«Ելքում» խմբակցության նիստ էին հրավիրել՝ քննարկելու փողոցային պայքարի դուրս գալ-չգալու հարցը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակելու են, ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց մի ուշագրավ համաձայնություն են ձեռք բերել՝ յուրաքանչյուր կուսակցություն ազատ է անելու այն, ինչ ուզում է, մինչեւ դաշինքը վերջնական որոշում կկայացնի:
Փաշինյանն ասաց. «Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է այս իրավիճակում իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների ծրագրի եւ որոշումների հետ եւ կարող է իրագործել այդ որոշումը: Երկրորդը՝ վաղը ԱԺ հերթական նիստ է սկսվում «Ելք խմբակցությունը բնականոն կշարունակի գործել իր խորհրդարանական հարթակում եւ մենք մեր քննարկումները կշարունակենք: Եթե ես ասում էի, որ կուսակցությունները որեւէ որոշում չեն կայացնում, քանի որ կա դաշինքային ֆորմատով քննարկում, հիմա դաշինքային ֆորմատով քննարկումների շարունակությունը խոչընդոտ չէ, որպեսզի կուսակցությունները առանձին իրենց համար կայացնեն որոշում, ինչը չի նշանակի, որ դաշինքով քննարկումները չն շարունակվում»:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, ինչպես իրազեկել եք քաղաքապետարանին՝ ամսի 3-ին դուք կգնաք հրապարա՞կ՝ Փաշինյանը պատասխանեց, որ Ազատության հրապարակում այդ օրերին գործողություն անելու որոշում չունեն, եթե լինի՝ դրա մասին կհայտարարեն:
Հարցին՝ սա արդեն պառակտում չէ՞՝Փաշինյանը պատասխանեց, որ ոչ:
Նշենք, որ այսօրվա խմբակցության նիստին մասնակցում էր նաեւ Էդմոն Մարուքյանը:Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք մնում են իրենց կարծիքին, որ ժողովրդին պետք չէ հիասթափության տանել:
Փաշինյանի բացատրելով՝ «ՔՊ-ն ներկայացրել էր իր ճանապարհային քարտեզը, կուսակցություններն ունեն իրենց մոտեցումն ու պատկերացումները: Դրանցում կան սկզբունքային համընկնումներ եւ կան տարբերություններ, որոնք կարեւոր են եւ ինչ-որ առումով կարող են լինել սկզբունքային: Մենք, որպեսզի ժամանակ չկորցնենք եւ քննարկումները չդադարեցնենք, հետեւյալ եզրակացության ենք եկել»:
Հարցին՝ էլ իմաստը ո՞րն էր շարունակել քննարկումներ անել, եթե որոշել եք որ առանձին-առանձին կուսակցություններն ազատ են իրենց գործողություններում, դուք կորոշեք՝ կգնաք, մյուսը կմնա խորհրդարանում, էլ ի՞նչ եք քննարկում՝ Փաշինյանը պատասխանեց, որ քննարկումները կշարունակեն եւ գուցե նոր առաջարկներ լինեն: Նա ասաց, որ Քաղաքացիական պայմանագիրն էլ մի քանի տարբերակ է ներկայացրել ճանապարհային քարտեզի եւ այնպես չի, որ իրենց գործընկերները գործողություների իրենց ծրագրերը չունեն:
Փաշինյանը վստահեցրեց, որ փողոց դուրս գալ-չգալու շուրջ չի «Ելքում» իրենց անհամաձայնությունը. «Այսօրվա քննարկումների բոլոր սցենարներում փողոց դուրս գալու տարբերակը ներկա էր եւ ուղղակի տարբերությունները վերաբերում են դրա կոնֆիգուրացիաներին: Եղած բոլոր ճանապարհային քարտեզներում փողոց դուրս գալու հանգրվան կա»:
Մենք նիկոլ Փաշինյանին հարցրեցինք՝ սա արդեն «Ելքի» պառակտման հիմնաքարը չէ՞՝ Փաշինյանը պատասխանեց կարճ ու վստահ՝ «Ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ