Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել

Հոկտեմբեր 05,2026 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

factor.am: Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ քարոզչական արշավ է սկսել Հայաստանի դեմ։ Թիրախում կրկին Մեծամորի ատոմակայանն է։ Ադրբեջանի Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի՝ «Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ճեպազրույցի ժամանակ «Ռյուզգար» հասարակական միավորման նախագահ Իսլամ Մուստաֆաևը հայտարարել է, թե «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»։

Նա նշել է, թե 1980 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, իբր, շարունակում է պոտենցիալ բնապահպանական ռիսկ ներկայացնել՝ սարքավորումների մաշվածության և շահագործման ժամկետի բազմակի երկարաձգման պատճառով։

«Նախնական նախագծային շահագործման ժամկետի ավարտից հետո բլոկի շահագործումը սկզբում երկարաձգվել է մինչև 2026 թվականը, այնուհետև սկսվել է շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը՝ սարքավորումների արդիականացմամբ։ Լուրջ վթարի կամ պաշտպանիչ համակարգերի վնասման դեպքում առկա է ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր արտանետման վտանգ, այդ թվում՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման ռիսկ։ Հնարավոր է նաև, որ այդ հետևանքներն ունենան անդրսահմանային բնույթ։ Ուստի ատոմակայանը միանշանակ պետք է փակվի։ Խոսքը միջուկային ռեակտորի մասին է։ Սա շատ վտանգավոր է և մեծ ռիսկերի հետ է կապված։ Մենք ցանկանում ենք, որ դրա փակման վերաբերյալ որոշումները աջակցություն ստանան Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից՝ COP17-ի շրջանակում»,- նշել է Մուստաֆաևը։

«Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական միավորման նախագահ Ամին Մամեդովն էլ Ամուլսարի շահագործումից է դժգոհել։ «Անդրսահմանային ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն՝ Հայաստանը պետք է ինչպես հանրությանը, այնպես էլ հարևան երկրների կառավարություններին, որոնք առնչվում են այդ գործունեությանը, ներկայացնի իր գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն։ Սակայն հայկական կողմն այս առնչությամբ որևէ հաշվետվություն չի ներկայացրել։

Նույնիսկ Հայաստանում տեղի բնակիչներն ու մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ այդ կապակցությամբ բողոքի ակցիա են անցկացրել և կառավարությունից պահանջել ներկայացնել հաշվետվություն»,- ասել է նա։

Ադրբեջանցիներին սկսել է «մտահոգել» նաև Սևանա լիճը։ Բացի այդ, Ամին Մամեդովը հայտարարել է, թե Արարատյան դաշտում առևտրային ձկնաբուծության և ոռոգման նպատակով ստորերկրյա ջրերի արդյունահանման ծավալը գերազանցում է դրանց տարեկան բնական վերականգնման մակարդակը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել