Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կհաշվառեն մարմնավաճառներին․ Շիրակի դատախազի հանձնարարականը

Փետրվար 07,2018 19:00

Aravot.am-ը Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Գյումրիում ու նաև որոշ գյուղական բնակավայրերում գտնվող հյուրատներում մարմնավաճառության դեմ պայքարի համար։ Դատախազը տեղեկացրեց, որ հարուցվել են 5 քրեական գործեր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։

5 քրեական գործն էլ ուղարկվել է դատարան, 4-ը դատաքննության փուլում է, և կա արդեն մեկ մեղադրական դատավճիռ։ «Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ նույն մարմնավաճառները իրենց, այսպես ասած, գործունեությունը ծավալել են մի շարք օբյեկտներում։ Իմ կողմից միջնորդագիր է հասցեագրվել պատկան մարմիններին նշված մարմնավաճառներին հաշվառելու, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվության ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ, ինչպես նաև կանոնակարգելու նշված հաստատությունների աշխատանքը ու անհրաժեշտության դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկել։

Ավելին ասեմ՝ գործող Քրեական օրենսգիրքը, ինչպես նաև պրակտիկան թույլ չի տալիս կոնկրետ մարմնավաճառներին ենթարկել քրեական պատասխանատվության։ Ես անձամբ զեկուցագիր եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի քննարկվի նաև մարմնավաճառներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, մենք դիտենք նրանց որպես համապատասխան հանցագործություն կատարելու դրդիչ, այսինքն` նյութապես շահագրգռելու միջոցով անձանց դրդում են պոռնկության։

Այս դեպքում կանխարգելիչ միջոց կունենանք, որպեսզի նշված մարմնավաճառները իրենց գործունեությունը չծավալեն։ Բնական է, եթե այսօր անձինք տեսնում են, որ չեն ենթարկվում պատասխանատվության, իրենց ապօրինի գործունեությունը ծավալում են։ Վարչական պատասխանատվությունը, կարծում եմ, պատժողական կամ կանխարգելիչ բնույթ չի կրում, ես գտնում եմ, որ նրանց քրեական պատասխանատվության պիտի ենթարկել»։

Գիշերային ակումբերի հետ կապված էլ, դատախազը տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հարուցել է վարչական վարույթներ, քննարկվում է դրանց գործունեությունը դադարեցնելու հարցը։

Հիշեցնենք, որ Կարեն Գաբրիելյանը գրություն էր ուղարկել Գյումրու քաղաքապետին՝ նշելով, որ որոշ գիշերային ակումբերում, մասնավորապես «Մարաքեշում» եւ նախկին «Աուռա», ներկայում` «Սթարում» բազմաթիվ հանցագործություններ են կատարվում, և դրանք 2 տարի շարունակ՝ ժամը 24։00-ից հետո գործել են ապօրինի՝ քաղաքապետարանի կողմից առանց աշխատելու թույլտվության։

Դատախազը պահանջել էր «ժամը 24։00-ից հետո փաստացի ապօրինի գործունեություն ծավալելու համար նշված հաստատություններին օրենքով սահմանված կարգով ենթարկել վարչական պատասխանատվության, միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետում դրանց հետագա գործունեության նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728