Այսօր առավոտյան Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում լարված իրավիճակ էր: Դպրոց թողնում էին մտնել միայն 7-9 դասարանների աշակերտներին, փոքրերին ուղարկում էին տուն:
Դպրոց էր այցելել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Ա. Մելքոնյանը: Նա ծնողներին եւ բողոքող ուսուցիչներին հորդորում էր դասապրոցեսը վերսկսել: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետի կողմից հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրություններ կանի: Տիկին Մելքոնյանն ասաց, որ նախկինում էլ բողոքներ եղել են դպրոցի հետ կապված, հանձնախումբ է ստեղծվել, ուսումնասիրել են, կազմում եղել է նաեւ Անահիտ Բախշյանը՝ որեւէ բան չի ապացուցվել ե՛ւ փաստաթղթերում, ե՛ւ առհասարակ. «Մենք անանուն բողոքի արդյունքում էինք հանձնախումբ ստեղծել ու եկել»:
Տիկին Մելքոնյանը հորդորեց օբյեկտիվ լինել՝ հիշեցնելով, որ թիվ 11 դպրոցը հենց այնպես չի դարձել այն դպրոցը, որը հիմա կա. «Տխրում եմ, բարեկարգ, գեղեցիկ դպրոց է, հենց այնպես չի ստեղծվել, անշուշտ, տիկին Ազիզյան տնօրենի աշխատանքի շնորհիվ է այսպիսին դարձել: Որ խիստ է եղել, դպրոցի դուռը փակ է եղել…գիտեք, երեխաների անվտանգությունից ելնելով էլ դուռը կարող են փակել, հիշում եք՝ դրսերում դեպքեր եղան, երբ մտան դպրոց, ահաբեկեցին»: Նա ասաց, որ կողմ չի, որ երեխաներին մասնակից դարձնեն այս գործընթացներին:
Դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը՝ Նաիրա Եղիազարյանը, որը ժամանակին դատական վեճ է ունեցել տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ, ասաց. «Ես որպես տատիկ եմ եկել այստեղ, որի թոռնիկը պիտի հաճախեր այս դպրոց: Բայց եթե շարունակեր տնօրինել Ազիզյանը, ես իմ երեխային չէի թողնի: Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ: Շատ կցանկանայի, որ մանկավարժներն էլ լինեին այստեղ, որպեսզի կապանքներից ազատվեին, ա՛յն կապանքներից, որ ստեղծել էր Ազիզյանը, այն սարդոստայնից, որ հյուսել է այստեղ Ազիզյանը»:
Նա ասաց, որ 2008-2010-ին Ազիզյանը ուսուցիչների դեմ ստորագրահավաք է կազմակերպել. «Նույնը նա արել է 2008-ին մեկ ուսուցչի նկատմամբ ու ստիպում էր մեզ ստորագրել դրա տակ: Ես ընդամենը հրաժարվել եմ ստորագրություն դնել՝ պարզաբանելով, որ դա իմ մարդկային սկզբունքներին դեմ է: Ում անունը ուզում եք դնեք այդ փաստաթղթի տակ, ես չեմ կարող ստորագրել: Ընդամենը դա եմ ասել եւ ես հալածանքների եմ ենթարկվել շուրջ 3 ամիս՝ դասալսումներով, ամեն ինչով: Ի վերջո նա, չկարողանալով ինձ ազատել որեւէ հիմքով, փաստաթղթի կեղծում է արել, իմ պայմանագիրը եղել է անժամկետ, իսկ իր մոտի պայմանագրի վրա նա ժամկետ է դրել ու ինձ ազատել աշխատանքից: Կրթության նախարարության անդամները ո՞ւր էին: Ուսումնասիրել են, հայտնաբերվել է, որ խախտումներ են տեղի ունեցել, ինձ վերականգնել են աշխատանքում, բայց ոչ մեկը իրավասու չի եղել նրան ասել որեւէ բան: Տեսեք ես որտեղ եմ, Ազիզյանը այս տարիներին որտեղ է եղել: Միայնակ պայքարել եմ, հասել եմ արդարության, վերականգնվել եմ աշխատանքում, ստացել եմ իմ երկու տարվա աշխատավարձը»:
Քաղաքապետարանի աշխատակիցը հետաքրքրվեց՝ ի՞նչ մասնագետ եք, ուսուցչուհին պատասխանեց՝ «Կենսաքիմիկ եմ, բայց ինքը ինձ իմ մասնագիտությամբ դասաժամ չէր տալիս, որ կարողանար խեղճացներ: Ինձ աշխարհագրության ժամերն էր տալիս, ես ասում էի՝ ինձ իմ մասնագիտական ժամը տվեք, ասում էր՝ չունեմ»:
Քաղաքապետարանի աշխատակիցն ասաց. «Ես լսում եմ՝ մեկն ասել է՝ վախեցել ենք, չենք ասել, մեկն ասում է՝ չենք հավատացել, որ արդյունք կլինի: Հիմա ես խնդրում եմ՝ այս անգամ հավատացեք»:
Այսօր դպրոց էին եկել այն ուսուցիչները, որոնց ժամանակին ինչ-ինչ պատճառներով հեռացրել է Ռ. Ազիզյանը, կամ իրենք են հեռացել: Ուսուցիչների դժգոհությունները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
























































