Երևանում և Լոռիում հոկտեմբերի 4-ից սկսվել են Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության մշակութային օրերը։ Արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) և «Դիալոգ» ՀԿ նախագահների՝ համատեղ Հայ-ռուսական արդի դրամայի թատրոն հիմնադրելու մասին։
Հոկտեմբերի 4-ից նույն թատրոնը միջազգային «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում հյուրախաղերով Լոռիում է՝ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ։
Վանաձորում ներկայացվեց Ա․ Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» կատակերգությունը։ Նույն օրը Երևանում՝ Ս․ Սարգսյանի անվ․ Համազգային թատրոնի բեմում, երկրորդ անգամ հանդես եկավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Ռուզան Խաչատրյանի ղեկավարությամբ, ներկայացնելով Մուրացանի «Ռուզան․ Արցախի դուստրը» պիեսը։
Ինչպես գիտենք, Ստեփանակերտի մայր թատրոնը Երևանում վերակազմավորվել և շարունակում է գործունեությունը 2025 թ․ օգոստոսին՝ «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանի և ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հանդիպման և կնքած պայմանագրի արդյունքում։ Այս 2 կառույցների հովանավորությամբ ու աջակցությամբ թատրոնն առաջինը ներկայացրեց Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությունը՝ Արցախի բարբառով։ Սակայն թատրոնի անձնակազմն իր առջև շատ ծրագրեր ու նպատակներ ունի, որոնց ավարտականը՝ հանդես գալ Ստեփանակերտում։ Ու այս երազանքի սկիզբը Մուրացանի ստեղծագործությունը ներկայացնելն է։ Պատահական չէ ընտրված «Ռուզան»-ը։ 13-րդ դարում մեր երկիրը ենթարկվում էր մոնղոլ-թաթարական արշավանքներին։
Կարդացեք նաև
Առավել ծանր էր Արցախի վիճակը, սակայն արցախցին կարողանում էր պաշտպանել իր երկիրը։ Իր հերոսությամբ ու հայրենասիրությամբ հայտնի Իշխան Հասան Ջալալ Դոլան է, ով հզորացրել է Խաչենի իշխանությունը, համարվել Արցախի գահերեց՝ թագավոր, սկիզբ է դրել Հասան-Ջալալյանների իշխանական տոհմին, որն իշխել է Խաչենում մինչև 19-րդ դարի սկիզբ։ Նույն Հասան Ջալալ Դոլայի ամրոցում ու պալատում են հիմնականում կատարվում պիեսի գործողությունները։
Այստեղ էին եկել Արցախի ու Սյունիքի տարբեր վայրերի իշխաններ՝ ներկա լինելու Հասան Ջալալ Դոլայի գեղանի դստեր՝ Ռուզանի, և մոնղոլ-թաթարական բանակը ոչնչացրած իշխան Ներսեհի հարսանիքին։ Սակայն կատարվում է դավաճանություն, և հարսանիքի օրը՝ եկեղեցում պսակվելուց առաջ, գուժկանը լուր է բերում, որ Չարմաղան թաթար զորապետի եղբայր Ջոլան ու որդին՝ Բուրա-Նուին (դերում՝ Լևոն Այվազյան), ահագին բանակով հասել են Առջաձոր. գնդերից մի քանիսը դիմում են դեպի ամրոցը։ Հայրենի Խաչենը և թշնամու կողմից գերեվարված՝ կապտյալ ժողովրդին փրկելու համար ինքնազոհության է գնում Ռուզանը։
Մոնղոլ-թաթարական բանակի հրամանատարն իր պահանջն էր ներկայացրել իշխանի բանագնաց եղբորը՝ Զաքարեին (դերում՝ Մարատ Դավթյան)՝ կդադարեցնի ամրոցի պաշարումը և կազատի կապտյալ գերիներին մի պայմանով, որ իրեն կնության տան Ռուզանին։ Իսկ իշխանի հարստության և ամենաթանկ գանձի՝ Ռուզանի մասին թաթար իշխանին տեղեկացրել էր դավաճան իշխան Համտունը (դերում՝ Սամվել Սարգսյան)։ Ռուզանը գաղտնի է հեռանում հոր ամրոցից, քանի որ հայրը, նշանածը՝ Ներսեհը և այլոք դեմ էին նրան կնության տալ թաթարին։ Բայց Ռուզանն իր նաժիշտից վերցնում է մատանին, որի ակի տակ մահաբեր թույն էր։ Հասնելով թշնամու բանակ՝ Ռուզանը թաթար զորավարին՝ Չարմաղանի որդի Բուրային, իր պահանջն է ներկայացնում, որ ամուսնանա նրա հետ։
Սիրահարված թաթար զորավարը, չնայած հորեղբոր՝ զորավար Ջոլայի հակառակվելուն, կատարում է Ռուզանի բոլոր պայմանները՝ ազատում է կապյալներին, վերացնում ամրոցի պաշարումը, գլխատել տալիս դավաճանին։ Բայց Ռուզանը ժամանակ է խնդրում և ընդունում մահաբեր թույնը։ Մահի խորհրդանիշ սուրը դառնում է խաչ՝ հոգևոր հաղթանակի մարմնավորում։ Նույն պահին հայոց ռազմիկները հարձակվում են, թաթարների զորքը նահանջում է։ Ներսեհը գտնում է Ռուզանին, բայց արդեն ուշ էր։ Թատրոնի ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը «Ռուզան»-ը ներկայացնելը համարում է ոչ պատահական։ Մեր ժողովուրդը մշտապես է ապրել դժվար պայմաններում, մշտապես տեսել պատերազմներ։ Բայց երբեք չպետք է կորցնել ապրելու, հատկապես տուն վերադառնալու հույսը։ Իսկ թատրոնի դերասանների հիմնական մասն Արցախից են, ինչ-որ ժամանակ հուսահատ։ Բայց Երևանում կայացավ թատրոնի վերածնունդը, որն էլ իր ու դերասանների համար դարձավ հավատ։
Թատրոնում խաղում են նաև հրավիրված ու ճանաչված դերասաններ։ Իշխան Հասան-Ջալալի դերում հանդես է գալիս Հայաստանի վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը։ Թաթարաց զորապետ Ջոլայիի դերում տարբեր ֆիլմերում խաղացած Սարգիս Գրիգորյանն է։ Ռուզանի դերում հիանալի հանդես է գալիս երիտասարդ դերասանուհի, Գալյա Նովենց թատրոնի Արցախի կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանը, ով մի անգամ ասաց՝ կորցրել էր Արցախ վերադառնալու հույսը, այժմ թատրոնի վերածննդի հետ հավատում է՝ մի օր նույն Ռուզանի դերում խաղալու է Ստեփանակերտի թատրոնի բեմում։ Ավարտվեց ներկայացումը․ դերասաններն ու ռեժիսոր Ռ․ Խաչատրյանը լուռ, սակայն բեմական կեցվածքով իրենց շնորհակալությունը հայտնեցին հովանավոր-աջակիցներին, հանդիսատեսներին, ովքեր հոտնկայս ծափահարում էին։
Շատերն Արցախից են, ու պատահական չէին նաև արցունքոտ աչքերը։ Բացի դերասանների խաղից, արժանին պետք է ասել նաև նկարչական ձևավորող Անտոն Քեշիշյանին և զգեստների ձևավորող Մարինե Թադևոսյանին։ Արդեն տեղեկացրել ենք՝ «Դիալոգ»-ի հովանավորությամբ ու աջակցությամբ, Երևանում վերակազմավորվել ու իրենց գործունեությունն են շարունակում արցախյան մշակութային որոշ համույթներ։ Երևանում «Դիալոգ»-ի մշակութային կենտրոնը դարձել է նաև Արցախի տուն։ Հոկտեմբերին համերգներով հանդես կգան նաև այս համույթներից։ Ամսի 16-ին Հայաստանի Հովհ․ Բաղրամյանի անվան վետերանների միավորումում համերգով հանդես կգա Ստեփանակերտի «Վարարակն» երգչախումբը։
Երևանի Հովհ․ Թումանյանի անվ․ ազգային տիկնիկային թատրոնի բեմում հանդես կգա «Արցախի բալիկներ» համույթը։ Իսկ Հայ-ռուսական արդի դրամայի թատրոնը, Հ․ Ղազանչյանի ղեկավարությամբ, մի քանի ներկայացումներով հանդես կգա Լոռիում ու Երևանում՝ մինչև հոկտեմբերի վերջը։
Մշակութային երկխոսությունը լինելու է շարունակական։ Արդեն ավանդույթ է դառնում, որ արցախյան մշակութային խմբերի ներկայացման օրերին տվյալ թատերական կամ համերգային դահլիճների ճեմասրահներում կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ։ Իրենց ձեռքի աշխատանքն են ցուցադրում արցախցիները՝ մշակութային կառույցներ, անհատներ։
Զոհրաբ Ըռքոյան





















































