Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկ է ժամանել Վո Ան Վլեն քույր քաղաքի պատվիրակությունը

Մայիս 22,2018 18:55

Մայիսի 22-ին Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության Վո Ան Վլեն և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքների քաղաքապետերի հանդիպումը: Աղ ու հացով և ծաղկեփնջով Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը և Խաչատուր Վարագյանը դիմավորեցին Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուաին, կրթության և մշակույթի հարցերով պատասխանատու Մարի Իզաբելին, քաղաքապետարանի ավագանու անդամ ծագումով հայ Արման Մենզիկյանին:

Պատվիրակության կազմում էր Ֆրանսիայի շրջանային մշակութային ակումբի փոխնախագահ Աննա Ջամբազյանը: Արթիկի քաղաքապետարանում տեղի ունեցավ քույր քաղաքների քաղաքապետերի հանդիպումը քաղաքի կրթության, մշակույթի և այլ կառույցների պատասխանատուների հետ:

Քաղաքապետ Վարագյանը տիկին Ժոֆռուաին ներկայացրեց քույր քաղաքների համագործակցության անցած տարիների համառոտ պատմությունը, որում մասնավորապես ասվում էր. Ֆրանսիայի Հանրապետության Վո Ան Վլեն և Հայաստանի Հանրապետության Արթիկ քաղաքների միջև 1994թ. դեկտեմբերի 14-ին կնքվել, ապա 1999թ. ապրիլի 25-ին և 2010 թ. հոկտեմբերի 5-ին վերահաստատվել է քույր քաղաքների միջև բարեկամության ու համագործակցության համաձայնագրեր, ինչը ենթադրում է գործընկերային կապեր, տնտեսության զարգացում, զբոսաշրջության, կրթության, մշակույթի և ենթակառուցվածքներին ուղղված աջակցություն:

Այդ ընթացքում Վո Ան Վլեն քաղաքի կողմից Արթիկ համայնքին տրամադրվել է միկրոավտոբուս, որոշակիորեն թարմացվել է քաղաքի դպրոցների աշակերտական գույքը: Համայնքի բոլոր վեց հիմնական դպրոցներում 2008 թվականից, որպես 3-րդ օտար լեզու դասավանդվում է ֆրանսերեն լեզու: Քաղաքում գործում է ֆրանկոֆոն ակումբ, որին վերջերս տրամադրվել է համակարգիչ: Բոլոր դպրոցներին տրամադրվել է նաև ֆրանսերեն լեզվի բառարաններ: Ի դեպ նշենք, որ այդ գործընթացի նախաձեռնողը հենց ներկայիս մարզպետի տեղակալ Խաչատուր Վարագյանն է եղել, ով այդ տարիներին եղել է Արթիկի քաղաքապետ:

Արթիկի համայնքապետարանի կողմից Վո Ան Վլեն քաղաքում տեղադրվել է 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան: Քույր քաղաքների քաղաքապետերը հավաստիացրեցին ներկաներին, որ շարունակվելու է համագործակցությունը, կապերն ավելի են սերտանալու և առաջիկայում ցանկալի կլիներ երիտասարդների փոխայցելություններ կազմակերպել տուրիզմի զարգացման նպատակով: Պատվիրակության անդամները Արթիկի թիվ 2 նախակրթարանում մասնակցեցին փոքրիկ ցերեկույթի, որտեղ երգերի և արտասանությունների մի մասը ներկայացվեց հայերեն, մի մասը ֆրանսերեն լեզուներով, ինչը հաճելիորեն զարմացրեց տիկին Ժոֆռուաին:

Հյուրերն այցելեցին Արթիկի մանկապատանեկան կենտրոն, որից հետո մշակույթի տանը կրկին մասնակից եղան փոքրիկ համերգի: Երկօրյա այցի շրջանակներում նախատեսվում է այցելություններ Հառիճավանք և այլ տեսարժան վայրեր:

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031