Լրահոս
Օրվա լրահոսը

Ջին Շարփն ու հայաստանյան «թավշյա» հեղափոխությունը

Ապրիլ 30,2018 11:17

Հայաստանյան թավշյա հեղափոխության մասին խոսելիս շատերն ասում են, թե «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իրականացրել է «գունավոր հեղափոխությունների գաղափարախոս» Ջին Շարփի (լուսանկարում) հայտնի տեսությունը ոչ բռնի մեթոդների մասին: Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե հայտարարում էր, որ որդեգրել է «բաց ձեռքերի» եւ զրո դիմադրության մարտավարություն, ինչն այդպես էլ եղավ: Եվ ինչպես փաստում են միջազգային լրատվամիջոցները, վերլուծաբանները՝ առանց որեւէ կրակոցի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը Հայաստանում իրողություն դարձավ:

Իսկ ի՞նչ էր առաջարկում Ջին Շարփը՝ «ոչ բռնի պայքարի Մաքիավելին», որն իր ողջ կյանքը նվիրել է ոչ բռնի պայքարի ռազմավարությանը: Փորձենք մի քանի զուգահեռներ տանել:

Շարփը նկարագրել է ոչ բռնի պայքարի 198 մեթոդ եւ դրանց փոխազդեցության որոշ տարբերակներ։ Ըստ նրա, որեւէ հստակ ուղեցույց չկա, սակայն իր նշած մեթոդները կիրառելի են ցանկացած երկրում՝ ցանկացած համադրություններով։

Օրինակ, հեղինակը նշել է իշխանությունների հետ համագործակցության չգնալու երեք կատեգորիաների ՝ սոցիալական (ներառում է 16 մեթոդ) քաղաքական (38 մեթոդ), տնտեսական կատեգորիաների մասին։ Վերջինս իր հերթին բաժանվում է բոյկոտների (26 մեթոդ) եւ գործադուլների (23 մեթոդ)։

Շարփի մեթոդների թվում են հրապարակային ելույթները, հաստատությունների եւ կազմակերպությունների միանալու կոչերը, հայտնի մարդկանց ուղղված հրապարակային հայտարարությունները, դատապարտումը, փողոցների արգելափակումը եւ այլն: Իսկ լայն զանգվածների հետ աշխատելիս կիրառելի են՝ լոզունգները, ծաղրանկարները, խորհրդանիշները, պամֆլետները, մագնիտոֆոնային ձայնագրությունները, օդում ինչ-որ բաներ խորհրդանշական բաց թողնելը, «փողոցային» օրենքների սահմանումը, հեղափոխական «աքսեսուարների» կիրառումը:

Եթե զուգահեռներ տանենք, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման ժամանակ էլ այս ամենը նկատելի էին՝ սկսած գունավոր ծխով հեղափոխությունն ազդարարելուց, վերջացրած ՀՀ նախկին նախագահի «թաղումներով», նրան բնորոշ խորհրդանիշների կիրառմամբ, ծաղրանկարներով: Հանրահավաքներին «թագադրված» ցուցարարներով, ինքնատիպ պաստառներով ու գործողություններով՝ «մանկասայլակներով երթ», «ժիլետներով ֆլեշմոբ» եւ այլն: Երեւանում նույնպես փողոցներ փակվեցին, դասադուլներ, գործադուլներ եղան, եղան «նստած» ցույցեր, ինչի մասին նշել է ոչ բռնի պայքարի տեսության հիմնադիրը:

Ի դեպ, Շարփն ասում է, որ եթե ժողովրդավարը բռնապետի հետ համաձայնում է բանակցությունների գնալ, ուրեմն ընդունում է հակառակորդի ուժը։ Ըստ նրա, «բանակցությունները» չեն նշանակում, որ երկու կողմերը նստում են սեղանի շուրջ և հավասարության սկզբունքով քննարկում ու լուծում միմյանց միջև ծագած հակասությունները»: Եթե այս համատեքստում դիտարկենք, ապա կտեսնենք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների չգնաց Սերժ Սարգսյանի հետ, նշելով, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է, այլ իրենց առաջարկած օրակարգի մասին: «Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,-հայտարարեց Փաշինյանը՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Բանակցություններ չեղան նաեւ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Շարփի մեթոդներում առկա է արվեստի, մասնավորապես՝ գրականության, երգի երաժշտության կիրառումը, ինչը տեսանք նաեւ հայկական հեղափոխության ժամանակ. ծնվեցին հայտնի երգերը «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով, երգեր ծնվեցին ռեփից մինչեւ երեւանյան ֆոլկլորի ժանրում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում  Թաթա Սիմոնյանի երգի վերաբերյալ գրառում կա. «Ջան, Թաթա ջան, լավն էր քո երգը մեր շարժման մասին»: Իսկ «մերժելու» թեմայով ռեփն արդեն հնչում է ավտոմեքենաների միջից, սպասարկման ոլորտի հաստատություններում:

Ժամանակակից գրողներն էլ ի աջակցություն համաժողովրդական շարժման՝ իրականացրին «Իմ ազատությունը» խորագրով ընթերցանություն, մշակույթի, շոու բիզնեսի մարդկանցից ոմանք՝ ինքնաբուխ, ոմանք էլ պատեհապաշտորեն հրաժարվեցին իշխանությունների շնորհած կոչումներից, հայտնվեցին հրապարակներում, ձաղկող ելույթներ հնչեցրին՝ իշխանությունների հասցեին:

Ի թիվս այլնի, Շարփը առաջարկում է հայտնի մարդկանց վրա ճնշումներ, ծաղր, զինվորների հետ եղբայրացում, երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ավտոերթեր, առանձին մարդկանց կողմից՝ հրաժարում ամուսնական, աշխատանքային պարտականություններից, հոգեւոր ծառայությունից, որեւէ միության անդամակցությունից եւ այլն:

Այդ ամենը եղավ նաեւ Երեւանում՝ հեռախոսային եւ նամակագրական ճնշումներ գրանցվեցին ԱԺ պատգամավորների, մասնավորապես Մարգարիտ Եսայանի ու Շուշան Պետրոսյանի վրա, զինվորներ, իրավապահներ, առողջապահության ոլորտների ներկայացուցիչները միացան շարժմանը, իսկ հակառակ կողմից հնչում էր «Ոստիկանը մերն է կարգախոսը», ցուցարարները գրկախառնվում էին ծանր զրահատեխնիկա տեղափոխող ծառայողների հետ: Թեեւ զվարճալի է,բայց չմոռանանք նաեւ այսպես կոչված «Իրայի մարդուն», որը նախ հայտարարեց, որ ուշ է վերադառնալու, ապա հանրահավաքին էլ ասաց, թե ընդհանարապես տուն չի գնալու:

Շարփը գրել է նաեւ կոմունալները չվճարելու, արտադրողներին, ձեռնարկատերերին բոյկոտելու մասին: Հայաստանում էլ նման կոչեր հնչեցին, բոյկոտեցին ժողովրդական շարժմանը դիմադրություն ցուցաբերած եւ իրենց ծառայությունները քրեական տարրերի միջոցով իշխանություններին առաջարկած օլիգարխներին՝ Սամվել Ալեքսանյան, Արտակ Սարգսյանին, ժողովուրդը ոչ միայն հրաժարվեց նրանց խանութներից գնումներ կատարել, այլեւ դատարկեց նրանց ցանցերից տրված կուտակային քարտերը եւ դրանք ոչնչացնելու հրապարակային ցույցեր արեց:

Շարփը գրել է միջազգային կազմակերպություններից ու կառույցներից հրաժարման կամ անդամակցման ձգձգման մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մերը ուղնուծուծով մաքուր հայկական թավշյա հեղափոխություն է ու շարժման մեջ չպետք է արեւմտյան, ռուսական կամ այլ ենթատեքստ փնտրել: Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին:

Շարփը գրել է. «Մշակույթները, լեզուները, կրոնները տարբեր են, բայց բոլոր իշխանավորները սովորական մարդիկ են: Նրանք իշխանությունը ստանում են: Նրանք իշխանություն ունեն, քանի դեռ մարդիկ հավատում են նրանց, քանի դեռ աշխատում են իրենց բյուրոկրատիայում, ոստիկանությունը հրամաններ է կատարում եւ այլն եւ այլն»: Նաեւ հավելել է, որ դա է իշխանության աղբյուրը եւ պետք է գտնել իշխանության «Աքիլեսյան գարշապարը»՝ «հիմք նախապատրաստելով համակարգի հիմնարար փոփոխության կամ ոչնչացման համար»։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, անշուշտ նրան հաջողվել է գտնել ՀՀ իշխանությունների «Աքիլլեսյան գարշապարը»: Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ միայն ինքն էր ունակ բազմահազարանոց զանգվածների մեջ արթնացնել քաղաքացուն, որը բացառապես խաղաղ մեթոդներով հեղափոխություն իրականացրեց:

Մեկ անգամ էլ Շարփին մեջ բերենք. «Բռնապետության կողմից «խաղաղ» բառն օգտագործելը չի ենթադրում ձգտել խաղաղության, ազատության և արդարության: Հիտլերը բազմիցս կոչ է արել խաղաղության՝ նկատի ունենալով իր կամքին հպատակվելը: Բռնապետի համար խաղաղությունը հաճախ նշանակում է՝ ոչինչ ավելին, քան բանտի կամ գերեզմանի խաղաղությունը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալեքսանդր Աղաբեկյան says:

    Հոյակապ, հստակ բացատրություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30