ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն այսօր «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձավ այն փաստին, որ ՌԴ սահմանապահներն արգելել են Մեղրիի հատվածում ճանապարհաշինարարության իրականացումը՝ ասելով՝ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի պայմանների մասին պայմանագրի կնքումից անցել է ավելի քան 25 տարի, ՀՀ-ն վաղուց ունի սահմանապահ զորքեր, սակայն մեր երկրում այլ պետության սահմանապահներ կան:
«Ռուս սահմանապահները դուրս են եկել բոլոր հետխորխրդային երկրներից, բացի Հայաստանից: Որքանո՞վ են նրանք հարգում ՀՀ ինքնիշխանությունը: Որպես օրինակ հիշեցնեմ, որ նրանք հայտնաբերեցին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Պերմյակովին եւ խախտելով պայմանագիրը՝ նրան չհանձնեցին ՀՀ իշխանություններին, այլ հանձնեցին ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը: Կարճ ասած՝ թքեցին բոլորիս երեսին»,-համոզմունք հայտնեց Կարապետ Ռուբինյանը:
Նրա բնորոշմամբ՝ անընդունելի է բանակցել իրանցի սահմանապահների հետ՝ ռուս սահմանապահների միջնորդությամբ. «Ստացվում է, որ մեր երկիրը «проходной двор» ենք սարքել՝ օտար երկրի հատուկ ծառայությունների համար»:
Ռուբինյանի խոսքով. «Մենք հաջող վերահսկում ենք հայ իրանական սահմանը, ի՞նչն է մինչ օրս խանգարում հսկել նաեւ Մեղրիի հատվածը, չէ՞ որ ռուս սահմանապահներին էլ ենք մենք համաֆինանսավորում: Մեղրիի հատվածում չկա էական խոչընդոտ, որպեսզի աստիճանաբար ռուս սահմանապահները փոխարինվեն հայկական ստորաբաժանումներով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ