Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի այս համընդհանուր սովի ու աղքատության պայմաններում նման շռայլություն թույլ տալ». Գեւորգ Պետրոսյան

Հունվար 30,2018 18:01

«Ես գտնում եմ, որ բացարձակապես պետք չի մյուս ծայրահեղության մեջ ընկնել եւ անտեսել Ամանորի միջոցառումները, բայց, իհարկե, ես հեռու եմ այն կարծիքից, որ այդպիսի ճոխ միջոցառումները մեր իրականության, այսօրվա մեր հնարավորությունների շրջանակներում են»,- «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց պետական գերատեսչությունների ամանորյա կորպորատիվների ծախսը, որը քննադատության առարկա էր դարձել սոցցանցերում ու մամուլում:

Հիշեցնենք, որ պետական գերատեսչությունները շուրջ 155 մլն դրամ էին ծախսել՝ ամանորյա նախապատրաստությունների վրա:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ չի ընդունում, երբ նման ճոխ ծախսեր են անում. «Հասարակությունը, որի մեծամասնությունն այսօր սոված է, ¼-րդը աղքատ է, նա տեսնում է այդ ամեն ինչը եւ դա չի կարող հարգանք ստեղծել պետական հիմնարկների նկատմամբ»:

Պետրոսյանը հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքն իր 15 կետերով առաջարկում էր բյուջեի միջոցները խնայողությամբ օգտագործել. «Ցավոք սրտի, դա անտեսված է այսօր մեր իրականության մեջ»:

Օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ պատգամավորի, հնարավոր չէ այդ ճոխ ծախսերի դեմն առնել. «Ոչ բոլոր հարցերն են, որ օրենսդրորեն պիտի կարգավորվեն: Սա ավելի շատ այն հարցն է, որ պետական գերատեսչության ղեկավարը պիտի վերլուծի հասարակության կենսամակարդակը, թե ինչքան մարդիկ են այսօր ուղղակի մահանում սովի մեջ, հնարավորություն չունեն տարրական բժշկական ծառայություններից օգտվել ու այս ֆոնին նման ճոխ հյուրասիրություններ, ընդունելություններ կազմակերպելը անընդունելի է: Մենք պետք է այդ ճոխությունը մի քիչ վերանայենք»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ եթե պետք էլ է ներկայացուցչական ծախս անել, ինչ-որ պաշտոնյայի պատշաճ ընդունել, պաշտոնյաները պետք է հիշեն, որ հարգանքը միայն ու գլխավորապես սեղանով չի պայմանավորված. «Եթե քաղաքապետարանին ասենք՝ մի հատ սոցիալական ծրագիր է մտքովս անցել, եկեք ի կատար ածենք, ավելի շատ պատճառաբանություն կլսես, քան այդ հյուրասիրությունների կազմակերպմանը նախորդած պատճառաբանություններն ու հիմնավորումներն են: Չեմ կիսում այդ մոտեցումը եւ կարծում եմ չի կարելի այս համընդհանուր սովի ու աղքատության պայմաններում նման շռայլություն թույլ տան հատկապես պետական բյուջեից սնվող կազմակերպությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031