Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անդաստիարակության ու տնտեսության դանդաղ աճի կապը. մեկնաբանում է աղմկահարույց ռազմավարության հեղինակը

Մարտ 30,2018 19:30

«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարություն» կրթության եւ գիտության նախարարության նախագիծը, որը արդարադատության նախարարության կայքում է, քննադատությունների տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է ռազմահայրենասիրական դաստիրակություն ներդնել հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում եւ քոլեջներում:

Ռազմավարության ներդրման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորել են ներքին եւ արտաքին մարտահրավերներով:

Ներքին մարտահրավերներից են «Հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարգապահությունն ու անդաստիարակությունը, դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը եւ համապատասխան վարքագծի դրսեւորումը), արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով, թմրամոլությունը, թունամոլությունը, սեռական այլասերվածությունը»:

Aravot.am-ը ռազմավարության հեղինակներից մեկի՝ Կրթության և գիտության նախարարութան մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության առաջատար մասնագետ Արթուր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է հիմք եղել, որպեսզի ներքին մարտահրավերներում նշած տնտեսության դանդաղ զարգացումը, արտագաղթն ու ասենք՝ անդաստիարակությունն ու այլասերվածությունը միմյանց հետ կապել, որպեսը մեկը մյուսից բխող երեւույթ, որը նաեւ փորձագետներից մեկն էր նկատել:

Պարոն Կարապետյանը մեր հարցը լսելուն պես ասաց՝ «Ինչ ասեմ, խնդրում եմ ամբողջությամբ կգրեք, որպեսզի նորից սխալ չհասկանան»:

Մենք այդպես էլ կանենք, ներկայացնում ենք Կարապետյանի դիտարկումներն ամբողջությամբ՝ «Երբ խոսքը գնում է արտագաղթի, տնտեսական դանդաղ աճի, թմրամոլության, թունամոլության ու այլ երևույթների մասին, մենք եթե իրականացնում ենք որոշակի գործողություն՝ որոշակի միջավայրում, բնականաբար, այդ գործողությունը կրում է այդ միջավայրի ազդեցությունը: Այսինքն՝ եթե ես որքան էլ լավ փորձեմ կրակ վառել, եթե թթվածին չլինի, այդ կրակը չի վառվի: Հիմա՝ մենք ինչպիսի՞ միջավայրում ենք ուզում ոչ միայն հայրենասեր, այլ, ընդհանրապես, մարդ դաստիրակել, որպես բարոյական կերպար, ինչպիսի՞ միջավայրում ենք անում: Այսինքն՝ եթե մենք փորձում ենք, տեսնում ենք, որ ունենք արտագաղթի հիմնախնդիր, եւ իսկապես կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի կանխի, բայց, քանի որ երևույթը կա՝ անդրադարձ է ունենում: Այսօր, եթե դպրոցից տեղյակ եք, կտեսնենք, որ երեխաների մեծ մասի հայրերը դրսում են: Երեխայի դաստիրակությունում ընտանիքն ամբողջական պիտի լինի, հոր դաստիարակչական գործընթացում պիտի գործուն դերակատարում ունենա: Մայրը զբաղված է այլ աշխատանքով: Այսինքն՝ մենք ունենք ընտանիքի մեջ թերացումներ, դաստիրակության հնոցը տեղի է ունենում ընտանիքում, հետո տեղափոխվում դպրոց:

Տնտեսության դանդաղ աճը, մարդը չի կարողանում իր կեցությունն այստեղ ապահովել՝ դուրս է գնում, սա մեղադրելու չէ: Մենք պարզապես այս ներքին եւ արտաքին մարտահրավերները արձանագրել ենք որպես փաստ, որպես առկայություն, որոնք կարող են ազդեցություն ունենալ դաստիրակության գործընթացին: Երեխաները հանրակրթական դպրոցներում մնում են մինչեւ ժամը 2-ը, դրանից հետո ո՞ւր են լինում, տանը, փողոցում, կամ արտադպրոցական հիմնարկներում, որոնք քիչ են: Մեծ մասը լինում է փողոցում, որտեղ որոշակի ազդեցությունն է ստանում, հետո այս ազդեցությունը բերում է դպրոց:

Այսինքն՝ տնտեսության դանդաղ զարգացումն է ազդում այս գործընթացի վրա, ոչ թե այդ երեւույթները տնտեսության վրա: Ընտանիք-դպրոց կապն ապահովելու համար ընտանիքը պետք է շատ առողջ լինի, որ կարողանա դաստիրակությունը ճիշտ իրականացնի, բայց եթե ընտանիքի ուշադրությունը սոցիալական խնդիրների վրա է, կունենանք որոշակի բարդություններ մարդու, անձի ձեւավորման գործընթացում: Այն քննադատությունները, որ ասում են՝ դպրոցն ի՞նչ կապ ունի սրանց հետ, ուղղակի այդ մարդիկ դպրոցից տեղյակ չեն: Պետք չի խոսել մի բանից, որից տեղյակ չենք: Պետք չի խոսել, որ ցույց տան՝ ես խոսեցի, ես հայհոյեցի»:

Ռազմավարության այլ դրույթների մասին Կարապետյանի մեկնաբանությունները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031