Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերը համարում էին, որ անժամանակ ծնունդ է մեր անկախությունը». Արսեն Համբարձումյան

Մայիս 28,2018 20:55

«Մի պահ մտքներումս և բարձրաձայն փառք ասենք այն նվիրյալներին, որոնք կերտեցին այս անկախությունը»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Ազատի Մանուկյանը:

Նշենք՝ Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում ՀՅ Դաշնակցությունը կազմակերպեց քայլերթը՝ Մատենադարան−Մաշտոցի պողոտա−Ազատության հրապարակ−Հյուսիսային պողոտա−Հանրապետության հրապարակ երթուղով:

Գեղամ Մանուկյանը շնորհավորեց Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և հայտարարեց. «Փառք, այն հանրապետությանը, որ կերտվեց հարյուր տարի առաջ 600 տարվա պետականության բացակայությունից հետո: Հպարտանանք մեր անկախությունով, մեր բանակով և մեր քաջարի զինվորներով և հարյուր հազարավոր հայրենակիցներով: Այստեղից ողջույններ հղենք այն անձանց, ում նախնիները եղել են անկախության ակունքներում, շատերը թոռից թոռ փոխանցել են այդ գաղափարները»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հիշեցնելով 1918-ի մթնոլորտը հայտարարեց. «Շատերը համարում էին, որ անժամանակ ծնունդ է մեր անկախությունը: Հանրապետություն և պետականություն բառն անգամ չակերտների մեջ էին վերցնում: Ի բարեբախտություն մեզ այդ հոռետեսական կանխատեսումներն իրականություն չդարձան: ՀՅԴ քաղաքական ղեկավարության և նվիրյալ հայորդիների ջանքերով անհնարինը հնարավոր դարձավ»:

Նա հավաստիացրեց՝ յուրաքանչյուր ժողովրդի համար անկախությունը, պետականությունը, ինքնակազմակերպման բարձրագույն աստիճանն է, նաև զարգացման միակ պայմանն ու հնարավորությունը. «Մենք աշխարհասփյուռ ժողովուրդ ենք, և Հայաստանը կոչված է լինելու համայն հայության հայրենիքը: ՀՀ հզորացումն ու զարգացումը պիտի լինի համայն հայության պատվի խնդիրը»:

Արսեն Համբարձումյանը վստահեցրեց՝ կարող ենք ու պետք է զարգանանք առանց զիջման. «Բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե լինենք միակամ ու միահամուռ»:

Պարոն Համբարձումյանը խոսեց նաև գոյություն ունեցող խնդիրների մասին ու եզրափակեց. «Ունենք հողահավաքի, հայահավաքի խնդիր, և այն ի զորու ենք լուծել: Մենք պարտավոր ենք կերտել հայության փառքի նոր էջը: Փառք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր նվիրյալներին, մեր հայ ժողովրդին, մեր անկախ պետականությանն ու ազատ, անկախ, միացյալ Հայաստանին, որ վաղն է լինելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031