Փաստաբան Անուշ Շահրամանյանը գրում է.
«Եվս մեկ շատ կարևոր գործով հաղթանակ Վարչական դատարանում։
Կառավարության խտրական վերաբերմունքի հետևանքով Արցախում դատախազ կամ դատավոր աշխատած ու համապատասխան հատուկ կենսաթոշակի իրավունք ունեցող տեղահանված անձինք զրկվել էին իրենց հասանելիք՝ Հայաստանի գործընկերների հետ հավասար պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունքից։
Այդ մարդկանց մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճակը, նշանակությունը և կապերը ՀՀ-ի հետ։
Այս հարցով երեք հայց եմ ներկայացրել, որոնցից մեկի վճիռը ստացա հենց նոր․ հայցն ամբողջությամբ բավարարվել է։ Դատախազի հատուկ կենսաթոշակը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, և այդ օրվանից էլ գումարները կբռնագանձվեն։
Ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ․ չնայած նրան, որ Վարչական դատարանը գերծանրաբեռնված է, գործը քննվեց անհավանական սեղմ ժամկետներում՝ արդար, արագ և արդյունավետ։
Կրկնակի հաճելի է այդպիսի մասնագիտական ու մարդկային բարձր արժանիքներով կին դատավոր ունենալը»։



















































