Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ խոստում տամ, որ հավատաք՝ ես անկախ եմ». դատավորը՝ Պավլիկ Մանուկյանին (Տեսանյութ)

Փետրվար 02,2018 17:31 Share

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործով ամբաստանյալներից Պավել Մանուկյանի` դատավորին վիրավորելու գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի աթոռին միայն Պավել Մանուկյանն է: Նա մեղադրվում է նրանում, որ «Սասնա ծռերի» գործով նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է ասել:

Այսօր նրա պաշտպաններից փաստաբան Հարություն Բաղդասարյանը դատավոր Սերգեյ Մարաբյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ այն հիմքով, որ նա ստանձնել է այս գործի քննությունը, մինչդեռ, պաշտպանի համոզմամբ, պետք է կարճեր վարույթը:

«Պավլիկ Մանուկյանի արարքում հանցակազմ չկա: Բացառվում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չիմանար, թե որն է հանցագործությունը: Քաջ գիտակցելով, որ հանցակազմ չկա, նա հաղորդում չի տվել հանցագործության մասին, մինչդեռ դուք կասկածի տակ եք դրել Արտուշ Գաբրիելյանի մասնագիտական կարողությունները եւ վարույթ ընդունել այս գործը, մինչդեռ այն պետք է վերադարձնեիք դատախազին: Հետեւաբար, ձեր վրա որոշակի ուժեր են ազդել, դուք կաշկանդված եք այս գործով»,-դիմելով դատավորին՝ ասաց Հարություն Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ այս գործով նախաքննական մարմինն անգամ տուժողին՝ Արտուշ Գաբրիելյանին չի ներգրավել, ուստի գործը պետք է կարճել. «Արտուշ Գաբրիելյանն անգամ չի էլ բողոքել իրեն վիրավորելու փաստի առնչությամբ: Նա արդյոք տեսե՞լ է հանցագործության հատկանիշներ: Եթե այո, ապա ինչո՞ւ չի բարձրաձայնել այդ մասին»:

Դատավոր Սերգեյ Մարաբյանը նշվածի մասին կարծիք հարցրեց նաեւ մեղադրյալ Պավել Մանուկյանից. «Կարծում եք՝ ինձ վրա ազդեցությո՞ւն կա»: Պավել Մանուկյանն այսպես պատասխանեց. «Ափսոսալու վիճակում եք: Ես ձեզ որպես մարդ եմ ընդունում, բայց չգիտեմ՝ ի՞նչ «օյին» են բերելու ձեր գլխին»:

Սերգեյ Մարաբյանն արձագանքեց. «Ի՞նչ խոստում տամ, որ հավատաք՝ ես անկախ եմ աշխատում: Այսքան ժամանակ չի եղել մի գործ, որը ես իմ խղճով լուծած չլինեմ»:

Դատավորը վստահեցրեց, որ այս գործը եւս քննելու է օրենքի տառին համապատասխան եւ որոշեց պաշտպանի միջնորդությունը թողնել առանց քննության:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728