Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. ՀԱԿ-ն արդեն իսկ մարած է, իսկ խաղաղության բրենդով վերակենդանացման հույսերը շատ հեռվում են. «Հրապարակ»

Փետրվար 02,2018 11:12 Share

Հարցազրույց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

– ՀԱԿ-ը նախաձեռնելու է խաղաղության շարժում: Ձեր կարծիքով՝ սա ՀԱԿ-ի ներքին պահա՞նջն է՝ ինչ-որ մի կերպ եւ ինչ-որ մի ժամանակ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, թե՞ ազդակներ կան իշխանություններից:

-ՀԱԿ-ը խաղաղության իր պատկերացրած մոտեցումները ներկայացրեց վերջին ընտրությունների ժամանակ, եւ դա բացարձակ չընկալվեց հասարակության կողմից, սակայն նա շարունակում է քաղաքական այս բրենդի զարգացումը՝ որպես մի ուղղություն, որն այլ քաղաքական ուժերը չեն ներկայացնում, եւ դրանով առանձնանում է հայաստանյան քաղաքական սպեկտրում, թեեւ այս ուղղությունը հիմա մարգինալ է։

Միաժամանակ, բազմիցս է ասվել, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պահանջում է ոչ պոպուլիստական, համարձակ քայլեր։ Այդ ժամանակ ՀԱԿ-ի շարժումը պետք կգա։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը դեմ չի լինի, որ ինչ-որ առայժմ աննկատ մի տեղում գոյություն ունենա նման քաղաքական մոտեցում, որն անհրաժեշտ պահին նա կկարողանա ակտիվացնել։

Նկատի ունենանք, որ սրանք Հայաստանում ոչ պոպուլյար թեզեր են՝ խաղաղության ծրագրերը, որը ենթադրում է փոխզիջումներ, տարածքների վերադարձ, եւ հասարակությունը դրան հայտնի ձեւով է արձագանքում՝ բացասական: Այս անգամ ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ այս առումով:

-Ներկայումս տարածքային զիջումները համարվում են անընդունելի Հայաստանում, իսկ Ղարաբաղի անկախ կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանում, այնպես որ, հիմա փոխզիջումների մասին խոսակցությունները կտրուկ հակազդեցության են արժանանում։ Կարգավորումը հիմա անընդունելի է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ նա դրանով պահամանում է իր ազդեցությունը տարածաշրջանում, իսկ սիրիական, քրդական հակամարտությունների, իրանական անորոշ զարգացումների ներկա ընթացքում դա արդեն միայն Հարավային Կովկասի հարցը չէ, այլեւ ողջ մերձավորարեւելյան լայն գոտու։

Ավելին՝ կարգավորումը հիմա ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների ցանկում չէ ոչ միայն այն պատճառով, որ նա հիմա ակտիվ է բազմաթիվ ռեգիոններում, այլեւ՝ որ Ռուսաստանն այստեղ որոշակի ռեսուրսներ է ծախսում եւ ավելի խորն է խրվում, թեկուզ դիվանագիտական եւ քաղաքական առումով։ Նաեւ՝ չկարգավորված վիճակը որոշակի բանակցությունների թեմա է նաեւ Թուրքիայի հետ քննարկումներում։

Այնպես որ, կարգավորման եւ խաղաղության հարցերը հիմա պարզապես նշանակում են հրադադարի պահպանում, իսկ փոխզիջումների հերթը դեռեւս մշուշոտ ապագայում է։

Պարոն Ենոքյան, ՏերՊետրոսյանը եւ ՀԱԿը, ըստ Ձեզ, բնական ճանապարհով մարելո՞ւ են, կա՞ն վերակենդանացման շանսեր: Ըստ որում՝ ոչ միայն ՀԱԿի, այլեւ մյուս քաղաքական ուժերի համար:

-Այս ուժն արդեն իսկ մարած է, իսկ խաղաղության բրենդով վերակենդանացման հույսերը, ինչպես արդեն ասացի, շատ հեռվում են։ Կարծում եմ՝ երբ գա անհրաժեշտ պահը, Սերժ Սարգսյանը չի թողնի խաղաղության լոզունգը ՀԱԿ-ի ձեռքում, այլ այն կներկայացնի ՀՀԿ-ի միջոցով, այնպես որ՝ վերակենդանացման շանսեր չեն երեւում։ Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա նրանք հիմնականում աֆիլացված (փոխկապակցված) են Սերժ Սարգսյանի հետ, եւ նրանց ակտիվացման անհրաժեշտությունը հենց նա էլ պետք է որոշի։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728