Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու նիստին ներկա էին տնակային ավանների ու հանրակացարանների 100-ից ավելի բնակիչներ (Տեսանյութ)

Մարտ 29,2018 20:44

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու նիստը տարբերվում էր նախորդ բոլոր նիստերից: Բացի ավագանու անդամներից, քաղաքապետարանի համապատասխան բաժնի պետերից ու ՀԿ-ների ներկայացուցիչներից, նիստին ներկա էին նաեւ Վանաձորում առկա տնակային ավանների ու հանրակացարանների ավելի քան 100 բնակիչներ:

Պատճառն այն է, որ մոտ 3 ամիս առաջ վանաձորցի մի քանի երիտասարդներ համախմբվել ու հանդես էին եկել «Ո՞վ, եթե ոչ մենք, ոչ դուք» քաղաքացիական նախաձեռնությամբ: Վերջիններս անօթեւանների կարգավիճակի բարելավման համար նախաձեռնել էին ստորագրահավաք: Նրանք պահանջում են՝ տնակների բնակիչներին որպես սեփականություն հատկացնել այն հողակտորը, որի վրա նրանք ապրում են մոտ 30 տարի: Նախաձեռնողների նպատակն էր, ունենալով Վանաձորի 1000 բնակիչի ստորագրություն հարցը մտցնել Վանաձորի համայնքի ավագանու նիստի օրակարգ: Այն այսօր օրակարգում էր:

Նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Քոթանջյանը ներկայացրեց հարցի վերաբերյալ մի քանի կետից բաղկացած իրենց պահանջները. «Առաջարկում ենք ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ տնակային ավանների զբաղեցրած տարածքները սեփականության իրավունքով, որպես բնակմակերես նվիրաբերել տնակային ավանների բնակիչներին: Իսկ հանրակացարանների բնակիչներին հատկացնել Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող չբնակեցված բնակարանները»:

Մինչ Գեւորգը փորձում էր ներկայացնել նախաձեռնության նպատակը, համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն առաջարկեց, որպեսզի բնակիչներից մի քանիսը մնան նիստին եւ տեսնեն թե հարցն ինչ լուծում է ստանում, իսկ մյուս մասը սպասի դրսում, քանի որ դահլիճում նույնիսկ «ասեղ գցելու» տեղ չկար:

«Վանաձոր համայնքի ավագանու նիստերը բաց ու թափանցիկ են: Իսկ եթե քաղաքացիներն իրենք իրենց մեջից չունեն ընտրած 15-20 հոգանոց նախաձեռնող խումբ, սխալ կլինի այս պահին իրենց դահլիճից հանել»,- Քալանթարյանի առաջարկին ի պատասխան ասաց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նախաձեռնողների պահանջները լսելուց հետո համայնքի ղեկավարը հետաքրքրվեց. «Ովքե՞ր ունեն բնակելի տուն կառուցելու հնարավորություն, թե համայնքն իրենց տա հողամաս: Եւ ովքեր, որ տուն կառուցելու հնարավորություն ունեն, խնդրում եմ մեր համապատասխան բաժնում գրանցվեք»:

Հավաքված քաղաքացիներից քաղաքապետի հարցին արձագանքեցին միայն մի քանի հոգի: Մյուսներն ասացին, որ իրենք տուն կառուցելու հնարավորություն չունեն:

«Խնդրում եմ ձեռք բարձրացնեն այն մարդիկ, ովքեր բնակարանի հարցով եկել են քաղաքապետարան եւ իրենց առաջարկվել է Բազում թաղամասի չբնակեցված ու թալանված տներից,- հետաքրքրվեց Մամիկոն Ասլանյանը: Բնակիչները չարձագանքեցին: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներից նշեցին, որ նման մարդիկ կան, ովքեր սակայն հրաժարվել են ապրել այդ բնակարաններում:

Շողիկ Հարությունյանը միայնակ կին է: Արդեն 11 տարի է ապրում է Երեւանյան խճուղի 90 հանրակացարանում: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բնակարան կառուցելու հնարավորություն չունի, իսկ չբնակեցված բնակարաններում ապրելու առաջարկ երբեւէ չի ստացել. «Քիմգործարանի տնակներում էի ապրում: Ընտանիք ունեցողներից քոթեջներում տուն տվեցին, քանի որ ես էլ միայնակ կին էի ուղարկեցին հանրակացարան: Ես ինքս ինձ վիրավորում եմ, բայց անասնական կյանքով ենք ապրում հանրակացարաններում: Իմ հանգիստն ամեն րոպե խանգարում են՝ կռիվներ են անընդհատ, հայհոյանքներ են հնչում, կոմունալ հարմարություն չունենք, ոչ մի բան չկա: Հողատարածքն էլ տան, ես միայնակ կին եմ, ո՞վ պետք է ինձ համար տուն կառուցի: Ես ուզում եմ, որ մի հին տուն տան, գոնե դուռ ու լուսամուտ լինի, ներսի աշխատանքները ես էլի կանեմ, ինձ համար հանգիստ կապրեմ, կհարմարվեմ»:

Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանն էլ նախաձեռնող խմբին առաջարկեց հավաքված ընտանիքների հետ անկեղծ լինել: Գրիգորյանի վստահեցմամբ, եթե քաղաքապետարանն ունենար համապատասխան բնակարաններ, ապա, անպայման, կտրամադրեր. «Ձեր առաջարկությամբ, 3-րդ կետով 323 բնակարանի խնդիր եք առաջ քաշում, բայց դրա դիմաց առաջարկում եք 136 վթարային բնակարաններ, բա դա խելամի՞տ է: Էս մարդկանց ինչու՞ չեք ճիշտը ներկայացնում, որ հիմա բերել եք հասցրել այստեղ եւ չեք կարողանում ճիշտ տեղեկություն տալ: Ժողովուրդ ջան, ի՞նչ եք կարծում, եթե համայնքապետարանը բնակարան ունենար դուք էլ տնակում բնակվելիս կլինեք, ինչի՞ չպետք է տա ո՞ր: Եղել է, որ դուք եկել եք քաղաքապետարան, մենք ձեզ բնակարանների հասցեներ ենք տվել: Հաջորդ օրը եկել եք ասել, այդ բնակարաններում խայտառակ վիճակ էր տիրում: Իրենք այդ բնակարաններն են առաջարկում ձեզ»:

Երկար քննարկումից հետո համայնքի ավագանին միաձայն դեմ քվեարկեց հարցին: Ավագանին ընդունեց միայն նախաձեռնության 5-րդ կետը, ըստ որի կկազմվի համապատասխան հանձնաժողով, որն առաջիկայում կզբաղվի ընտանիքների հիմնախնդիրների ուսումնասիրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031