Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հայոց Սրբություն սրբոցի առաքելությունը՝ ի խնդիր ազգային ինքնության պահպանման, ազգի հարատևության և համախմբման

Հոկտեմբեր 05,2026 20:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը՝ գլխավորությամբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի։

Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին՝ Նորին Սրբությունը բարձր գնահատեց հիմնադրամի մարդասիրական առաքելությունն ու տարբեր երկրներում կրթության, գիտության և մշակույթի զարգացմանն ուղղված օգտաշատ գործունեությունը։

Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց հիմնադրամի՝ Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների զորացմանն ուղղված նախաձեռնությունները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հիմնադրամի երկարամյա համագործակցությանը՝ հիշատակելով դեռևս 1954 թվականին Միածնաէջ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքներին ցուցաբերված աջակցությունը, այնուհետև Մայր Աթոռի վանատան կառուցումը, ինպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեությանը բերված նպաստը:

Ապա Հայոց Հայրապետը, անդրադառնալով Մայր Տաճարի վերջին հիմնանորոգմանն ու վերաօծմանը, կարևորեց հայոց Սրբություն սրբոցի առաքելությունը՝ ի խնդիր ազգային ինքնության պահպանման, ազգի հարատևության և համախմբման։

Նորին Սրբությունն իր աղոթական բարեմաղթանքները բերեց հիմնադրամի ղեկավարությանն ու աշխատակիցներին՝ մաղթելով, որ նույն ոգով և նվիրումով շարունակեն իրագործել մեծանուն հայորդի Գալուստ Գյուլբենկյանի տեսիլքը՝ ի նպաստ սերունդների կրթության, գիտական մտքի առաջընթացի և մշակույթի պահպանության։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031