Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ապացույցներ կան Քրիստոսի հարության մասին

Մարտ 31,2018 13:00

Այս կիրակի մենք տոնում ենք քրիստոնեական հավատքի ամենամեծ տոնը՝ Քրիստոսի հրաշափառ հարությունը: Պատկերացնո՞ւմ եք, մեռելը հարություն առնի, նորից սաղանա ու ասի, որ ինքը հաղթել է մահին ու վերանորոգել մարդկային ապականված բնությունը: Շատերի համար սա անհավատալի բան է ու մարդիկ ապացույցներ են փնտրում Քրիստոսի հարության մասին:

Որպեսզի մենք կարողանանք ապացույցները տեսնել, պիտի նախ հասկանանք, թե ինչ բան է ապացույցը: Ապացույցը մտահանգման եղանակ է, որը որոշակի տվյալների հիման վրա որեւէ դեպքն ընդունում է որպես ճշմարտություն:

Հիմա տեսեք: Ենթադրենք մի մեծ խմբով կանգնած ենք անտառի մոտ: Մեզանից մեկը մտնում է անտառ, դուրս գալիս ու ասում՝ անտառում արջ տեսա: Հետո երկրորդն է մտնում, դուրս գալիս ու ասում՝ այո, այնտեղ արջ տեսա: Հետո երրորդը եւ չորրորդը ու այդպես եւս մի քանի հոգի: Դուք նրանց կհավատա՞ք, թե՞ ոչ: Կհավատաք, չէ՞, քանի որ մի քանի հոգի վկայում են, որ անտառում արջ են տեսել: Այսքան մարդկանց վկայությունն ապացո՞ւյց է, թե՞ ոչ: Մարդը այդպես է ընդունում ապացույցը, մարդկանց վկայությամբ:
Իսկ Քրիստոսի հարության մասին քանի՞ վկայություն կա: Քանի մարդ է պատմում Քրիստոսի հարության մասին: Այ, բացեք Նոր Կտակարանն ու կարդացեք, թե քանի մարդ է պատմում, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից:

Ի՞նչ եք կարծում, այդքան մարդ դավադրություն են արել ու միասին որոշել են մարդկանց խաբե՞լ:

Այ, կարդացեք Նոր Կտակարանը եւ կտեսնեք, թե ինչպես են հեղինակները գրում Քրիստոսի հարության մասին: Դուք կտեսնեք, որ ոչ մի դավադրություն չկա, որովհետեւ եթե վերլուծեք, թե ինչպես են նրանք գրում, ապա դուք կտեսնեք, թե թվացյալ հակասություններն ինչպես են օգնում ճշմարտության ապացուցմանը:

Անցյալում, համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում ապագա քննիչների համար հետեւյալ փորձն էին անում:

Պատկերացրեք լսարանը նստած է: Հանկարծ ներս են խուժում մի 5-10 հոգի, անսպասելի կռվի տեսարան սարքում ու դուրս փախչում: Դրանից հետո ներս է գալիս դասախոսն ու ասում, դուք ունեք 10 րոպե, որպեսզի գրեք այն բանի մասին, ինչին նոր ականատես եղաք: Ու սկսում է շարադրությունները բարձրաձայն կարդալ: Մեկը գրում է, որ 5 հոգի էին: Մյուսը գրում է, որ 10 հոգի էին: Երրորդը գրում է, որ այսպես հարվածեցին այսինչին: Չորրորդը գրում է մի այլ դետալի մասին: Եվ այս բոլորի գրվածքներում կան բազում հակասություններ: Բայց բոլորը միաբերան վկայում են նույն բանի մասին, որ լսարանում քիչ առաջ կռիվ է եղել:

Եվ դասախոսը ապագա քննիչներին սովորեցնում է, որ եթե դուք բոլորդ միաբերան նույն բանը գրեիք, ապա ուրեմն ճիշտը չեք ասում, այլ դավադրություն է եղել: Որովհետեւ մարդու երեւակայությունը սկսում է աշխատել, երբ նա շարադրում է իր տեսածը:
Ուրեմն տարբերությունները, որ մենք տեսնում ենք Նոր Կտակարանում, իրականում լրացումներ են, այլ ոչ թե հակասություններ, եւ բացի դրանից, եթե այդպես լիներ ու սա ոչ իրական բան լիներ, ապա 2-րդ դարում բոլոր, այսպես ասած, հակասությունները կշտկվեին: Իրականում, ոչ մեկը 2000 տարի չի համարձակվել մի բան փոխել: Դժվար չէր, չէ,՞ մի բան փոխելը 2-րդ դարում ու Սբ. Գիրքը միանման դարձնելը, բայց ոչ մեկը չարեց: Սա ինչ է, Քրիստոսի հարության մասին ապացույց չէ՞:

Տեսեք, թե որքան մարդիկ են վկայում Քրիստոսի հարության մասին: Չորս ավետարանիչներ, բոլոր առաքյալները, բազում մարդիկ՝ Գործք Առաքելոցում: Սա ինչ է, ապացույց չէ՞: Նույնիսկ կայսրերի մասին այդ դարերում այդքան գրքեր չեն գրվել: Կամ՝ նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու մասին իր ժամանակ այդքան վկայություններ չեն եղել, որքան որ Քրիստոսի հարության մասին:

Պողոս առաքյալը գրում է. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, ապա անիմաստ է մեր հավատքը» (Ա Կթ. 15:14):

Ոնց որ հիմա ասես, չեմ հավատում, որ Նապոլեոն Բոնապարտ է եղել: Մարդիկ կասեն՝ ինչպե՞ս չես հավատում, այդքան գրքեր են գրվել իր մասին: Իսկապե՞ս: Քրիստոսի հարության մասին իր ժամանակակիցներն ավելի շատ գրքեր են գրել, քան Նապոլեոնի ժամանակակիցները:

Այսուհանդերձ, սիրելի բարեկամ, մենք չենք կարող Քրիստոսի հավատքին գալ ապացույցներ փնտրելով: Հավատքը ապացույցներով չի լինում, այլ Աստծուն ամբողջ սրտով փնտրելով: Եթե դուք ուզում եք հավատքի գալ, բայց կասկածները չեն թողնում, ապա խոսեք Աստուծո հետ ու ասեք. «Տեր, եթե դու իսկապես կաս, ես փնտրում եմ քեզ իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ հոգով, իմ ամբողջ ուժով: Ես ուզում եմ ճանաչել քեզ: Խնդրում եմ օգնիր ինձ»: Ու հավատացեք, որ Աստված կհայտնվի ձեզ իր ձեւով ու կառաջնորդի այս կյանքում:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

30.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Այս նույն եղանակով ցանկացած կրոն կարող է իր սուրբ գիրքը դեմ տալ ու ասել, նայեք էս գրքում քանի մարդ կա, որ պնդում է, թե մեր կրոնը ճիշտ է: Ո՞նց կարող եք այսքան վկայություններին չհավատալ: Ասեմ ավելին, ես կարող եմ մի գիրք գրել, որտեղ 1000 տարբեր կերպար կպնդեն, որ երկիրը տափակ է: Կրոնի պնդումն իր սուրբ գրքով ապացուցելը նույնն է ինչ ասել, իմ կրոնը ճիշտ է, որովհետև իմ կրոնն ասում է, որ իմ կրոնը ճիշտ է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031