընտանեկան մանր-մունր վեճ՝ մենք ուղղակի մարդու կյանքի իրավունքի խաթարման հետ գործ կունենանք, ինչը եւ տեղի է ունենում:

Առողջության ծանր վնաս հասցնելը եւ կյանքի վտանգ սպառնացող որեւէ դեպք արդեն իսկ քրեական հանցագործություն է եւ որակելով մանր-մունր  ընտանեկան վեճ, առանց խնդրին որեւէ մասնագիտական մոտեցում տալով՝ նպաստում ենք, որ այդ խնդիրը վերաճի լուրջ հանցագործության: Այնպես որ, մանր-մունր վեճ որակելով՝ խնդրին անլրջություն ենք տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում հակադարձելով Մասիսի քաղաքապետարանի աշխատակցին, որը ամուսնու կողմից ծեծի ենթարկված կնոջը ինքնասպանության դրդելու դեպքը համարել էր ընտանեկան մանր-մունր վեճ, ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Մեր հարցին՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի կիրարկման հարցում խոչընդոտներ չե՞ն առաջանա, երբ պետական պաշտոնյաներն են ընտանեկան բռնությունը որակում մանր վեճ, իրավապաշտպանը պատասխանեց.

«Օրենքը ինքնին նպաստելու ու պարտադրելու է, որ պետական մարմինները նույնպես վերակառուցվեն եւ ստանան անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության որակման եւ արձագանքների վերաբերյալ: Եթե հասարակությունն այդպես արձագանքի նմանատիպ հանցագործություններին, դրանից հետո  կունենաք ամենաթողության մթնոլորտ, ամուսինն է, ինչ ուզում է,  անում է: Քանի դեպքով, երբ իրավապաշտպանները միջամտել կամ փորձել են կանխարգելել ու օգնել կնոջը, ամուսինը ասել է՝ իմ ընտանեկան գործն է, ինչու եք խառնվում, իմ ընտանիքը քանդում: Բայց մենք գործ ունենք անհատի իրավունքի ու նրան ծանր վնաս հասցնելու հետ, արդյո՞ք սա մանր-մունր վեճ պետք է որակվի եւ համարվի, որ պետք չէ հանրային հնչեղություն տրվի, կարծում եմ, որ շատ սխալ մոտեցում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930